Պատկերացրու՝ դու պառկած ես անկողնում և անհամբեր սպասում ես, թե երբ է մայրիկդ ընթերցելու քեզ համար նոր հեքիաթը։ Մի պատմություն, որն առաջին էջերից այնքան հետաքրքիր կլինի, որ կմոռանաս քնի մասին։
Եվ ահա մայրիկդ վերցնում է սիրուն ու վառ գիրքը՝ «Հրաշագործ մանչուկը»։ Սա պատմություն է Արեգի մասին, ով իր շան՝ Միլոյի և ընկերների հետ գնում է կախարդական ճամփորդություն։ Ճանապարհին նրանց սպասում են տարբեր փորձություններ, բայց բարության, արիության և երաժշտության շնորհիվ նրանք հաղթում են չարին։
Այսպես անցնում է մի քանի երեկո․ մայրիկդ կարդում է մեկական գլուխ, իսկ Արեգի պատմությունն ավելի ու ավելի է դուրդ գալիս։ Եվ ահա մի առավոտ իմանում ես, որ այսօր՝ հուլիսի 25-ին, մայրիկիդ հետ գնալու ես Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան՝ այդ գրքի շնորհանդեսին և հեղինակի հետ հանդիպմանը։
Ճանապարհին իմանում ես ավելի հետաքրքիր բան․ այնտեղ լինելու է ոչ միայն գրքի հեղինակ Կարո Կիրակոսյանը, այլև հայտնի դերասան Հրանտ Թոխատյանը, որն ինքն է կարդալու հեքիաթից մի հատված։ Գրադարանում դու կարծես հայտնվում ես Արեգի աշխարհում ու անհամբեր սպասում պատմության սկզբին։
Վերջապես գալիս է այդ պահը․ հյուրերը բարձրանում են բեմ ու նստում իրենց տեղերում։ Դահլիճը լռում է և սկսվում է շնորհանդեսը։ Առաջինը խոսում է գրքի հեղինակը ու պատմում, թե ինչպես է ստեղծել այս հեքիաթը․
«Թոռներ ունեմ, որոնք քիչ թե շատ հայերեն հասկանում են, բայց շատ վատ են խոսում։ Փոքր ժամանակ փորձում էի նրանց հայկական հեքիաթներ պատմել։ Այն հեքիաթները, որոնք կարդում էի (գուցե սխալ ընտրություն էի արել), ամեն դեպքում՝ նրանց այնքան էլ հասկանալի չէին։ Փորձեցի ինքս հեքիաթ գրել թոռնիկներիս համար»։
1992 թվականին հեղինակը տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ էլ ծնվել են նրա թոռները։ Որպեսզի չմոռանան հայոց լեզուն ու մշակույթը, պապիկը հորինեց այս պատմությունը։ Չնայած հեքիաթային սյուժեին՝ գլխավոր հերոսները հենց իր թոռներն են։ Առաջին անգամ լսելով հեքիաթը՝ նրանք իսկույն ճանաչեցին իրենց ու շատ սիրեցին այն։
Իսկ ընթերցողներին սպասում են ևս յոթ նոր հեքիաթներ։ Արդեն շատ շուտով՝ օգոստոսին, լույս կտեսնի հաջորդ գիրքը՝ «Այլմոլորակային Զուզու», որն անպայման կխնդրես մայրիկիցդ։
Այս նորությունից հետո խոսեց Հրանտ Թոխատյանը։ Նա պատմեց, որ Կարո Կիրակոսյանի հետ հին ընկերներ են։ Կարդալով հեքիաթը՝ Հրանտն այնքան էր հավանել պատմությունը, որ որոշել էր ձայնագրել այն աուդիոգրքի համար, որպեսզի դեռ կարդալ չիմացող երեխաներն էլ կարողանան լսել այն։ Հետո դերասանը ընթերցեց մի հատված․․․
Այս ջերմ մթնոլորտում էլ անցավ այս հեքիաթային հանդիպումը։ Իսկ վերջում բոլոր ցանկացողները, այդ թվում ՝ ձեր խոնարհ ծառան հնարավորություն ստացան մոտենալ օրվա հերոսներին ու նկարվել Կարո Կիրակոսյանի և Հրանտ Թոխատյանի հետ։ Բայց սա դեռ վերջը չէ, այլ նոր սպասման սկիզբ, չէ՞ որ շատ շուտով մեզ սպասում են նոր կախարդական հեքիաթներ։
Տեքստը եւ լուսանկարները՝ Մերի Մելիքջանյանի


×
144






