Ռեժիսոր եւ դերասան Արա Գևորգյանը 20 տարուց ի վեր աշխատում է Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում: Արա Գևորգյանի հետ փորձել ենք բացահայտել դերասանական արվեստի, թատրոնի, ոլորտի խնդիրների, արվեստագետ-հանդիստես կապի և այլ հետաքրքիր հարցեր:
- Ի՞նչ խնդիրներ ունի թատերական մշակույթը այսօր:
- Ես շատ կուզենայի թատրոններում տեսնել հայ դասական հեղինակների ստեղծագործությունների հիման վրա արված բեմադրություններ: Ես չեմ ասում՝ անտեսեն արտասահմանյան հայտնի հեղինակներին, բայց բեմադրվեն այնպիսի գործեր, որտեղ մեր հասարակությունը կգտնի իրեն հուզող հարցերի պատասխանները: Հայ դասական հեղինակների այնպիսի գոհարներ ունենք, որոնք սովետական շրջանում արգելում էին, իսկ հիմա կարծես թե արգելք չկա: Շատ կցանկանայի, որ թատրոնում իմ գործընկերները ավելի հաճախակի անդրադառնային այդ գոհարներին: Մենք վերջին շրջանում շատ դժվար տարիներ ենք ունեցել՝ Արցախ ենք կորցրել, մեր հայրենակիցները այստեղ են գտնվում, պատերազմի միջով ենք անցել, հերոսներ ենք ունեցել, որոնք հերոսական մարտեր են վարել… Կցանկանայի այդ թեմային անդրառանայինք:
Հայ թատերական մշակույթի խնդիրներից է նաև այն, որ վերջին շրջանում շատ թատրոններ փակվեցին, օրինակ՝ «Գոյ» թատրոնը, որը, կարծում եմ, անհապաղ պետք է վերաբացել, որովհետև այն համարվել է այնպիսի մշակութային օջախ, որտեղ բեմադրվում էին ժամանակակից գործեր, որոնք երբեք Հայաստանում չեն բեմադրվել: Հրաշալի բեմադրություններ էին դրանք: Սերունդներ են դաստիարակվել այդ ներկայացումներով: «Գոյ» թատրոնում աշխատում էին հրաշալի դերասաններ և ռեժիսորներ: Այդ մշակութային օջախը պետք է վերականգնվի: Կցանկանայի այդ խնդիրը լուծվեր:
- Ինչպիսի՞ն է ժամանակակից դերասանի կյանքը կուլիսների ետևում:
- Հետաքրքիր, համատեղ կոլեկտիվ աշխատանքի շնորհիվ է, որ ստեղծվում է ներկայացումը: Էլ ավելի հետաքրքիր է դառնում այդ աշխատանքը, երբ հումորով է շաղախված: Փորձում ենք այս դժվար ժամանակաշրջանում ստեղծագործական կյանքով մեզ փոքր-ինչ շեղել առօրյայի հոգսերից:
- Ինչպե՞ս կբնութագրեք այսօրվա հանդիսատեսին:
- Այսօրվա հանդիսատեսը պետք է գիտակցի, որ թատրոն գալով, լավ ներկայացում դիտելով՝ փոխում է իր ամբողջ արժեհամակարգը: Թատրոնում աշխատողներս քաջ գիտակցում ենք, որ այսօրվա հանդիսատեսն իր ուղեղը սովորեցրել է համացանցում տարածված անհեթեթություններ նայելուն, իրեն հուզող հարցերը անմիջապես ուղղում է արհեստական բանականությանը, համատարած այս գլոբալիզացիայի դարաշրջանում անհատը կորցնում է իր մարդկային շատ կարևոր հատկությունները…
Իսկ Արվեստը մեզ միշտ հիշեցնում է այն բարոյական, հոգևոր, ազգային սկզբունքների մասին, որի միջոցով ստեղծվում է այն կարևոր արժեհամակարգը, որը յուրաքնչյուրիս պետք է առաջնորդի այս խայտաբղետ աշխարհում: Ցավոք սրտի ներկայացումներ ենք ունենում, երբ հանդիսատեսից ոմանք թողնում-գնում են: Այնպես չէ, որ ներկայացումը հետաքրքիր չէ, ո′չ… Գնում է, թող գնա, բայց պետք է գիտակցի, որ այդ ընթացքում մի շատ կարևոր բան կորցնում է, որը ԱԲ-ից չի կարողանա երբեք ստանալ:
- Շա՞տ են դերասան դառնալ ցանկացողները:
- Իհարկե, շատ են և, բարեբախտաբար, բազմաթիվ շնորհքով երիտասարդների եմ տեսնում, ովքեր ուզում են դառնալ դերասան: Ինստիտուտ ավարտելով չէ, որ կարելի է դերասան դառնալ: Ոչ, դու պետք է դա ապացուցես քո քրտնաջան աշխատանքով: Շատ շնորհալի երիտասարդներ, ցավալի բան եմ ասում, բավարարվում են մեկ-երկու-երեք սերիալում նկարահանվելով, այսինքն, հասնում են նրան, որ հասարակությունը կարող է իրենց մատով ցույց տալ և այդքանով բավարարվելով չեն ցանկանում շարունակել ուսումնասիրել իենց մասնագիտության գաղտնիքները և հասնել դերասանի բարձրագույն կարգավիճակին՝ Արտիստ կոչվելուն: Շատերը բավարարվում են նրանով, որ իրենց ճանաչեցին, ուրեմն իրենք հասել են նրան, որ կարող են գնալ երեկույթներ, հանդիսություներ վարել, գումար վաստակել և այդքանվ բավարարվում են… Այ այդտեղ ընկնում են ծուղակը: Կցանկանայի, որ այդ շնորհալիները ձգտեին հասնել մեր մասնագիտության բարձրագույն կոչմանը՝ Արտիստ կոչվելուն:
- Թատրո՞ն, թե՞ կինո:
- Ես տարբերություն շատ չեմ դնում: Ինձ համար կարևոր են և թատրոնը, և կինոն: Չնայած՝ թատրոնում ավելի շատ ծանրակշիռ ու հետաքրքիր աշխատանքներ եմ ունեցել թե որպես ռեժիսոր, թե որպես դերասան: Տարբեր թատրոններում եմ բեմադրություններ ներկայացրել՝ Մհեր Մկրտչյանի արտիստական թատրոնում բեմադրել եմ Շեքսպիրի «Կամակոր կնոջ սանձահարումը» կատակերգությունը: Երկու տարի առաջ էլ՝ Ալդո Նիկոլայիի «Աշնանային պատմություն»-ը տրագիկոմեդիան:
Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական թատրոնում՝ Ջերոմ Քիլթիի «Սիրելի ստախոսը», Արշակ Սեմիրջյանի «Դարպասներն են բացվում» պիեսի հիման վրա բեմադրությունը: Ուսումնական թատրոնում եմ ներկայացումներ ունեցել իմ ուսանողների հետ, որը շատ վաղուց էր, երբ դասավանդում էի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: Եվ շուտով ես իմ հարազատ թատրոնում իմ բեմադրությունը կանեմ՝ առաջարկություններ կան…
Նկարահանվել եմ նաև ֆիլմերում՝ «Երևան բլյուզ»՝ Միքայել Պողոսյանի հետ, Արամ Շահբազյանի հետ՝ «Մոսկվիչ, իմ սեր» գեղարվեստական, «Գորգեր»՝ կարճամետրաժ ֆիլմերում, Մհեր Մկրտչյանի «Լյուդվիգ անունով ոզնին» ֆիլմում, հայ-ռուսական համատեղ ֆիլմերում, որտեղ վերջերս եմ նկարահանվել՝ «Մանյունյա», «Դարի գտածոն»:
Մեծ ցանկություն ունեմ նաև կարճամետրաժ ֆիլմ նկարահանել: Հիմա դրա վրա էլ եմ աշխատում…
- Ինչո՞վ է այսօր զբաղված դերասան եւ ռեժիսոր Արա Գեւորգյանը։
- Երեսուն տարուց ի վեր աշխատում եմ իմ մասնագիտությամբ և այդ տարիների ընթացքում շատ դերեր եմ մարմնավորել թե կինոյում, թե թատրոնում, բայց կցանկանայի նշել իմ վերջին աշխատանքները: Նախ նշեմ իմ հարազատ Դրամատիկական թատրոնում կատարած վերջին աշխատանքս, դա Մաշտյուի դերակատարումն է Ժան Անույի «Օրնիֆլ» պիեսի հիման վրա ստեղծված ներկայացման մեջ:
Բեմադրության հեղինակը Հրաչյա Հարությունյանն է: Հետաքրքիր աշխատանք ստացվեց, հանդիսատեսը մեծ հաճույքով է դիտում այդ ներկայացումը և մինչ օրս լեփ-լեցուն դահլիճներով է անցնում այն: Կնշեմ նաև իմ մոնոներկայացման՝ Անտոն Չեխովի «Ծխախոտի վնասի մասին» մենախոսությունը, որը ներկայացրել եմ տարբեր միջազգային փառատոններում: Այդ ներկայացումը շատ եմ սիրում և բազմաթիվ հրավերներ ունեմ տարբեր երկրներից, տարբեր փառատոններից: Յուրաքանչյուր ներկայացումից հետո այն ավելի շատ է հետաքրքրում հանդիսատեսին:
Ներկայումս աշխատում եմ այլ մոնոներկայացման վրա, որը ապագայում կներկայացնեմ հանդիսատեսին: Կցանկանայի նշել Ուսուցչի դերակատարումս Արթուր Սահակյանի «Կուսակալը» բեմադրության մեջ, այդ պատմական դրամայի հեղինակը Սամվել Մհերյանն է: Ներկայացման գործողությունները կատարվում են նախաքրիստոնեական Հայաստանում, որտեղ պատկերված է, թե ինչպես է հայ ազգը վերականգնում իր կորցրած պետականությունը, ընդունում քրիստոնեություն և ստեղծում աշխարհի առաջին քրիստոնեական պետությունը:
Կուզենայի նշել նաեւ Գնդապետի դերը Նունե Աբրահամյանի «Լուիջիի սիրտը» ներկայացման մեջ՝ Արթուր Սահակյանի բեմադրությամբ, «Գարեգին Նժդեհ կամ իրական առասպել» կենսագրական ներկայացումը, որտեղ հանդես եմ եկել Սամվել Բաղինյանի հետ (ինքն է հավաքել այդ պատմական նյութերը)՝ ներկայացնելով Գարեգին Նժդեհին՝ որտեղ խոսվում է 20-րդ դարեսկզբի հայ ժողովրդի համար ճակատագրական դեպքերի մասին: Եղիշե Չարենցի ամենահայտնի ստեղծագործությունների հիման վրա ստեղծված «ՔԵՖՍ ԼԱՎ Ա՜...» պոետիկ ներկայացումը՝ դարձյալ Արթուր Սահակյանի բեմադրությամբ, որտեղ ես, Սամվել Բաղինյանը և Սերգուշ Բաբայանը ներկայացնում ենք Եղիշե Չարենցի հայտնի գործերը։
Առանձնահատուկ կուզենայի նշել «Մեղա» ներկայացումը, որտեղ համառոտ պատկերում ենք հայկական բանաստեղծական հանճարի խորհրդանիշ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգությունը» Արթուր Սահակյանի բեմադրությամբ:
Հարցազրույցը՝ Մարինե Թաթոյանի
Լուսանկարները՝ Արա Գեւորգյանի անձնական արխիվից։


×
169







