Հայկական արմատներով բրիտանացի արվեստագետ Էլեանոր Էքսերջյանը նշանադրվել է բրիտանական թագավորական ընտանիքի անդամ Սամուել (Սեմ) Չատտոյի հետ, որը արքայադուստր Մարգարետի թոռն է եւ թագավոր Շառլ III-ի ազգականը։
Նշանադրության մասին Սեմ Չատտոն հայտնել է իր ինստագրամյան էջում՝ հրապարակելով լուսանկարներ եւ բացահայտելով, որ առաջարկությունն արել է սեփական ձեռքերով պատրաստած ճենապակյա նշանադրության մատանիով։ Որպես կերամիկայի վարպետ՝ նա հրաժարվել է ավանդական ադամանդե մատանուց եւ ընտրել իր ստեղծած յուրահատուկ մատանին։
Ինստագրամում հրապարակված լուսանկարներից մեկն, ի դեպ, արվել է Երեւանում։
Զույգը ծանոթացել է Էդինբուրգի համալսարանում ուսանելու տարիներին եւ միասին է 2021 թվականից։ Հարսանիքը նախատեսվում է անցկացնել գալիք տարվա գարնանը։
Լուսանկարը՝ WireImage
Չնայած Սեմ Չատտոն բրիտանական գահի ժառանգորդների շարքում է (ներկայում՝ մոտ 30-րդը)՝ նա պաշտոնական թագավորական պարտականություններ չի կատարում եւ հիմնականում զբաղվում է արվեստով։
Էլեանոր Էքսերջյանը զբաղվում է գեղանկարչությամբ եւ կինոարվեստով, իր ստեղծագործություններում հաճախ անդրադառնում է հայկական ինքնությանը, հիշողությանը եւ բնապատկերներին։
Լուսանկարը՝ Sipa
Էքսերջյանն առաջին անգամ Հայաստան է այցելել 2022 թվականին: Այստեղ նկարահանել է իր առաջին ֆիլմը՝ «Պատկերացրած բնապատկերներ» (Imagined Landscapes, 2024)։ Ֆիլմը ներկայացնում է նրա առաջին հանդիպումը Հայաստանի հետ՝ մի երկրի ու բնաշխարհի, որը նա միշտ պատկերացրել էր, սակայն երբեք չէր տեսել։ Մեծանալով Միացյալ Թագավորությունում՝ նա վաղուց հետաքրքրված էր իր հայկական արմատներով եւ ընտանիքի պատմությամբ։
Պատրաստեց՝ Էլլադա Ղուկասյան-Բարսեղյանը/BRAVO.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/


×
484






