Ֆրանսահայ անվանի օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանն արժանացել է Պատվո լեգեոնի Ասպետի կոչմանը, որը Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգեւներից մեկն է:
Պատվո լեգեոնը հիմնադրվել է 1802 թվականին՝ Նապոլեոն Բոնապարտի կողմից։ Պարգեւը շնորհվում է այն անձանց, ովքեր բացառիկ ծառայություններ են մատուցել Ֆրանսիային՝ գիտության, մշակույթի, արվեստի, տնտեսության, հասարակական կյանքի կամ պետական ծառայության ոլորտներում։
Chevalier-ը (Ասպետ) Պատվո լեգեոնի առաջին աստիճանն է։
Քուրքջյանն այս պարգեւը ստացել է երեկ՝ Ֆրանսիայի ազգային տոնի օրը: Նա այս առիթով սոցիալական ցանցերի իր էջերում գրառում է կատարել եւ շնորհակալություն հայտնել.
«Խորին երախտագիտությամբ այսօր առավոտյան տեղեկացա, որ արժանացել եմ Պատվո լեգեոնի Ասպետի կոչմանը։ Այս բարձր պարգեւը մեծ պատիվ եմ համարում եւ այսօր այն կիսում եմ բոլոր նրանց հետ, ովքեր տարիների ընթացքում եղել են իմ կողքին եւ աջակցել ինձ։
Այս գնահատականը նաեւ ոգեշնչում է ինձ շարունակելու «PerFumum» հիմնադրամի նախաձեռնությունները՝ նվիրված օծանելիքի արվեստին եւ նրա ժառանգության պահպանմանը, ինչպես նաև «Francis Kurkdjian» հիմնադրամի գործունեությունը, որն աշխատում է հանուն բազմազանության եւ մշակույթից հեռու գտնվող հանրությունների ներգրավման։
Ի վերջո, հուզմունքով եմ հիշում իմ տատիկին ու պապիկին՝ Հայոց ցեղասպանությունը վերապրած եւ Ֆրանսիայում ապաստան գտած մարդկանց։ Նրանց քաջությունը, իրենց նոր հայրենիքի հանդեպ ունեցած վստահությունը եւ այն արժեքները, որոնք նրանք փոխանցել են ինձ, այս պատվին առանձնահատուկ իմաստ ու հնչեղություն են տալիս։
Շնորհակալ եմ այս բարձր գնահատանքի, ինչպես նաեւ բարության ու ջերմության բազմաթիվ ուղերձների համար, որոնք խորապես հուզեցին ինձ»:
Այս պարգեւը կարելի է գնահատել ոչ միայն որպես Ֆրանսիս Քուրքջյանի անձնական ձեռքբերում, այլեւ որպես միջազգային մակարդակում մեծ ճանաչում վայելող հայազգի ստեղծագործողի գործունեության պետական գնահատական։
Պատրաստեց՝ Էլլադա Ղուկասյան-Բարսեղյանը/BRAVO.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/


×
185






