×


«Առանց ատամներս լվանալու չեմ կարողանում բեմ մտնել». բացահայտում ենք Անահիտ Պետրոսյանին

Նորից ամառ է, իսկ դա նշանակում է, որ մեր սիրելի «Բացահայտում» շարքը վերադառնում է: Bravo.am-ի առաջին զրուցակիցը լրագրող ու սկսնակ դերասանուհի Անահիտ Պետրոսյանն է:

- 3 բացահայտում Ձեր մասին, որ քչերը գիտեն:  

Հաճախում եմ pole dance-ի։ Այն իմ էությունն անտանելի շատ նկարագրող պար է։ Պարի մեջ որեւէ առանձնահատուկ իմաստ չեմ դնում, բայց դրա մեջ ինչ-որ թաքուն, գեղեցիկ, վտանգավոր ու շատերի համար անհասանելի բան կա։ Իսկ ես սիրում եմ լինել այնպիսի տարածքներում, որոնք շատերի համար անթույլատրելի, անհասանելի կամ չափազանց ազատ են թվում։ Իհարկե, դա իրենց ընկալումն է, ինձ համար pole dance-ը պարզապես գեղեցիկ արվեստ է։

Շատ եմ սիրում դասական երաժշտություն։ Փորձում եմ սիմֆոնիկ նվագախմբի ոչ մի համերգ բաց չթողնել։ Միեւնույն ժամանակ, գրեթե երբեք տանը երաժշտություն չեմ լսում եւ երբեք ականջակալներ չեմ ունեցել։ Երեւի որովհետեւ մանկուց շատ վատ երաժշտության միջավայրում եմ եղել ու դրա հետ կապված ինչ-որ ներքին տրավմա ունեմ։ Սիմֆոնիկ երաժշտությունն ինձ փրկում է։

Շատ եմ սիրում գրել։ Գրում եմ զգացմունքների, իմ սիրելի ներկայացումների, լսածս երաժշտության ու դրանք կատարող մարդկանց մասին։ Նաեւ տղամարդկանց մասին։ Յուրաքանչյուր տղամարդ, որ հայտնվում է իմ կյանքում, հայտնվում է նաեւ իմ նոթատետրում։ Ինձ հետաքրքրում են նրանց զգացմունքները։ Կանայք այս կամ այն կերպ սովորաբար արտահայտում են դրանք, իսկ տղամարդիկ հաճախ պահում են իրենց ներսում։ Նույնիսկ հայրիկիս զգացմունքների մասին մտածելիս երբեմն արտասվում եմ։ Ինձ դժվար է համակերպվել այն մտքի հետ, որ տղամարդիկ այդքան շատ բան են պահում իրենց մեջ։ Կուզեի, որ ավելի հաճախ խոսեին իրենց խնդիրների ու ցանկությունների մասին։


- Արվեստի 3 գործ, որոնք ամենաշատն են ազդել Ձեզ վրա:

-Անտոն Բրուքների «Սիմֆոնիա թիվ 7»-ն ինձ ստիպել է զգալ մարդու եւ անսահմանի հարաբերությունը։ «Գրքի գողը» ցույց է տվել բառերի ուժը։ «Մարտական ակումբ»-ը ստիպել է մտածել ինքնության, ազատության եւ հասարակության կողմից պարտադրված արժեքների մասին։

- Զվարճալի կամ տարօրինակ բան, որ Ձեր մասին իմացել եք վերջերս:

- Առանց ատամներս լվանալու չեմ կարողանում բեմ մտնել։ Դա անելուց հետո ինձ նոր մարդ եմ զգում։ Նաեւ ունեմ օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում (OCD)։ Երբ տանը որեւէ բան իր տեղում չէ, չեմ կարողանում կենտրոնանալ։ Եթե փողոցում աղբ եմ տեսնում ու չեմ վերցնում, հետո կարող եմ երկար ժամանակ մտածել դրա մասին։

- Դերասանի մասնագիտությունն ընտրելու կարեւոր շարժառիթները:

- Շատ պատճառներ կային։ Նախ միշտ երազել եմ դերասանուհի դառնալ ու չգիտեմ, թե ինչու, ուղղակի գիտեի, որ դա է իմ տեղն ու վերջ։ Բայց թե ընտանիքի անդամները, թե շրջապատից շատերը այնպես արձագանքեցին, որ ի վերջո ընտրեցի լրագրության ճանապարհը։ Անկեղծ ասած, նույնիսկ չեմ հիշում՝ ինչ էին ասում։ Բայց մինչեւ երկրորդ կուրսն իրականում չէի հասկանում՝ ինչ է թատրոնը եւ ինչու եմ ուզում այնտեղ լինել։ Ամեն ինչ փոխվեց այն օրը, երբ լրագրության վարպետության իմ սիրելի դասախոսը մեզ տարավ Համազգային թատրոն՝ ներկայացում դիտելու եւ դրա մասին նյութ գրելու։

Մենք դիտում էինք «Խատուտիկի գինին» ու հենց այդ ներկայացման ընթացքում, դահլիճում նստած առաջին անգամ հասկացա, որ իմ տեղը վարագույրների մյուս կողմում է։ Դրանից հետո անընդհատ ներկայացումների էի գնում եւ միշտ ուզում էի իմանալ, թե ինչ է կատարվում կուլիսներում։


- Լրագրությանը զուգահեռ նաեւ խաղալու առանձնահատկությունը:

- Գրում եմ այն մարդկանց մասին, որոնց հետ երազել եմ նույն բեմում խաղալ։

- Ի՞նչ է փոխանցում այս մասնագիտությունը, որ ուրիշ ոչ մի տեղից հնարավոր չէ ստանալ:

- Էմոցիաներ։ Մարդկանց ավելի խորն ու ճիշտ հասկանալու հնարավորություն։ Այն գիտակցությունը, որ երբեմն կարող ես արդարացնել նույնիսկ ամենասարսափելի մարդուն՝ հասկանալով, թե ինչ ճանապարհ է անցել նա։

- Բեմ դուրս գալու հետ կապված ապրումները:

- Լարվածություն։ Հիմա արդեն ավելի քիչ, բայց այն միշտ կա։ Անկեղծ ասած, բեմում ես ապրում եմ ներկայացման ներսում։ Հանդիսատեսն ինձ համար շատ կարեւոր է, բայց նրանց արձագանքներն իրականում նկատում եմ միայն ներկայացման ավարտին։
Բեմն ինձ համար նաեւ ներսում կուտակվածը դուրս բերելու միջոց է։ Եթե իրական կյանքում երբեւէ վախենամ ինչ-որ բան ասել կամ անել, բեմում կանեմ։ Եվ դա ամենահաճելի զգացողություններից մեկն է։

- 3 պատճառ, թե ինչու է թատրոնն այդքան հարազատ Ձեզ:

-Իմ եւ թատրոնի միջեւ ինչ-որ անբացատրելի կապ կա։ Չեմ կարողանում բացատրել՝ ինչու, պարզապես սիրում եմ թատրոնը եւ զգում եմ այդ սիրո փոխադարձությունը։ Երբեմն համբուրում եմ թատրոնի դահլիճի պատերը։ Պետք է անսահման սիրես այն, ինչը քեզ գրկաբաց ընդունում է։ Սիրում եմ այն մարդկանց, որոնց հետ աշխատում եմ։ 

Եվ, երեւի, ամենաշատը սիրում եմ փորձերը։ Շատ հաճախ, երբ փորձերն ավարտվում են, դատարկություն եմ զգում, որովհետեւ այդ ընթացքում ձեւավորվում են մարդկային հարաբերություններ, որոնք ոչնչով հնարավոր չէ փոխարինել։


- Ձեր 3 ամենասիրելի դերերը:

-«Հարդասենյակ կանանց համար» ներկայացման Շիրլին։ Նա թմրամոլ է, բայց, միեւնույն ժամանակ, շատ խորը, բարդ ու զգացմունքային մարդ։ Այդ կերպարի վրա շատ եմ աշխատել, որովհետեւ կյանքում ճանաչել եմ նման մարդկանց։ Անկեղծ ասած, իմ հանդիպած ամենաանկեղծ մարդկանցից շատերը հենց Շիրլիի նման մարդիկ են եղել։ Երբեք չեմ փորձել նրան ներկայացնել միայն բացասական կողմից։ Ուզել եմ ցույց տալ, որ նրա մեջ նույնպես սեր, ցավ, մարդկայնություն կա։ «Քամի Սասաֆռայի ճյուղերում» ներկայացման Անվրեպ Հարվածիկը՝ իմ բարի սրտով պոռնիկը։ Թեեւ ներկայացումը կատակերգություն էր, ինձ համար կարեւոր էր բեմից ասել, որ հասարակության կողմից պիտակավորված մարդիկ նույնպես կարող են լինել գեղեցիկ, խելացի, զգացմունքային ու բարի։ «Ցանկություն անունով տրամվայ»-ի Ստելլան։ Կերպար, որը կանգնած է իր կյանքի ամենաբարդ ընտրություններից մեկի առաջ։ Նրա զգացմունքների մեծ մասը թաքնված է, ու ես մինչ օրս շարունակում եմ բացահայտել այդ կերպարը։

- Ստեղծագործելու ամենահաճելի ու դժվար կողմերը:

-Ամենահաճելին ինքդ քեզ բացահայտելն է։ Երբ հասկանում ես, որ ճիշտ գործողությունների շղթայում ու ճիշտ հանգամանքներում կարող ես զգալ այնպիսի էմոցիաներ, որոնց գոյության մասին նույնիսկ չէիր մտածում։ Միշտ գիտեի, որ մարդիկ բեմում կարող են լաց լինել լրիվ ուրիշ բանի մասին մտածելով, բայց ճիշտ պայմաններում, ճիշտ գործողությունների միջոցով, իրական զգացմունքներ են ծնվում՝ առանց ձեւացնելու, առանց դերասանություն անելու։ Իսկ դժվար կողմ, երեւի, չկա։ Երբ սիրում ես այն, ինչ անում ես, դժվարություններն այլ կերպ են ընկալվում։ Գուցե, միայն կա չհաջողելու վախը։ Բայց ես բեմում անկեղծ եմ եւ հուսով, որ այդ անկեղծությունը հասնում է մարդկանց։


- 3 ռեժիսոր, որոնք ամենաշատն են ոգեշնչել:

-Հակոբ Ղազանչյանը։ Կարող էի շատ երկար խոսել նրա եւ այն ամենի մասին, ինչ նա տվել է ինձ։ Մի անգամ հարցրի՝ արդյոք մի օր դերասան կդառնամ, ասաց. «Դու արդեն դարձել ես»։ Երեւի նույնիսկ չի հիշի, որ նման բան է ասել, բայց դա իմ կյանքի ամենասպասված նախադասություններից մեկն էր։ Ժիրայր Փափազյանը։ Երբեք չէի մտածի, որ ինձ կնկատի, բայց նրանից այնքան շատ բան եմ սովորել։ Երջանիկ եմ, որ նա հայտնվել է իմ կյանքում ոչ միայն որպես ռեժիսոր, այլեւ որպես մարդ։ Իմ կուրսընկերներ Համլետ Ղալաչյանն ու Նելլի Վարդանյանը։ Նրանք ինձ վստահել են այնպիսի դերեր, որոնք շատ ռեժիսորներ գուցե չհամարձակվեին առաջարկել։ Չնայած երիտասարդ տարիքին՝ ինձ ոգեշնչում են իրենց նվիրվածությամբ, լրջությամբ ու սիրով, որով աշխատում են թատրոնում։ Նրանց կողքին այլ տարբերակ չի մնում, քան դառնալ թատրոնի մարդ։ Համոզված եմ՝ նրանց անունները դեռ շատ ենք լսելու։

- 3 թատրոն, որոնք գերել են Ձեզ:

-Համազգային թատրոնը մշտապես եղել է իմ ամենասիրելին։ Միշտ երազել եմ այնտեղ խաղալ։ Կարծում եմ՝ չկա ներկայացում, որը չեմ սիրել։ Մալյան թատրոնը։ Այդ թատրոնում կա ինչ-որ ընտանեկան, ջերմ ու գեղեցիկ մթնոլորտ, որը բառերով դժվար է բացատրել։ Այնտեղի մարդկանց ընտանիքի մասը դառնալը երազանք է։ Հիշում եմ՝ մի անգամ միասին քաղաքից դուրս էինք գնացել, եւ չէի հավատում, որ նստած նույն սեղանի շուրջ կատակներ եմ անում այն մարդկանց հետ, որոնցով հիանում եմ ու դեռ մանկուց հիացել եմ։ Դրամատիկական թատրոնը։ Այնտեղ իմ շատ սիրելի մարդիկ են աշխատում, եւ ես նրանց մեծ երկրպագուն եմ։


- Արվեստով զբաղվելու ամենագեղեցիկ հատկությունը:

-Կարողանում ես բեմ մտնել ու մոռանալ ամեն ինչ։ Ջղայնանալ, լաց լինել, ուրախանալ` ու կարեւորը ոչ քո սեփական խնդիրների կամ ուրախությունների պատճառով։ Բայց հենց բեմ մտնելու պահից այդ ապրումներն արդեն քոնն են դառնում։

- Ինչո՞ւ եք սիրում կամ հակառակը՝ այդքան էլ չեք նախընտրում տարվա այս եղանակը:

-Ձմեռը չեմ սիրում։ Ցուրտը տանել չեմ կարողանում։ Թեեւ ծնվել եմ ձմռանը, ինձ միշտ շատ ավելի ամառային մարդ եմ զգացել։ Ամռանը շատ էներգիա կա, իմ մեջ, մարդկանց մեջ: Ես էներգիաներ շատ եմ սիրում։

- Ունե՞ք ամառային հատուկ սովորություն կամ արարողակարգ:

-Ամռանը փախչում եմ Կապան՝ հորաքրոջս տուն։ Առավոտյան ժամը վեցին լողում եմ երեխաների փոքրիկ լողավազանում, մոշ եմ հավաքում, մեր հարեւան Անուշ ծյոծայի ու հորաքրոջս հետ սուրճ խմում։ Դրանք իմ ամենասիրելի օրերն են։ Եվ, իհարկե, ազատ ժամանակ ընկերներով անպայման հայտնվում ենք Սեւանի ճանապարհներին։

- Ինչպե՞ս է ամառը ազդում Ձեր ստեղծագործական էներգիայի վրա:

-Վերջերս եմ հասկացել, որ ամռանը միշտ ուզում եմ լուրջ գործերից փախչել։ Ջրիկ լինել։ Երեւի դպրոցական արձակուրդներն իրենց հետքն են թողել։ Ամռանը մի քիչ անպետք եմ դառնում ստեղծագործական առումով, լողավազաններին ու բնությանը տրվելու, ընկերուհիների, ընտանիքի անդամների հետ լինելու ժամանակ է ամառը։ 

- Ունեցե՞լ եք ամառային սիրավեպ, որը մինչ օրս հիշում եք:

-Այո։ Երբեք չէի պատկերացնի, որ այդ մարդն ինձ վրա ուշադրություն կդարձնի։ Բայց իսկական ու գեղեցիկ զգացմունքներ ունեինք իրար հետ։ 


- Ո՞րն է կատարյալ ամառային ժամադրությունը:

-Անկեղծ ասած՝ ժամադրություններ այնքան էլ չեմ սիրում։ Ընդհանրապես, ինձ երբեմն թվում է, որ լուրջ հարաբերությունների եւ գեղեցիկ ռոմանտիկ երեկոների համար ստեղծված մարդ չեմ։

- Ո՞րն է եղել Ձեր անմոռանալի համբույրը:

- Աղբանոցում եմ համբուրվել։ Բայց այդ պահին դա աշխարհի ամենագեղեցիկ տեղն էր թվում։

- Մոլորակի վրա ամենալավ տեղը:

- Սյունիք, Կապան, Խուստուփ լեռան դիմացի Փսկու Խութ բլուրը՝ լուսանկարիչ Հայկ Բարսեղյանի տունը։

- 2 երգ՝ տխրելու եւ ուրախանալու համար:

- «Քուին»՝ «Love of my life» եւ Շադե՝ «Love is found»։

- Ովքե՞ր են Ձեր կյանքի կարեւոր մարդիկ:

- Անպայմանորեն դասախոսներս՝ Լիլիկ Ստեփանյան (լրագրության վարպետության դասախոս) եւ Հակոբ Ղազանչյան (դերասանի վարպետության դասախոս), ինչպես նաեւ խմբագիրս՝ Նարինե Հովհաննիսյանը։ Առանց նրանց կյանքս լրիվ ուրիշ կլիներ։
Նրանք հավատացել են ինձ նույնիսկ այն ժամանակ, երբ ես ինքս ինձ չէի հավատում։ Միշտ վախեցել եմ նրանց հիասթափեցնելուց։ Գուցե իրենք չգիտեն, բայց իմ կյանքի ամենակարևոր մարդկանցից են։ Ու դե քույրերս ու ամենամոտ ընկերուհիս իմ ամենակարեւոր հանդիսատեսն են, չնայած նրանց ընկերությունն ինձ այդքան էլ չի բավականեցնում։ Օ, կուրսընկերներս ու գործընկերներս։ Շատ եմ սիրում բոլորին։ Իհարկե, ընտանիքիս անդամները եւ հատկապես՝ հորաքույրս։ Թեեւ ֆիզիկապես հեռու են ինձնից, իմ կյանքի ամենակարեւոր մարդիկ են։ Ես երեւի Օսկար ստանալու ժամանակ չասեմ՝ ում եմ շնորհակալ, որովհետեւ անգամ պարզապես ծանոթները շատ մեծ նշանակություն ունեն իմ կյանքում։


- Ի՞նչ նոր արհեստի կամ հմտության կուզեիք տիրապետել:

- Երազում եմ ջութակ նվագել։ Եթե որեւէ մեկը ցանկանում է ինձ ջութակ նվիրել, պատրաստ եմ ընդունել (ծիծաղում է,-հեղ.): Կուզեի նաեւ սալտո տալ սովորել, ձեռքերի վրա կանգնել եւ շպագատ նստել:

- Երեւանում Ձեզ համար ամենագողտրիկ եւ սիրելի 3 վայրերը:

- «Արհվեստանոց»-ը, Garage Vinyl Store-ը եւ Օպերայի բակում՝ Օհան Դուրյանի արձանի մոտ գտնվող նստարանը, որտեղից միշտ երաժշտություն է հնչում։

- Ի՞նչ սովորությունից կուզեիք ազատվել եւ ի՞նչ սովորություն ձեռք բերել:

- Կուզեի ազատվել երկար քնելու սովորությունից։ Երբ քիչ եմ քնում, շատ եմ տխրում, եւ դա վատ ազդեցություն է ունենում ինձ վրա։ Մյուս կողմից՝ երեւի կուզեի մի փոքր ավելի քիչ երազել։ Գլխիցս մեծ երազանքներ ունեմ, օրինակ՝ նկարահանվել Քվենտին Տարանտինոյի ֆիլմերում։ Երբեմն մտածում եմ՝ եթե չիրականանան, չգիտեմ ինչ կլինի։
Իսկ ձեռք բերել կուզեի ավելի շատ երաժշտություն լսելու սովորություն։

- Վերջին մեկ տարում ամենաշատը տպավորած 3 մարդիկ:

- Դերասաններ Սամվել Թոփալյանն ու Վահագն Գասպարյանը, դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Առաջին երկուսի դերասանական տաղանդով անչափ հիացած եմ։ Կուզեի նրանց նման տաղանդավոր դերասան լինել։ Իսկ Սերգեյ Սմբատյանի հանդեպ հիացմունքս կապված է այն աշխատանքի հետ, որ նա եւ իր թիմը կատարում են, որպեսզի երիտասարդներն ավելի շատ դասական երաժշտություն լսեն։ Դա իսկապես գնահատում եմ։ Թեեւ, անկեղծ ասած, նման մարդիկ շատ են։ Ես ընդհանրապես «սիրահարվում» եմ բոլոր տաղանդավոր մարդկանց։


- Առաջինն ի՞նչ կասեն Ձեզ ճանաչող մարդիկ, եթե հարցնենք Ձեր մասին:

- Երեւի կասեն, որ անկեղծ եմ, ուղիղ, գունավոր, հումորով եւ ազատ։

- Ինչի՞ց եք հրաժարվել այս տարի կամ պատրաստվում եք հրաժարվել:

- Ավելի քիչ ժամանակ եմ անցկացնում քույրերիս հետ։ Հիմա հաճախ նախընտրում եմ մենակ մնալ կամ ժամանակ անցկացնել անծանոթ ու նոր մարդկանց հետ։

Մի քիչ հեռացել ենք իրարից։ Կուզեի հեռանալուց հրաժարվել։ 

- Անսպասելի բան, որը Ձեզ հետ տեղի է ունեցել վերջին շրջանում:

- Եթե անկեղծ, իմ կյանքում ամեն ինչ անսպասելի է լինում՝ հաջողությունները, կարեւոր մարդկանց հանդիպելը, ճիշտ ժամանակ ճիշտ տեղում հայտնվելը։

-  Ձեր երբեւէ ունեցած ամենահամարձակ ու քննարկված նկարը:

- Կարծում եմ՝ նման նկար չի եղել, կամ պարզապես ես դրա մասին չգիտեմ։

Իմ «համարձակ» նկարներն ինձ համար համարձակ չեն։ Դրանք սովորական լուսանկարներ են։ Մարդիկ հաճախ դրանց ավելի մեծ նշանակություն են տալիս, քան ես։ Բայց դրանք իմ մասին գրեթե ոչինչ չեն պատմում։ Եվ անկեղծ ասած՝ երբեք չեմ վախեցել արձագանքներից, որովհետեւ ինձ ճանաչողները գիտեն, որ ազատ ու կիսամերկ լուսանկարների հետեւում լայն ու փակ հագուստներով, բոմժուկ, բնական Անահիտ է։


- Իսկ վերջին կադրը, որ արել եք Ձեր հեռախոսով եւ դեմ չէիք լինի կիսվել մեր ընթերցողների հետ։

-J-Space-ում վինիլների, փաստորեն, վատ որակով արված լուսանկարն է։ Կուզեի շատ վինիլներ ունենալ։


- Հենց հիմա ի՞նչ է Ձեզ պակասում:

-Չնայած իմ կյանքում միշտ շատ մարդիկ կան, բայց ինձ միշտ թվում է, որ մարդիկ քիչ են իմ կյանքում։

- Ամենաշատն ինչի՞ համար եք շնորհակալ:

-Երեւի իմ բնավորության, որ չեմ հիասթափվում ու հրաժարվում շատ բաներից։ Ինձ թվում է՝ հիասթափվելը թույլ մարդու արարք է, շնորհակալ եմ, որ դեռ կարողանում եմ ուժեղ մնալ՝ չնայած էությամբ լացկան, նեղացկոտ հիմարիկ եմ։

- Ի՞նչ եք միշտ ցանկացել անել, բայց վախեցել եք:

-Ես վախեր չունեմ։ Սովորաբար արել եմ այն, ինչ ցանկացել եմ։

- Ի՞նչ խորհուրդ կտայիք Ձեզ 10 տարեկանում:

-Երբեք մի ընտրիր լինել այն, ինչ դու չես։ Եվ երբեք թույլ մի տուր, որ ուրիշների կյանքի իմաստը համոզի քեզ, թե քոնն էլ պետք է նույնը լինի։

- Իսկ 80 տարեկանում ի՞նչ կասեք:

-Ինձ թվում է՝ մինչեւ 80 չեմ ապրի։ Բայց եթե ապրեի, երեւի կասեի, որ երջանիկ եմ, որովհետեւ մինչեւ այդ տարիքը մնացել եմ Անահիտ։


- Ի՞նչ կա 2026-ին Ձեր անպայման անելու ցանկում եւ ի՞նչ եք արդեն հասցրել կյանքի կոչել:

- Հակոբ Ղազանչյանի հետ մեր կուրսը մի մեծ երազանք ունի, եւ բոլորս աշխատում ենք դրա իրականացման համար։ Արդեն հասցրել եմ ստանալ պատասխանատու դերեր եւ հիմա փորձում եմ արդարացնել այդ վստահությունը։ Ու, ինչպես միշտ, ավելի շատ աշխատել ինքս ինձ վրա, որովհետեւ ինձ միշտ թվում է, որ արածս դեռ քիչ է։

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի 
Լուսանկարներն՝ անձնական արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW