×


Իվետա Մուկուչյանը եւ Սիմոնը

«Կյանքիցս վերցված է»․ Իվետա Մուկուչյանի «Who Am I» ալբոմի շնորհանդեսը

«Ո՞վ եմ ես»՝ Իվետա Մուկուչյանն ինքն իրեն ճանաչելու եւ բացահայտելու հարցը երգի եւ երաժշտության միջոցով է բարձրաձայնել: Երեկ տեղի ունեցավ երգչուհու «Who Аm I» ձայնասկավառակի շնորհանդեսը եւ «Easy Love» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի պրեմիերան։

Մինչ կմեկնարկեր երեկոյի համերգային հատվածը, նա BRAVO.am-ի հետ զրույցում անկեղծացավ՝ հուզվում է, քանի որ ալբոմը շատ անկեղծ ու «իվետական» է։


«Չէի պլանավորել ալբոմն անվանել «Who Аm I», բայց համանուն երգը գրելու ընթացքում այդպես որոշվեց։ Ամեն ինչ այնքան բնական է ստացվել, ամեն խոսքը կյանքիցս վերցված է: Այս փուլում հարցեր կային՝ որտեղ եմ գտնվում, ո՞ր ուղղությամբ եմ նայում, ի՞նչ քայլեր եմ արել մինչ այս կետը եւ ո՞ւր եմ գնում։ Նման հարցերից էլ ծնվեց նոր ձայնասկավառակը»,- պատմեց Մուկուչյանը:

Իվետա Մուկուչյանը եւ Արսեն Գրիգորյանը


Երգչուհին խոստովանեց՝ իր ամենաանկեղծ ձայնասկավառակն է սա. «Խոսքերի ու երաժշտության հեղինակը հիմնականում ես եմ: Ւնձ օգնել է Սեդրիսը, ինչպես նաեւ հայերեն մի երգում տողեր կան Ավետ Բարսեղյանից եւ Գրիգոր Կոկչյանից։ Աշխատել եմ Կառլինիոս Ռոշայի հետ, որը ձայնասկավառակի պրոդյուսերն է։ Այս ալբոմի դեպքում ամեն ինչ իմ ներսից է եկել, բայց ընկերներս օգնել են մի քիչ համեմել եւ քաղցրացնել երգերը լսողի համար»։


Իվետա Մուկուչյանը սիրում է կերպարային եւ ժանրային փորձարկումներ, բայց, ինչպես նշեց, նորությունն այս անգամ այլ հարթակում է. «Այն է, որ ես չեմ մտածում, թե ինչ կմտածեն մարդիկ իմ մասին։ Անկեղծ ասած՝ այս երաժշտությունը չի ստեղծվել նրա համար, որ բոլորը հավանեն։ Այն, ինչ լսելու են, գուցե սպասված չէ: Այն ուղղակի իմ ներսից բխած է, իսկ թե ոնց կընդունեն, չեմ կարող ասել։ Լավն այն է, որ ես ամբողջովին անկեղծ եմ եղել իմ ստեղծածում։ Այս անգամ հաջողության համար նախապես մտածված որեւէ բան չկա, այլ կան իմ ապրումները: Ես սիրում եմ այս ամենը, ինչ արել ենք»։


Երգչուհու խոսքով՝ այս պահին իր բոլոր «գույները»՝ լավ ու վատ, զգայուն եւ ամուր, զգում է ու տեսնում. «Հասել եմ մի կետի, որ ընդունում եմ իմ բոլոր գույները։ Մեջս ապրումները կուտակվել էին եւ արտահայտվեցին այս երգերում»։


10 երգից բաղկացած նոր ձայնասկավառակի աշխատանքները հիմնականում ընթացել են ԱՄՆ-ում։ Շնորհանդեսի համերգային ծրագրի համար Հայաստան էին ժամանել պրոդյուսեր եւ երաժիշտ Կառլինիոս Ռոշան, Լոուրենս «Էլ Բի» Բրոն, Նիկ Քեմփբելը եւ Սթիվեն Սթայլսը։

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի
BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW