×


«Միշտ էլ մի կյանքը քիչ է». Սեղանի շուրջ՝ «Ետ նայիր զայրացած»-ի դերասանների հետ

Ինգա Շահբազյանի «Ետ նայիր զայրացած» ներկայացման պրեմիերան էր օրեր առաջ՝ Theater location-ում, որի մասին պատմել ենք: Ջոն Օսբորնի պիեսի հերոսներին մարմնավորում են երիտասարդ դերասաններ Մարիա Հունանյանը, Վահե Վայանը, Արման Մաթեւոսյանը եւ Էլեն Գեւորգյանը: Մինչ պրեմիերան Bravo.am-ն իր «Սեղանի շուրջ» շարքի համար զրուցել է նրանց հետ ու հետաքրքիր կարծիքներ լսել նոր աշխատանքի մասին:

- Ներկայացման վայրը շատ է տարբերվում ավանդական թատրոնից. նման պայմաններում խաղալը ձեզ համար որքանո՞վ է առանձնահատուկ: 

Մարիա. Ինձ համար հանդիսատեսին այսքան մոտ խաղալու առաջին փորձառությունն է: Ավելի պատասխանատու է, որովհետեւ ամեն միմիկա, էմոցիա ու շարժում հանդիսատեսը հաստատ կնկատի: Պիտի ավելի բնական ու օրգանական լինես, եւ հենց դրանից էլ շատ ենք լարվում (ծիծաղում է,- հեղ.): 

Էլեն. Մարիայի հետ համաձայն եմ: Ինձ համար էլ է առաջին փորձը, երբ հանդիսատեսն այսքան մոտ է լինելու: Ամենաշատը հենց դրանից է լարվածություն առաջանում: 

Արման Մաթեւոսյանը


Արման. Ես հանդիսատեսի շունչն այդքան մոտիկից զգալու փորձառություն ունեցել եմ: Բայց նոր գործ ենք արել ու պիտի հանձնենք մարդկանց դատին, եւ բնական է, որ ամեն անգամվա պես պրեմիերայից առաջ լարված ենք: 

Վահե. Անհանգստություն ընդհանրապես չունեմ ու երբեք էլ չեմ ունեցել, բացառությամբ, երեւի, ուսանողական տարիներին։ Այդ ժամանակ նոր էինք ասպարեզ մտնում: Իսկ այս հանգստությունը նրանից է, որ կերպարս շատ ինքնավստահ է. իրավունք էլ չունեմ այլ կերպ լինելու, որպեսզի հանդիսատեսի տպավորությունը չփոխվի:  

Էլեն. Ինձ թվում է, որ հենց Հելենայի շորերը հագնեմ, կսկսեմ քեզ պես մտածել (ծիծաղում է,- հեղ.)։

- Ձեր կերպարներից խոսենք, ինչպիսի՞ հերոսներ եք ստացել ու ի՞նչ ասելիք եք նրանց միջոցով ցանկացել փոխանցել։ 

Վահե. Չպետք է մտածես ասելիքիդ մասին, այլ պարզապես քո կերպարում լինես: Ավելի կարեւոր է, թե ինչի մասին է գործն ու ինչ ասելիք է փոխանցում։ Այնպես չէ, որ Ջիմին շատ եմ հավանում: Նույնիսկ կարելի է ասել՝ որոշակի պահի սկսում եմ նրան չհասկանալ, բայց ամեն դեպքում փորձում եմ արդարացնել: Անկախ նրանից, թե ում ես կերտում, որքան էլ դա անհնարին լինի, ինչ-որ պահի պիտի փորձես հասկանալ նրան: Ինչպես եւ ֆիլմերը, լավագույնն այն ներկայացումներն են, որոնցում բարիի ու չարի սահմանները չեն առանձնացվում, այլ խոսվում է մարդկանց մասին, որոնք հայտնվել են տարբեր իրավիճակներում, ու ամեն ինչ չէ, որ նրանցից է կախված:   


Մարիամ. Ինձ համար Էլիսոնի կերպարը շատ բարդ էր: Նրան իր խնդիրներով կերտելը հեշտ չէր: Կորցրել է իր երեխային, ու այդ ցավը ներկայացնելիս պիտի ստույգ լինեի, ավելի կամ պակաս որեւէ բան չանեի, որովհետեւ ինքս մայր չեմ եղել։ Այդ կորստի ցավը շատ դժվար էր ճիշտ ձեւով ներկայացնել, կարծում եմ՝ ստացվել է: Էլիսոնի խնդիրներն ու ներաշխարհը շատ հետաքրքիր էին ինձ համար: Դրանք խորքային ու շերտավոր են։ Ինչպես Վահեն արդեն նշեց, բոլոր կերպարներն էլ իսկական են, նրանց գործողությունները ոչ թե բարիի ու չարի, լավի ու վատի սահմաններում են դասակարգվում, այլ շատ մարդկային են: Յուրաքանչյուրս էլ նրանց իրավիճակում հայտնվելու դեպքում հնարավոր է՝ հենց այդպես էլ վարվեինք: Դրա համար բոլորն էլ շատ հետաքրքիր կերպարներ են ու իրար ոչնչով չեն զիջում: Այնպես է, որ Հելենային էլ կցանկանայի մարմնավորել: 

Վահե. Հակառակը, իրար լրացնում են ու ամբողջացնում։ 

Էլեն. Հարցից մի փոքր շեղվելով՝ կասեմ, որ ուզում եմ այս ներկայացումը դիտեն հատկապես հերոսների տարիքային խմբում գտնվողները: Թեման շատ արդիական է ու բոլորին կհետաքրքրի: Այս ներկայացումն ինձ շատ է օգնել, որպեսզի հասկանամ՝ ինքս ինձ գտնելու ճանապարհին միայնակ չեմ, ու բոլորն էլ անցնում են դրա միջով։ Համոզված եմ՝ այն շատերին կօգնի: Իսկ Հելենայի կերպարն ինձ շատ բարդ տրվեց, բայց մեր ռեժիսոր Ինգայի ու խաղընկերներիս շնորհիվ գտա նրան: Սկզբում Հելենային չէի հասկանում ու չէի սիրում, բայց, ինչպես Մարիան նշեց, վերաբերվեցի որպես մարդու, որը, ինչպես եւ մեզնից յուրաքանչյուրն, իր կյանքն առաջին անգամն է ապրում: Այդպես կարողացա ընդունել նաեւ նա սխալներն ու արդյունքում սիրեցի: Հելենայից շատ բան եմ սովորել. օրինակ, երբ մարդուն թվում է, թե երջանիկ է ու իր տեղում, բայց այդ թվացյալ երջանկությունը ցավ է պատճառում ուրիշին, դա էլ երջանկություն չէ: Պետք է այնքան համարձակություն ունենաս ու անկեղծ լինես ինքդ քեզ հետ, որ կարողանաս թողնել ու գնալ։   

Արման. Կխաբեմ, որ Քլիֆին ստանալն ինձ համար դժվար է եղել, որովհետեւ որոշակի նմանություններ ու ընդհանուր գծեր ունենք: Ինձ համար նա այս պատմության մեջ  էներգետիկայի առումով ամենաթեթեւ ու դրական կերպարն է: Փխրուն է ու մարդասեր, եւ փորձը ցույց է տալիս, որ Արմանն էլ այդ որակներն ունի իր մեջ։ 

Վահե Վայանը


Վահե. Մենք էլ ենք հաստատում (ծիծաղում ենք, մյուսներն էլ են համաձայնում,- հեղ.): 

Արման. Շատ եմ կարեւորում այս կերպարի ներկայությունը պիեսում. ասես բոլորին հետեւող ու կապող շղթա լինի։ 

Վահե. Հենց նոր մտածեցի, որ Քլիֆն ասես Ջիմի հայելու հակառակ կողմը լինի, որին մերժել է, բայց անընդհատ հանդիպում է: Ջիմի կյանքը դժվար է ստացվել, շատ բաների է հակառակվել ու մերժել, Քլիֆը նաեւ դրանց մասին հիշեցումն է: Նրա շնորհիվ անընդհատ առերեսվսում է իր լավ կողմերի հետ ու փորձում հետեւել դրանց, բայց վաղուց պատեր է շարել իր շուրջն ու ինքն իրեն փակել։

Էլեն Գեւորգյանը եւ Վահե Վայանը


Էլեն. Խոսեցիք Ջիմի ու Քլիֆի կերպարների այդ հայելային նմանության մասին, ես էլ  Էլիսոնի ու Հելենայի ընդհանրության մասին եմ մտածել ու եզրակացրել, որ նրանք նույն մարդիկ են՝ կյանքի տարբեր ժամանակահատվածներում։

- Ներկայացումը մի սերնդի մասին է, որը անելանելի վիճակում է հայտնվել ու չգիտի՝ իր կյանքի հետ ինչ անել: Այն ասես նաեւ մեր իրականության մասին լինի. մենք էլ չգիտենք, թե ապագայում ինչ է սպասվում: Ինքներդ ինչպե՞ս եք տեսնում լուծումներն ու ի՞նչ եք մտադիր անել: 

Էլեն. Մեր բախտը շատ է բերել, որ մարմնավորում ենք մեր տարիքային խմբում գտնվող կերպարների։ Իհարկե, երազանքներ ունեմ, բայց այնպես չէ, որ իմ կյանքում ամեն ինչ հստակ է. ինչ-որ չափով ես էլ եմ մոլորված։

Վահե. Մի լավ խոսք կա`ավելի լավ է հասնենս քո բոլոր նպատակներին՝ հասկանալու համար, որ դրանք այն չեն, ինչ իրականում քեզ պետք էր։ Ես՝ որպես հայ դերասան, կստանամ առաջին «Oսկարը», տեսնենք՝ երբ կստացվի։

- Հայկական ֆիլմո՞վ, թե՞ արտասահմանյան:

-Դա չգիտեմ: Դեռ չեմ որոշել (ծիծաղում ենք,-հեղ.)։
 
Մարիա. Ոչ միայն ես, նաեւ իմ ընկերներն ու, մանավանդ, արվեստի մարդիկ հենց այս տարիքում չենք հասկանում, թե ուր ենք գնում, ինչի համար ենք ծնվել, ինչ ենք անում, արդյոք մեր նպատակները կիրականա՞ն, ամեն ինչ մեր ուզածի պես կստացվի՞: Բայց ինձ թվում է, որ անընդհատ այդ մտքերով տարվելու դեպքում շատ սթրեսային վիճակում կհայտնվես: Դրա համար կյանքի այս փուլում ամեն ինչ բաց եմ թողել ու հոսանքով առաջ եմ գնում: Տեսնեմ, թե այն ինձ ուր կտանի: Բնականաբար, կուզեմ՝ նպատակներս իրականան, բայց հասկացել եմ՝ ինչքան իրավիճակին թեթեւ ես մոտենում, այնքան ավելի ճիշտ տեղում ես հայտնվում: 


Արման. Սա մի հարց է, որ գրեթե ամեն օր մեր սերնդով ու ընկերներով միմյանց տալիս ենք: Ցավոք սրտի, մենք այն երկիրն ենք, որը տարիներ շարունակ չի դադարում հետպատերազմյան սերունդ ունենալ ու անելանելի վիճակում լինել: Բայց ես ինձ համար այսպիսի գաղտնիք ունեմ՝ ապրել, աշխատել, արարել այն հույսով, որ ամենալավը դեռ առջեւում է ու ամեն ինչ շատ լավ է լինելու։

- Իսկ արվեստն ու թատրոնը որքանո՞վ են օգնում այդ անելանելիությունը հաղթահարել։ 

Արման. Ամենաուժեղ զենքերից մեկն է: Ասում եմ, որ այս մասին բոլորը լսեն՝ նախարարությունը, երկրի ղեկավարները, այդ պայքարում հաղթելու ամենակարեւոր գործիքներից մեկը մշակույթն է։ Ինձ թվում է՝ հիմա մշակույթը, առավել քան երբեք, պետք է ավելի ակտիվ լինի: 

Վահե. Ժամանակին Ֆրանսիայում թատրոնն օգտագործվում էր որպես բժշկական հետաքրքիր միջոց, Սկորսեզեն էլ այդպիսի ֆիլմ ունի՝ «Անիծվածների կղզի»-ն: Որպեսզի մարդու հոգեբանական խնդիրները լուծում գտնեն, նրանց համապատասխան հանգամանքների մեջ են գցում ու օգնում մաքրագործման հասնել: Դա ավելին է, քան այն, ինչ մենք անում ենք, ու իսկապես բարձրագույն արժեք է: Դրա համար էլ դերասանները տարվում են թատրոնով ու էլ չեն կարողանում դրանից դուրս գալ, որովհետեւ նրանց հնարավորություն է տալիս ապրել տարբեր կերպարներում: Միշտ էլ մի կյանքը քիչ է, իսկ իրենք ամեն կերպարի միջով անցելիս մաքրվում են ու իրենց հետ կապված ընդհանրություններ գտնում:

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի

Կարդալ ավելին

Quality Sign BW