×


Ադամ Բարրոն Հայաստանում հանդես կգա քրիստոնեության ընդունման 1725-ամյակին նվիրված համերգներով

Ֆրանսիաբնակ օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ Ամիրխանյան) բաց չի թողնում հայրենիքում ելույթ ունենալու որեւէ առիթ։ Նա հայաստանաբնակ երգիչներին ու երաժիշտներին համախմբում է մեկ գաղափարի շուրջ եւ համերգների միջոցով կենդանացնում, նոր շնչով է ներկայացնում թե՛ հայ, թե՛ օտարազգի կոմպոզիտորների ստեղծագործությունները։

Այս անգամ Բարրոն հայրենիքում կներկայանա Հայաստանում քրիստոնեության ընդունման 1725-ամյակին նվիրված երեք համերգով։ Երեւանյան համերգը տեղի կունենա հուլիսի 21-ին՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, երգչի ծննդավայրում՝ Գյումրիում, նախատեսված համերգը տեղի կունենա հուլիսի 22-ին, ժամը 19:00-ին՝ Յոթ վերք եկեղեցում, իսկ Կապանի համերգը կանցկացվի հուլիսի 25-ին՝ քաղաքի արվեստի պետական քոլեջում։

Համերգներին երգեհոնի նվագակցությամբ Բարրոն կկատարի Սեզար Ֆրանկի, Գաբրիել Ֆորեի, Շառլ Գունոյի, Ջակոմո Պուչինիի, Կոմիտասի, Մակար Եկմալյանի, Արա Պարթեւյանի եւ այլ կոմպոզիտորների սիրված գործեր։


«Աշխարհի որ ծայրում էլ ելույթ ունենամ, պետք է երգեմ մեր հայկական տաղերը, մեղեդիները, ըստ արժանվույն ներկայացնեմ Եկմալյանի «Հորժամ»-ը, Մխիթար Սեբաստացու «Անճառին խորան»-ը, Կոմիտասի «Հայրապետական մաղթերգ»-ը, որպեսզի առավել քաջալերեմ իմ ժողովրդին»,-ասում է Բարրոն եւ հավելում, որ հայ հոգեւոր երաժշտությունը, ակադեմիական օպերային արիաները մեծ ոգեւորությամբ են ընդունվում Եվրոպայում։ 

Հայաստանյան համերգներին օպերային երգիչը հանդես է գալու երգեհոնահար Գարրի Եփրիկյանի հետ։ Տասը տարի է՝ ճանաչում են միմյանց. վերջապես եկել է համագործակցելու ժամանակը։

«Իմ կյանքում պատահականություններ չեն լինում։ Գալիս եմ մեր երկիր համերգային ծրագրով, մտքում մեկ այլ ծրագիր եւս ունենում եմ, հետո մտածում եմ երրորդի մասին, եւ այդպես շարունակ։ Երբ հունիսին այցելեցի Հայաստան, նկատեցի, որ գրեթե չի խոսվում քրիստոնեության ընդունման 1725-ամյակի մասին։ Ինքս ինձ ասացի, որ իրավունք չունեմ չերգել այդ կապակցությամբ, մտածեցի՝ գուցե այդպես զարկ տամ նաեւ այլ միջոցառումների կազմակերպմանը»,-ընդգծում է արտիստն ու երաժշտասերներին հրավիրում մասնակիցը դառնալ տարբեր հույզերով, ապրումներով լի համերգներին` շեշտելով, որ ինքը միշտ անկեղծ ու ազնիվ է իր հանդիսատեսի հետ։

Հայաստանյան համերգներից հետո երգիչը կվերադառնա Ֆրանսիա, որտեղ եւս համերգներ են սպասվում։ Հատկապես կարեւորում է օգոստոսի 29-ին Էքսիդոյ քաղաքի Սուրբ Թովմաս եկեղեցում կայանալիք համերգը, որի շրջանակում ներկայացնելու է հայ երգն, ու հանգանակություն է իրականացվելու՝ ի նպաստ եկեղեցու խորանի բացման։

Կարդալ ավելին

Quality Sign BW