Այսօր, երբ նորաձեւության միտումները փոխվում են շատ արագ, հաճախ դժվար է լինում լսել սեփական ձայնն ու գտնել այն, ինչն իսկապես մեզ է բնորոշ։ Երբեմն թրենդներին չհետեւելն ու տարբերվելը համարձակություն է պահանջում: Ինչպե՞ս սովորել զտել համացանցի ազդեցությունը եւ, ամենակարեւորը, ճանաչել սեփական ճաշակը։ Սեփական «ես»-ն արտահայտելու եւ ներքին աղմուկն անջատելու մասին զրուցել ենք նորաձեւության ինֆլուենսեր Մադոննա Հարությունյանի հետ։
- Այսօր թրենդները փոխվում են կայծակնային արագությամբ։ Ինչպե՞ս եք վերաբերվում այս վազքին, եւ արդյո՞ք սա չի վերացնում անհատականությունը։
- Տպավորություն է, թե նոր թրենդ կա, որ բոլորը նմանվեն միմյանց: Իսկ Հայաստանում, եթե բոլորի նման չես հագնվում, կարող ես արժանանալ քննադատության։ Կարծես «ապահով օղակ» ստեղծված լինի, որտեղ ընդունված է հագնվել այնպես, որ աչքին սովոր լինի:
- Ձեր կարծիքով՝ առհասարակ ճի՞շտ է հետեւել թրենդներին։
- Ճիշտ ու սխալ չկա։ Ամեն ինչ կախված է նպատակից։ Կա անհատական ոճ, որը միշտ արտահայտում է մարդու էությունը, զգացողություններն ու ընտրությունները։ Կարող է մարդն ասել, որ չի հետեւում թրենդներին, բայց ձեռքին տեսնես Cartier-ի թեւնոց կամ դեմքին՝ Miu Miu-ի ակնոց։ Թրենդները հենց այդպես էլ աշխատում են. երբեմն նույնիսկ չես նկատում, թե ինչպես են համացանցում անընդհատ տեսածդ բաները սկսում ազդել քո ընտրությունների վրա։
- Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեզ մոտ կա «բոլորի նման լինելու» ձգտումը։ Ինչպե՞ս եք գնահատում մեր իրականությունում թրենդների հետեւից վազելու այս միտումը։
- Կարծում եմ՝ դա ավելի շատ կապված է այն ազդեցության հետ, որը մենք ինքներս ենք ընտրում։ Չէ՞ որ մենք ենք որոշում՝ ում հետեւել Instagram-ում։ Ժամանակի ընթացքում, ուզենք թե չուզենք, այդ ամենը ձեւավորում է մեր ճաշակը եւ վաղվա ընտրությունները, այդ թվում՝ շոփինգի հարցում։ Դրա համար շատ կարեւոր եմ համարում ֆիլտրելու ունակությունը զարգացնելը։ Ի վերջո, այն ամենը, ինչ մենք անընդհատ տեսնում ենք, մնում է մեր ուղեղում։ Այդ պատճառով պետք է շատ խնամքով վերաբերվենք նրան, թե ինչով ենք լցնում մեր ուղեղը։
- Կա՞ն թրենդներ, որոնք համարում եք բացարձակ անհաջող, բայց դրանք, միեւնույն է, մասսայականություն են վայելում։
- Կան թրենդներ, որոնք ժամանակավրեպ են, բայց մինչեւ հիմա, չգիտես ինչու, գոյություն ունեն Հայաստանում։ Օրինակ՝ օվերսայզ պիջակները՝ գոտիով համադրությամբ։ Որն, ի դեպ, կարող է նոր շունչ ստանալ, եթե փոխվի սթայլինգի մոտեցումը։ Բայց մենք չենք մոռանում «ապահով օղակի» մասին։ Դրա համար նախընտրությունը տրվում է արդեն աչքին սովոր՝ որեւէ բլոգերի առաջարկած համադրությանը։
- Ինչպե՞ս չկորցնել սեփական «ես»-ը, երբ բոլոր կողմերից մեզ թելադրում են՝ ինչ հագնել այս սեզոնին։
- Անջատել արտաքին աղմուկը։ Գիտակցված ընտրել՝ ում եւ ինչի համար հետեւել։ Ալգորիթմն այնպես է աշխատում, որ ի վերջո համացանցը մեզ ցույց է տալիս այն, ինչ մենք ուզում ենք տեսնել։ Ի վերջո՝ սեղմել Mute կոճակը (ժպտում է)։
- Որո՞նք են այն առաջին քայլերը, որոնցով մարդը կարող է գտնել իր սեփական, անհատական ոճը։
- Առաջին քայլը սեփական «ես»-ը ճանաչելն է։ Հասկանալ՝ ինչն է ձեզ ոգեշնչում, հուզում, ինչն է բնորոշ։ Ի՞նչ ֆիլմեր եք սիրում, ի՞նչ երաժշտություն եք լսում, ո՞ր արտիստներով կամ դիզայներներով եք հիանում։ Ուշադիր եղեք այդ ընտրություններին, որովհետեւ դրանք պատահական չեն։ Խորացեք ձեր սիրելի արտիստների ստեղծագործական աշխարհում, ուսումնասիրեք նրանց մտածողությունը, հասկացեք՝ ինչն է ձեզ գրավում։
Երբ սկսում եք ճանաչել ձեր սեփական ճաշակը, շատ ավելի հեշտ է ձեւավորել անհատական ոճ, որը չի կրկնում բոլորին, այլ արտահայտում է հենց ձեզ։ Իսկ հետո արդեն կարելի է փորձարկել, համադրել եւ աստիճանաբար ձեւավորել այն ոճը, որը մարդիկ կկապեն հենց ձեր անվան հետ, ոչ թե տվյալ սեզոնի թրենդի։
Զրուցեց՝ Լիանա Թեհմուրյանը


×
199






