Ամերիկահայ պրոդյուսեր, սցենարիստ Սեւ Օհանյանը, որը 4 «Օսկար» ստացած «Մեղավորները» (Sinners) ֆիլմի պրոդյուսերներից է, «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն էր եւ արժանացավ «Վարպետ» հատուկ մրցանակին:
«Ես շատ տարբեր բեմերում եմ եղել եւ մրցանակներ ստացել, բայց Հայաստանում մրցանակ ստանալն ինձ համար ամենակարեւորն էր»,- խոստովանեց նա:
Սեւակը ծնվել է Գերմանիայում: Նրա ծնողները Իրանից են եւ իսլամական հեղափոխությունից հետո տեղափոխվել են Գերմանիա, ապա՝ Միացյալ Նահանգներ, որտեղ էլ իր ճանապարհն է հարթել Սեւը։ BRAVO.am-ը նրա հետ զրուցել է ընտանիքի, հայկական սովորույթների, մասնագիտական ուղու, հաջողությունների եւ մրցանակների մասին։
Սեւ Օհանյանը
2008-ին նկարահանված «Իմ մեծ, չաղ հայկական ընտանիքը» ֆիլմի ոճը
Իմ կյանքն այդպիսին էր։ Ես գրել եմ այն, ինչ ապրել ու ճանաչում եմ։ Կարծում եմ՝ թե՛ իմ ընտանիքը, թե՛ յուրաքանչյուր հայ ընտանիք ունի իր ծիծաղելի դրվագները։ Երբ ֆիլմը ցուցադրվեց Հայաստանում, շատերը նշեցին, որ իրենց ընտանիքներն էլ են այդպիսին: Մի քիչ վախենում էի, որ այստեղ մեծացած հայերն իրենց չեն գտնի իմ ֆիլմում, պարզվեց՝ հակառակը: Հասկացա, որ դա իմ պատմությունն է, բայց նաեւ մեր բոլորի մասին է։
Այլազգիներից էլ եմ լսել, որ ֆիլմի ընտանիքն իրենց ընտանիքի նման է։ Չէի սպասում, որ 2008 թվականի հուլիսի 12-ի գիշերը, երբ ցուցադրվեց առաջին սերիան, շուրջ հարյուրից ավելի մարդ էր եկել, ու շատերն ասում էին, որ լացել են։ Այս ֆիլմը սովորեցրել է, թե ինչպես լինել լավ հայր, լավ մայր եւ այլն։ Ես դեռ 19 տարեկան էի ու չէի հասկանում ծնող-երեխա հարաբերությունների խնդիրը։ Այն ժամանակ դեռ չէի գիտակցում, որ բարձրացրել եմ սերունդների բախման թեման: Աշխատանքի հիմքում դնելով իմ զգացածը՝ մտածում էի, որ այն պարզապես զվարճալի կլինի մարդկանց համար:
Սեւ Օհանյանը
Կինոյի մասին իմ երազանքը մանկուց է, իսկ առաջին ֆիլմս նկարահանեցի 20 տարեկանում:
Սկզբում լրագրություն էի սովորում, հետո տեղափոխվեցի կինոաշխարհ։ Եթե նախապես իմանայի սպասվող դժվարությունների մասին, գուցե չսկսեի։ «My Big Fat Armenian Family»-ով սկսվեց, բայց սկզբում դրանք սիրողական տեսանյութեր էին ընտանեկան տարբեր իրավիճակների մասին, որոնցում անդրադարձ կար նաեւ հայերի բնավորությանը։ Եթե երբեւէ նկարահանեի շարունակությունը, պատմությունը հաստատ կփոխեի ու կզարգացնեի։
Մենակ եմ նկարել իմ առաջին ֆիլմը՝ հարազատներիս օգնությամբ: Սկզբում ներգրավված էինք ես, ընկերներս եւ ընտանիքս։ Ամեն մանրուք ընտանիքով հայթայթեցինք ու ստեղծեցինք։ Մի դիմահարդար ունեի, բայց նա էլ գործ գտավ ու գնաց, ու այդ գործն էլ ես արեցի: Չեմ կարող ասել, որ լավ (ծիծաղում է,-հեղ.)։
Սեւ Օհանյանը՝ ծնողների հետ
Հիմա շատ տարբեր ֆիլմեր եմ արտադրում, բայց այդ մեկն էր, որ ընդամենը 800 դոլարի ներդրում էր արվել, ու զուտ տրամադրության համար էր։ Նպատակ չկար այդ ֆիլմով գումար վաստակել, բայց մարդիկ սիրեցին, ու այն հաջողություն ունեցավ։
Իմ ընտանիքը հենց սկզբից կողքիս է եղել։
Շատ հայեր, երբ գալիս են Ամերիկա, մտածում են, որ իրենց երեխաները բժիշկ, իրավաբան կամ այլ մասնագետ կլինեն։ Եվ ես շատ ուրախ եմ, որ իմ ընտանիքը հենց սկզբից ինձ աջակցել է։ Մայրս ինձ տանում էր գրադարան՝ գրքեր կարդալու, իսկ հայրս՝ կինոթատրոն՝ ֆիլմեր դիտելու։ Երբ ասացի, որ ուզում եմ ֆիլմ նկարել, նրանք կողքիս էին։ Առաջին նկարահանման ժամանակ պատը վնասել էի: Զանգեցի հայրիկիս, նա եկավ ու ավելի լավ վերականգնեց այն, քան կար։
Լուսանկարը՝ instagram.com/sevohanian/ Նատալի Քասաբյանը եւ Սեւ Օհանյանը
Ամուսնության առաջարկությունը՝ կինոյի աշխարհում
Կինս կինոպրոդյուսեր Նատալի Քասաբյանն է, եւ ամուսնացել ենք 2020 թվականին։ Մենք ծանոթացել ենք Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի (USC) Կինեմատոգրաֆիական արվեստի դպրոցում սովորելու տարիներին։
Որոշել էի ամուսնության առաջարկություն անել։ Հրավիրեցի հինգշաբթի օրը ֆիլմ դիտելու, բայց նրան այդ ժամին հարմար չէր։ Փոխեցինք ժամը, գնացինք, եւ երբ ֆիլմը սկսվեց, էկրանին հայտնվեցին մեր նամակները։ Մինչ այդ երեք ամիս իրար նամակներ էինք գրում՝ համեմված հումորով: Մարդիկ աստիճանաբար դուրս եկան, հնչեց երաժշտություն, եւ ես արդեն նրան տվեցի մատանին։ Այդ պահին միայն երկուսս էինք. անգամ լուսանկարիչ չկար:
Սեւ Օհանյանը
Ամուսինները՝ նույն ոլորտում
Շատ հեշտ է։ Նա ինձնից խելացի է: Երբ քննարկում ենք ֆիլմի եւ արտադրության հարցերը, նոր գաղափարներ են ծնվում: Մենք այդպիսի քննարկումներ ենք ունենում անգամ առավոտյան, երբ նախաճաշ ենք պատրաստում։ Այս անգամ նա ինձ հետ չեկավ Հայաստան, քանի որ աշխատանքային բազմաթիվ հարցեր ունեինք։
Լուսանկարը՝ Sipa USA Սեւ Օհանյանը, Նատալի Քասաբյանը, Զինզի եւ Ռայան Քուգլերները
Ընկերությունը՝ ֆիլմեր ստեղծելու հիմքում
2018 թվականին հիմնել եմ Proximity Media ընկերությունը գործընկերներիս՝ Զինզի եւ Ռայան Քուգլերների հետ: Ռայանին հանդիպել եմ Լոս Անջելեսում՝ USC համալսարանի կինոդպրոցում սովորելու տարիներին։ Ռայանն առաջին արտասահմանցին էր, ով տեսավ իմ առաջին, հայկական ֆիլմը։ Նա հասկացավ ու զգաց այն։ Եվ արդեն ավելի քան տասը տարի մենք ունենք շատ ամուր համագործակցություն եւ միասին աշխատում ենք։ Շատ նախագծեր ունենք մշակման փուլում՝ գեղարվեստական ու վավերագրական ֆիլմեր, հեռուստատեսային նախագծեր։ Նույնիսկ ունենք երկու նախագիծ, որոնցում հայկական կերպարներ են ներկայացված. մեկը ֆիլմ է, մյուսը՝ սերիալ։ Եվ ես հույս ունեմ, որ մի օր կկարողանանք նկարահանել դրանք:
Սեւ Օհանյանը
«Մեղավորները» նկարահանելիս մրցանակների չեն սպասել
Անկեղծ ասած, երբ մասնակցում էինք «Ոսկե գլոբուս»-ին, վստահ չէի, որ այդ երեկո կհաղթենք։ Եվ երբ հնչեց մեր ֆիլմի անունը, հենց իմ կինն էր՝ Նատալի Քասաբյանը, որ մեզ ասում էր․ «Վեր կացեք, գնացեք, դուք հաղթել եք, գնացեք»։ Բեմում բոլորի առջեւ խոսելիս շատ էի հուզվել: Հանրային խոսքը միշտ էլ ինձ համար դժվար է եղել։ Բայց այդ դահլիճում, երբ շրջապատված էի մեր ոլորտի ամենաազդեցիկ դերասաններով ու կինոգործիչներով, նույնիսկ ավելի էի հուզվում։ Ի վերջո, հենց Լեոնարդո ԴիԿապրիոն նստած նայում էր, թե ինչպես եմ խոսում։ Ես ասացի այն, ինչ այդ պահին սրտիցս էր գալիս: Բայց գիտեք, մենք ֆիլմեր չենք նկարում մրցանակների համար։ Մենք ֆիլմեր ենք ստեղծում, որպեսզի հանդիսատեսը կապ հաստատի մեր պատմությունների հետ։ Եվ այդ մրցանակը խորհրդանշում էր, որ մեր ֆիլմը հենց դա էր արել՝ կապ էր հաստատել դիտողների հետ։ Դե, իսկ «Օսկարն» այլ իրականություն էր։ Նոր ու անսպասելի զգացողություններ էին։
Ժամանակակից հայկական կինոյում առանձնացնում է ռեժիսոր Գոռ Կիրակոսյանին
Նա ինձ ուղարկում է իր ֆիլմերը, հաճույքով դիտում եմ: Բայց միշտ չեմ հասկանում, թե ինչպես է այդ ֆիլմը ստեղծել այդ բյուջեով, քանի որ ԱՄՆ-ում նման ֆիլմերը եռակի ու ավելի մեծ ներդրումներ են պահանջում։ Նա շատ հումորով է, նրա ֆիլմերը սիրվում են։
Որդին ու հայերենը
Կնոջս ընտանիքը ԱՄՆ է տեղափոխվել Ավստրալիայից: Նատալին նախկինում այցելել է Հայաստան: Երեք տարեկան որդի ունենք, որի հետ խոսում ենք հայերեն: Մեզ համար շատ կարեւոր է, որ նա մեծանա՝ հարգելով մեր մշակույթն ու ժառանգությունը, ինչպես մեր ծնողներն են մեզ դաստիարակել։
Հայկական ինքնությունը, արժանապատվությունը եւ համայնքի աջակցությունը
Ինձ համար շատ կարեւոր է, որ յուրաքանչյուր մարդ իր մշակույթը ներկայացնի արժանապատվորեն եւ պատիվ բերի իր ժողովրդին։ Հայերի դեպքում դա նույնիսկ ավելի մեծ պատասխանատվություն է: 100 տարի առաջ տեղի ունեցած եւ շարունակվող ողբերգության ու դժվարությունների պայմաններում շատ կարեւոր է պահպանել հայկական ինքնությունը, ապրել արժանապատվությամբ եւ լավ ներկայացնել մեր մշակույթը։
Շատ շնորհակալ եմ նաեւ հայկական համայնքին այն աջակցության համար, որ ցույց են տվել ինձ եւ Նատալիին, եւ թե այն բանի համար, որ որպես համայնք՝ մենք միշտ աջակցել ենք միմյանց։ Մի քանի տարի առաջ ես եւ Նատալին Armenian Educational Foundation-ի հետ ստեղծեցինք կրթաթոշակային հիմնադրամ, որպեսզի աջակցենք Հայաստանում այն ուսանողներին, ովքեր ցանկանում են սովորել կինոարվեստ։ Այսպես նրանք կարող են սովորել առանց երկրից հեռանալու եւ իրենց տաղանդը ներդնել հայրենիքում՝ Հայաստանում՝ ֆիլմեր նկարելով եւ ստեղծագործելով։
Զրուցեց՝ Արմինե Բրսոյանը
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի
BRAVO.am


×
525







