Վերցնում ես վիրտուալ իրականության ակնոցները, դնում դրանք եւ մի ակնթարթում տեղափոխվում 5300 տարի հետ՝ Լյանչժուի դարաշրջան: Աչքերիդ առջեւ կենդանանում է հնագույն քաղաքակրթությունը. բրնձի արտեր, ամենօրյա գործերով զբաղված մարդիկ, ինքնատիպ մշակույթ, կրոնական հավատալիքներ ու ծիսակատարություններ: Հենց այսպիսի ճանապարհորդություն ժամանակի մեջ է առաջարկում «Լյանչժուի դարաշրջան. ծիսական կարգի աշխարհը» նոր գերիմերսիվ ցուցահանդեսը:
Մինչեւ օգոստոսի 31-ը Հայաստանի նկարիչների միության Մարտիրոս Սարյանի անվան ցուցասրահում այցելուները կարող են տեսնել Չինաստանի Ճեճյան նահանգային թանգարանից բերված ավելի քան հարյուր հնագիտական ցուցանմուշ եւ ժամանակակից թվային տեխնոլոգիաների միջոցով նորովի բացահայտել աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկը:
Ցուցահանդեսի առանձնահատկությունն այն է, որ այցելուները ոչ միայն ծանոթանում են իսկական հնագիտական գտածոներին, այլեւ դառնում են իրադարձությունների մասնակիցը: Վիրտուալ իրականության ակնոցների շնորհիվ հյուրերը կարող են բառացիորեն հայտնվել Լյանչժու քաղաքում, տեսնել նրա կառուցվածքը, ծանոթանալ նրա բնակիչների կենցաղին, մշակույթին, կրոնական ավանդույթներին եւ ծեսերին:
Լյանչժուի գլխավոր ձեռքբերումներից մեկը դարձավ զարգացած հիդրոտեխնիկական համակարգը: Տայխու լճի մոտ գտնվող քաղաքն ուներ պատնեշների, ջրանցքների եւ ջրամբարների բարդ ցանց, որոնք այն պաշտպանում էին ջրհեղեղներից եւ ջրով ապահովում չոր ժամանակահատվածում: Արդեն հինգ հազար տարի առաջ բնակիչները ստեղծում էին մասշտաբային ինժեներական կառույցներ, որոնք շարունակում են հիացնել հետազոտողներին նաեւ այսօր:
Հենց այս գաղափարն է դարձել ցուցահանդեսի գլխավոր ուղերձը: «Հայ-չինական գործընկերության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Մխիթարյանը նշեց, որ ցուցահանդեսը ցույց է տալիս՝ դեռեւս 5000 տարի առաջ մարդիկ կարողացել են համատեղ աշխատել, հաղթահարել բնության մարտահրավերները, ստեղծել ինժեներական բարդ կառույցներ եւ խաղաղ համակեցության ուղիներ գտնել։ Նրա խոսքով՝ մարդկության զարգացման ճանապարհը հնարավոր է միայն խնդիրների համատեղ լուծման միջոցով։
Նրա խոսքով՝ վիրտուալ իրականության տեխնոլոգիաները այցելուներին թույլ են տալիս իրենց զգալ հնագույն քաղաքակրթության կյանքի մի մասնիկը. «Շատերին կհետաքրքրի այս ցուցահանդեսը: Հայերը սիրում են հնագույն իրեր, հնագույն պատմություններ ու առասպելներ: Նրանց համար հետաքրքիր կլինի, թե ինչպես են ապրել եւ արարել չինացիների նախահայրերը»:
Ցուցահանդեսը կազմակերպվել է Չինաստանի Ճեճյան նահանգային թանգարանի, «Գոտի եւ ճանապարհ» մշակութային զարգացման ասոցիացիայի, Հայաստանի նկարիչների միության եւ «Հայ-չինական գործընկերության կենտրոն» հասարակական կազմակերպության համագործակցությամբ։
Հայաստանն առաջին երկիրն է, որտեղ ներկայացվում է այս գերիմերսիվ ցուցահանդեսը: Արդեն օգոստոսին նմանատիպ ցուցահանդես կբացվի Ղրղզստանի բնակիչների համար, իսկ սեպտեմբերին ցուցադրությունն առաջին անգամ կներկայացվի Չինաստանում:
Հարցազրույցը եւ լուսանկարները՝ Մերի Մելիքջանյանի


×
138






