Մեր շուրջը երիտասարդ ու տաղանդավոր այնքան դերասաններ կան, որոնցից մեկն էլ Լիլի Գալստյանն է: Նա սերում է դերասանների ընտանիքից, սակայն այս անգամ խոսելու ենք ոչ թե նրա հայտնի հարազատների մասին, այլ բացահայտելու ենք հենց Լիլիին:
- Արվեստի 3 գործ, որոնք ամենաշատն են ազդել Ձեզ վրա:
- Շատ եմ սիրում Ամեդեո Մոդիլիանիի արվեստը, ու որքան էլ փորձեցի իր աշխատանքներից գոնե մեկն առանձնացնել, չստացվեց (ծիծաղում է,-հեղ.)։ Շատ է տպավորել Միխայիլ Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան» վեպը։ Եվ Ռիմաս Տումինասի «Քեռի Վանյա» ներկայացումը։
- Զվարճալի կամ տարօրինակ բան, որ վերջերս եք իմացել Ձեր մասին։
- Ասում են՝ սկսել եմ լավ նմանակումներ անել (ծիծաղում է,-հեղ)։
- Դերասանի մասնագիտությունն ընտրելու կարեւոր շարժառիթները:
- Ամենակարեւորը սերն է, ու այն ամեն ինչի հիմքում է։ Եթե գործդ սիրով անես, էլ ուրիշ ոչինչ հարկավոր չի լինի։ Չնայած, երբ փոքր էի, կարծում էի՝ եթե բարձր ձայն ունես, ուրեմն կարող ես դերասան դառնալ (ծիծաղում է,-հեղ.)։ Կարեւոր է տեղում ստեղծագործելը, «այստեղ եւ հիմա»-ի զգացումը։ Ինչքան էլ նախօրոք իմանաս անելիքներիդ հաջորդականությունն ու այն, թե վերջում ինչ է լինելու, միեւնույն է, ամեն ինչ «տեղում է ծնվում»։
- Ի՞նչ է փոխանցում այս մասնագիտությունը, որ ուրիշ ոչ մի տեղից հնարավոր չէ ստանալ:
- Տարածության եւ ժամանակի մեջ «ճամփորդելու» հնարավորություն։
- Բեմ դուրս գալու հետ կապված ապրումները:
- Չլարվել չի ստացվում: Միշտ եմ լարվում, եւ կապ չունի, թե քանի անգամ եմ խաղացել տվյալ ներկայացումը։ Ու պարտադիր երեք անգամ խաչակնքվում եմ (ծիծաղում է,-հեղ)։
- 3 պատճառ, թե ինչո՞ւ է թատրոնն այդքան հարազատ Ձեզ:
- Չունեմ հստակ պատճառներ, քանի որ այն վայրը, որտեղ անցել է մանկությունս, չի կարող հարազատ չլինել։ Թատրոնում ինձ միշտ լավ եմ զգում, ինքնըստինքյան տրամադրությունս բարձրանում է, ու կապ չունի՝ այդ օրը ներկայացում եմ խաղում, թե նայում։ Եվ հետո, ես ճիշտ օրինակ եմ տեսել դեռ մանկուց, որ թատրոնը չի կարող լինել պարզապես աշխատավայր, եւ ինքս էլ, ընտրելով այս մասնագիտությունը, հետեւում եմ այդ օրինակին։
- Ձեր 3 ամենասիրելի դերերը:
- Որն այդ պահին խաղում եմ, դա էլ ամենաշատն եմ սիրում։ «Այստեղ եւ հիմա» (ծիծաղում է,-հեղ)։
- Ստեղծագործելու ամենահաճելի ու դժվար կողմերը:
- Ամենահաճելին անընդհատ նոր բան գտնելն է, նոր բան սովորելը: Օրինակ՝ մեր վերջին կուրսային՝ «Քրջի BAZZAR» վավերագրական ներկայացման ժամանակ լսողության խնդիր ունեցող կնոջ եմ մարմնավորում, ու պետք էր սովորել ժեստերի լեզուն։ Անբացատրելի հաճույք էր սովորել նորը, մինչ այդ քեզ անծանոթը։ Իսկ դժվար կողմերը, երեւի թե, ավելի շատ կապված են մտքերի, վախերի ու կասկածների հետ: Բայց դրանք հեշտ հաղթահարելի են, եթե կողքիդ կան ճիշտ մարդիկ, որոնք կօգնեն ու կաջակցեն քեզ։ Թատրոնում միայնակ ոչինչ չես կարող անել։
- 3 ռեժիսոր, որոնք ամենաշատն են ոգեշնչել:
- Յուրի Բուտուսովը։ Ցավոք, նրա ներկայացումները դիտել եմ միայն առցանց տարբերակով: Թեեւ Մոսկվայում կուրսընկերներիս հետ ուղիղ վեց ժամ անցկացրել ենք Ռուսական ակադեմիական երիտասարդական թատրոնի դռների մոտ՝ «Որդին» ներկայացումը դիտելու հույսով, բայց այդպես էլ չստացվեց. բոլոր տոմսերը սպառվել էին։
Նարինե Գրիգորյանով ոգեշնչվել եւ ոգեշնչվում եմ միշտ։ Նրա ներկայացումները դիտելիս անբացատրելի հաճույք եմ ստանում. իսկապես վայելք է։ Իսկ այն փաստը, որ խաղում եմ իր բեմադրություններում, ինձ անասելի երջանկացնում է։ Երրորդն էլ Գեւորգ Մարգարյանն է՝ իմ կուրսընկերը (ծիծաղում է,-հեղ)։ Միասին սովորում ենք Ռուբեն Բաբայանի արվեստանոցում։ Շատ ենք աշխատել միասին եւ շարունակում ենք. կարծես նույն բանն ենք ուզում պատմել հանդիսատեսին։ Միմյանցից շատ ենք ոգեշնչվում եւ ուրախ եմ, որ մասնագիտական ճանապարհս նրա հետ եմ անցնում։
Սոս Սարգսյանը եւ փոքրիկ Լիլին
- 3 թատրոն, որ գերել են Ձեզ:
- Իմ կյանքում դեռեւս 3 «ճակատագրական թատրոն» է եղել՝ Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը, որտեղ 5 տարեկանում առաջին անգամ բեմ բարձրացաա։ Պատանի հանդիսատեսի թատրոնը, որտեղ, ինչպես փոքր ժամանակ էի սիրում ասել, խաղացի իմ առաջին «խոսքով դերը» Վիգեն Ստեփանյանի բեմադրած «Կիկոսը» ներկայացման մեջ (ծիծաղում է,-հեղ.)։ Եվ քանի որ ծնողներս աշխատում են այս թատրոններում, ու մանկությանս գրեթե ամեն օրն անցնում էր այնտեղ, այս երկու թատրոններն ինձ համար իրենց ուրույն տեղն ունեն։ Եվ, իհարկե, Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը՝ իմ իրականություն դարձած երազանքը։ Հիմա աշխատում եմ այնտեղ՝ գերված թատրոնով ու սիրահարված թատրոնին։ Ինչպես նաեւ դեռ տարված եմ Մոսկվայի թատրոններով՝ ե՛ւ որտեղ եղել եմ, ե՛ւ որոնց կողքով պարզապես անցել։
- Արվեստով զբաղվելու ամենագեղեցիկ հատկությունը:
- Ազատության զգացումն է։
- Դերասանուհիներ, որոնց կցանկանաք մարմնավորել նրանց կենսագրական ֆիլմերում:
- Էմի Ուայնհաուսին, թեպետ նա երգչուհի է (ծիծաղում է,-հեղ)։ Առաջինը նա եկավ մտքիս։
- Ձեր սիրելի դերասանների որակները, որոնք կուզեիք Դուք էլ ունենալ:
- Ինձ համար մեծագույն օրինակը մորաքույրս է՝ Տաթեւ Ղազարյանը՝ իմ «մոկան» (ծիծաղում է,-հեղ.)։ Նա միշտ իմ կողքին է, բայց միեւնույն ժամանակ՝ հեռու՝ թողնելով, որ մասնագիտության մեջ ինքնուրույն լինեմ։ Նա մի հատկություն ունի՝ երբեք չի հոգնում (ծիծաղում է,-հեղ)։ Կուզեի իր չափ աշխատասեր լինել։
Շուշան Ղազարյանը, Արեւ Սանթրոսյանը, Տաթեւ Ղազարյանը եւ Լիլի Գալստյանը
- Ձեր սերնդի հայ ու համաշխարհային լավ դերասանները:
- Կդժվարանամ պատասխանել այս հարցին, քանի որ մենք դեռ սովորում ենք, բայց եթե մի փոքր մեծացնենք շրջանակը, ապա անչափ տպավորված եմ Գոռ Մարգարյանի «Յամա» ներկայացման մեջ Հռիփսիմե Նահապետյանի դերակատարմամբ։
- Ինչո՞ւ եք սիրում կամ, հակառակը, այդքան էլ չեք նախընտրում տարվա այս եղանակը։
- Շատ եմ սիրում ամառը։ Գուցե նրանից է, որ ամռանն եմ ծնվել, չգիտեմ (ծիծաղում է,-հեղ.)։ Եղանակը սերտորեն կապված է իմ տրամադրության հետ։ Լավ եղանակը հավասար է լավ տրամադրության։
- Ունե՞ք ամառային հատուկ սովորություն կամ արարողակարգ։
- Սառը սուրճ, չնայած՝ ձմռանն էլ է նույնը, պարզապես սուրճի ջերմաստիճանն է ուրիշ (ծիծաղում է,-հեղ)։
- Ինչպե՞ս է ամառն ազդում Ձեր ստեղծագործական էներգիայի վրա։
- Ընտիր է ազդում։ Արեւից կարծես էներգիա եմ ստանում ու լիցքավորվում։
- Ունեցե՞լ եք ամառային սիրավեպ, որը մինչ օրս հիշում եք։
- Դեռ ոչ (ծիծաղում է,-հեղ)։
- Ո՞րն է կատարյալ ամառային ժամադրությունը։
- Գնալ քաղաքից դուրս՝ սառը ձմերուկ ուտելու։
- Մոլորակի վրա ամենալավ տեղը:
- Տատիկի տունը։
- 2 երգ՝ տխրելու եւ ուրախանալու համար:
- Մեկ երգ կասեմ, որը լսելիս կարող եմ ե՛ւ տխրել, ե՛ւ ուրախանալ: Չգիտեմ՝ ինչու է այդպես. Բոբ Դիլանի «Knockin’ on Heaven’s Door»-ը։
- Ովքե՞ր են Ձեր կյանքի կարեւոր մարդիկ:
- Իհարկե, ընտանիքիս անդամներն ու ընկերներս, բայց կառանձնացնեմ եղբորս՝ Հայկին. նա իմ կյանքի կարեւորագույն մարդկանցից մեկն է։
- Ի՞նչ նոր արհեստի կամ հնարքների կուզեիք տիրապետել:
- Կուզեի տիրապետել գրիմի հմտություններին։
- Երեւանում Ձեզ համար ամենագողտրիկ եւ սիրելի երեք վայրերը:
- Սիրում եմ քայլել Երեւանում, ու գուցե դրա համար է, որ չեմ կարողանում կոնկրետ այդպիսի վայր հիշել։ Բայց օրինակ՝ Սուրբ Զորավոր եկեղեցու բակում յուրօրինակ հանգստություն եմ զգում։
- Ի՞նչ սովորությունից կուզեիք ազատվել ու նաեւ ձեռք բերել:
- Կուզեի ազատվել ամեն ինչ վերջին վայրկյանին թողնելու հիմար սովորությունից եւ կուզեի էլ ավելի համբերատար լինել շատ հարցերում։
- Վերջին մեկ տարում ամենաշատը տպավորած երեք մարդիկ:
- «Քրջի BAZZAR» դոկումենտալ-վերբատիմի հերոսները, որոնց հետ ծանոթացա եւ շփվեցի հենց «Քրջի բազարում»։ Նրանց պատմությունների կողքով անհնար էր անտարբեր անցնել։
- Իսկ հավանած երեք գրքե՞րը:
- Անտուան դը Սենտ-Էքզյուպերի «Փոքրիկ իշխանը», Մարկուս Զուսակի «Գրքի գողը» եւ Խալեդ Հոսեյնի «Օդապարուկ թռցնողը»։
- Ֆիլմերը:
- Ուես Անդերսոնի «Գրանդ Բուդապեշտ հյուրանոց»-ը, Քվենտին Տարանտինոյի «Անփառունակ սրիկաները» եւ Ռոբերտ Բենտոնի «Քրամերն ընդդեմ Քրամերի»-ն։
- Սերիալները։
- «Ընկերները», «Գահերի խաղն» ու «Բրիջերթոնները»։
- Առաջինն ի՞նչ կասեն Ձեզ ճանաչող մարդիկ, երբ հարցնենք Ձեր մասին:
- Որ շատ նման եմ մամայիս (ծիծաղում է,-հեղ)։
- Ինչի՞ց եք հրաժարվել այս տարի կամ պատրաստվում եք հրաժարվել:
- Ինչ ունեմ, ինձ երջանկացնում է։ Ինչն էլ «իմը չէ», ինքնաբերաբար հեռանում է իմ կյանքից։
- Անսպասելի բան, որը Ձեզ հետ տեղի է ունեցել վերջին շրջանում:
- Մասնակցեցի ուսանողական ծրագրի եւ շահեցի արտերկրում կարճաժամկետ ուսման հնարավորություն։ Շուտով մեկնելու եմ Մեծ Բրիտանիա։
- Ձեր ամենագեղեցիկ ու քննարկված նկարը։
- Նկարը «Վելվետե շալվարը» ներկայացումից է։ Այն մեր երկրորդ կուրսի ավարտական աշխատանքներից էր։ Միշտ առանձնացնում եմ այս աշխատանքը, որովհետեւ սկսեցի ինձ ավելի շատ հավատալ։
- Իսկ վերջին կադրը, որ արել եք Ձեր հեռախոսով ու դեմ չէիք լինի կիսվել մեր ընթերցողների հետ:
- Շատ թանկ ու կարեւոր լուսանկար է։ Ես եմ եւ իմ կուրսի ղեկավար Ռուբեն Բաբայանը՝ Դիլիջանում։ Կուրսով գնացել էինք բացահայտելու Տավուշի մարզը: Արդեն կարծես ավանդույթ է դարձել, քանի որ անցյալ տարի էլ Լոռիում էինք, իսկ աշնանը գնալու ենք Սյունիք։ Պարոն Բաբայանը մեզ միշտ ասում է. «Պետք է Հայաստանը սիրել՝ տեսնելով, զգալով եւ ուսումնասիրելով»։
- Հենց հիմա ի՞նչ է Ձեզ պակասում:
- Ոչինչ։
- Ամենաշատն ինչի՞ համար եք շնորհակալ:
- Ընտանիքիս։
- Ի՞նչ եք միշտ ցանկացել անել, բայց վախեցել եք:
- Թռչել օդապարիկով։
- Ի՞նչ խորհուրդ կտայիք Ձեզ տասը տարեկանում:
- Ոչինչ էլ չէի ասի, միեւնույն է՝ չէր լսելու (ծիծաղում է,-հեղ)։
- Իսկ 80 տարեկանում ի՞նչ կասեք:
- Շնորհակալություն կհայտնեի։
- Ի՞նչ կա 2026-ին Ձեր անպայման անելու ցանկում, ու ի՞նչ եք արդեն հասցրել կյանքի կոչել:
- Անպայման պետք է վերսկսեմ կրկնօրինակմամբ զբաղվելը։
Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ անձնական արխիվից


×
252







