×


Սիմոն Աբգարյան. «Մենք իրար ճանաչում ենք, բայց մոռացել ենք, որ ճանաչել ենք․ պետք է անցյալ վերադառնանք»

Դերասան, բեմադրիչ, դրամատուրգ Սիմոն Աբգարյանն այս տարի «Ոսկե ծիրան»-ի պատվավոր հյուրերից էր, իսկ կինոփառատոնի օրերին Երեւանում ցուցադրվեցին նրա մասնակցությամբ երկմասանոց «Դը Գոլի մարտը» եւ «Դը Գոլ. Ազատություն» ֆիլմերը: 

Նախ ֆրանսիական կինոյի եւ թատրոնի բարձրագույն «Մոլիեր» եւ «Սեզար» թատերական մրցանակների դափնեկիրը ՀԲԸՄ շենքում հանդիպում ունեցավ իր արվեստի սիրահարների ու լրագրողների հետ, ինչից հետո խոստացել էր երկու հարցազրույց տալ: Առաջինը ֆրանսիական հեռուստասլիքներից մեկին էր, երկրորդը՝ Bravo.am-ին:

Հանդիպումից հետո Աբգարյանի ուղեկցությամբ ամբողջ խմբով ուղեւորվեցինք Կինոյի տուն: Այդ ճանապարհին մարդիկ ճանաչում ու մոտենում էին նրան, հետը ֆրանսերեն զրուցում ու լուսանկարվում: Քայլելու ընթացքում Աբգարյանն անընդհատ քթի տակ հայկական աշուղական երգեր էր կատարում: 

Նրա հետ մեր երկար սպասված զրույցը մի քիչ փիլիսոփայական ստացվեց՝ կյանքի իմաստի, անցյալ վերադառնալու, ստեղծագործելու ու նոր անելիքների մասին:

- 2024 թվականից սկսած, երբ Երեւան էիք բերել «Էլեկտրան թշվառների աշխարհում» ներկայացումը, Ձեզ հետ պայմանավորվում էինք հարցազրույցի համար, բայց չէր ստացվում: Հետո Համազգայինում բեմադրեցիք «Պենելոպե, օ՜, Պենելոպե»-ն ու էլի շատ զբաղված էիք, հիմա վերջապես մեր հանդիպումը կայացավ: Այս երկու տարիների ընթացքում ի՞նչ է փոխվել Ձեր կյանքում։

- Ոչ մի կարեւոր փոփոխություն տեղի չի ունեցել։ Կարդում եմ, գրում, նոթեր եմ անում, բնության մեջ պտտվում․ ապրում եմ: Հատուկ տարբերվող բաներ չեմ անում:  

- Ի՞նչ եք գրում ու ի՞նչ եք կարդում այս փուլում։

- Նոթեր եմ անում նոր սցենարի ու նորկայացման համար, դեռ փնտրտուքների մեջ եմ: Իսկ կարդում եմ հիմնականում բանաստեղծություններ եւ փիլիսոփայական աշխատանքներ: 


- Ունե՞ք այնպիսի վայրեր, որտեղ սիրում եք առանձնանալ։

- Փարիզից 4,5 ժամ հեռավորության վրա գտնվող մի շատ գեղեցիկ լեռնային գյուղում մեծ տուն ունեմ: Այնտեղ շատ հանգիստ է ու առանձնանալու համար բավական հարմար: 

- Ձեր պիեսներում անտիկ գրականությանը շատ ենք անդրադառնում: Հեղինակնե՞րն են շատ իմաստուն եղել ու հավերժական թեմաների են անդրադարձել, թե՞ մարդիկ իրենց էությամբ չեն փոխվում։

- Մեր քաղաքակրթության հիմքը հենց այդ գործերում է, դրա համար էլ հենց անտիկ գրականությունից եմ իմ սնունդն առնում, ինչպես նաեւ՝ Շեքսպիրից: Հույներն արդեն ամեն սցենարի հիմքն ու ոճը դրել են: Էվրիպիդես կամ հեքիաթներ եմ կարդում ու ինձ համար բազմաթիվ խորհելու թեմաներ ստանում: Այնտեղ ամեն ինչ կա՝ կյանք, փիլիսոփայություն, պատերազմ, պոեզիա: Հստակ երկխոսություններ են հնչում ու մարդկային գլխավոր հարցերը բարձրաձայնում։ Թեկուզ 3000 տարի առաջ են գրվել, բայց ինձ համար մինչեւ հիմա արդիական եւ ժամանակակից գործեր են։  

- Ինչո՞ւ է Ձեզ համար այդքան կարեւոր վերադարձի թեման, որի մասին խոսում եք «Պենելոպե»-ում։ Այս տարվա կարեւոր կինոպրեմիերաներից մեկում՝ «Ոդիսական»-ում էլ Քրիստոֆեր Նոլանն է անդրադառնում դրան։ Ի՞նչ եք փնտրում եւ ո՞ւր ենք ուզում վերադառնալ:

- Մեր առաջնակարգ արգանդն ենք փնտրում, այսինքն՝ վերադառնում ենք դեպի մեր էությունը: Վերադարձն ինքնությունդ գտնելու համար է, թե որտեղից ես եկել, որտեղից է հիմքդ սկսվել, առաջին տառդ որն է․ դա է շատ կարեւոր։ Ժամանակակից թեմաներով հետաքրքրված չեմ: Վերադարձը, որի մասին գրվել է դեռ շատ վաղուց, ինձ համար շրջապտույտի պես է (ձեռքերով շրջան է ցույց է տալիս,-հեղ.), ոնց պտտվում ես, շուքդ առջեւդ է, առջեւդ՝ շուքդ: Առջեւի, ետեւի, վերի, վարի հարց է։ Գտնում եմ, որ վերադարձը դրա կենտրոնում է։ 


- Վերադարձի փնտրտուքների մե՞ջ եք։

- Միշտ:

- Իսկ կարեւորը վերջնակետին հասնե՞լն է, թե՞ ընթացքը։

- Իհարկե, ընթացքն է կարեւոր: Ոնց ես ծառ կամ ծաղիկ տնկում, պտուղը հետո է կարեւոր, բայց այն նախ պետք է գուրգուրես, ջրես ու խնամես, որ բերք տա: Նույնն էլ այս դեպքում է, ճանապարհն է ավելի կարեւոր: 

- Առաջին հերթին ո՞ւմ համար եք ստեղծագործում, պիեսներ գրում, խաղում, բեմադրում: Ո՞րն է Ձեզ սնուցող ակունքը։

- Գիտես, միայնության հարց է: Երբ գրում ես, միայանակ ես ու քեզ հետ ոչ մեկ չկա: Սովորաբար գրելիս իմ գործերը բարձրաձայն կարդում եմ, խաղում բոլոր կերպարների փոխարեն, որ եղանակը լսեմ։ Բարձր ձայնով կարդալն ինձ համար կարեւոր մի բան է, լրիվ տարբերվող մարզանք։ Ոչ ինձ համար եմ գրում, ոչ էլ որեւէ մեկի, ինձնով եմ գրում: Իմ մեջ մի բան կա, որը միանում է, ու սկսում եմ գրել: Երբեմն իմ գործերից պատահաբար կարդում եմ ու մտածում. «Սա ե՞ս եմ գրել»: Ես չեմ գրել, այդ ուրիշ բանն է արել: Միշտ ուզում եմ, որ գրածս ինձնից ավելի մեծ լինի, ոնց որ սար մագլցեմ, ես բլուրով հետաքրքրված չեմ։ 

- Ստեղծագործական առումով Ձեր ուզած այդ սարին արդեն հասե՞լ եք:  

- Դեռ գրում եմ։ 


- Իսկ ի՞նչ է՝ պիե՞ս, գի՞րք։

-Վերադարձի մասին է, միշտ վերադարձի։ «Պենելոպե»-ում ամենակարեւոր տեսարաններից մեկն այն է, որ իրար չեն ճանաչում: Տարիներ անց հայրն ու որդին, կինն ու ամուսինը հանդիպում են եւ իրար չեն ճանաչում: Դա է ողբերգությունն ու մարդկությունը: Այդ պահի, տարածքի ու լռության մեջ է ամեն ինչ տեղի ունենում։ Հարցնում է. «Դու ո՞վ ես», «Ես քո ամուսինն եմ»,- հնչում է պատասխանը: «Չեմ հավատում»,- նորից է ասում կինը՝ Պենելոպեն: Ներսումդ երկրաշարժի պես է արձագանքում, ողջ էությունդ շարժվում է։ Պետք է համոզես, փաստ տաս, որ դու հենց դու ես, ու դա է, որ ինձ հետաքրքրում է այդ գործի մեջ։

- Ձեր դեպքում ինչպե՞ս է այդ վերադարձն արտահայտվում, մենք ինչպե՞ս իրար չենք ճանաչում։

- Մենք իրար ճանաչում ենք, բայց մոռացել ենք, որ ճանաչել ենք։ Պետք է անցյալ վերադառնանք: Հետ գնալը հետամնացություն ու հրաժարվել չէ, դեպի հետ քայլելը ինքնությունդ հասկանալն է։

- Մինչեւ ո՞ր կետը հետ գնանք։

- Մինչեւ իրար փաթաթվենք ու ճանաչենք միմյանց։ 

- Այս դեպքում ի՞նչն է կարեւոր դառնալու՝ սե՞րը։

- Սերն ամեն ինչի հիմքն է, պետք է այդ սիրո թեւերին շունչ տանք ու թողնենք դեպի երկինք բարձրանան: 


- Իսկ ինչպե՞ս․ պատասխանը չունենք:

- Իրար մտիկ անելով, միմյանց լավ նայելով, ժամանակ տալով, իրարից ու միմյանց լռությունից չխուսափելով, մյուսի հայացքից չվախենալով: Առհասարակ, պետք չէ վախենալ, որ դիմացինդ նայում է քեզ ու մինչեւ հոգուդ հատակը տեսնում: Չփորձել թաքնվել ու գաղտնիքներ չպահել։  

- Այսինքն՝ ազնի՞վ լինել։

- Այո, ազնվության հարց է, եթե ազնիվ չլինես, չես կարող մյուսի հետ երկխոսել, փոխարենը նրան ժխտելու ես ու կոտորես: Այդ ժխտումն է, որի դեմ պայքարում եմ: 

-Ասում եք, որ  մարդիկ էլ, Դուք էլ սիրո պակաս ունեք: Ինչպ՞ես է դա արտահայտվում: 

- Միանգամից երեւում է ու հատկանիշներն ի հայտ են գալիս՝ անձնասիրություն է տիրում, անգիտություն, վարկաբեկում, անտեսություն։ Ամեն տեղ է այդպես, միայն Հայաստանում չէ, այստեղ գոնե իրար նման հարցեր ենք տալիս, հետաքրքրվում, թե ինչի՞ պակասն ունենք։ Այդ մարդկային ներդաշնակությունը դեռ մեր մեջ մնացել է: Հետո, գիտե՞ս, դժբախտություն է եւ մի քիչ անեծք, որ բանաստեղծ, արվեստագետ կամ հոգեւորական ես: Քո տառապանքներն ավելի շատ են, քանի որ տեսնում ես այն չարիքները, որոնք մարդիկ չեն ուզում նկատել: Իհարկե, խնդիրները լուծել չես կարող, բայց ուրախանում ես, որ դրանց մասին գոնե բարձրաձայնում ես: Հայելու մեջ ցույց ես տալիս. «Տեսեք, մենք սա ենք»: Բայց այդ հայելին կոտրված է ու նախ քեզ ես վնասում, բայց եթե չվնասվես, ոչինչ էլ չի ստացվի:

- Արվեստն ինչ-որ բան կարո՞ղ է անել այդ խնդիրների ու վերքերի հետ:

- Արվեստը բուժում չէ ու ոչինչ էլ չի կարող անել, միայն հայտնում է եւ վերքի վրա լույս սփռում: Վերքը լավ գիրք է, որից կարող ես օգտակար բաներ սովորել: Ես ուզում եմ հասկանալ, թե վերքիս պատճառը որտեղից է գալիս ու որն է ակունքը: Արվեստը հասկացված լինելու ու ներքին խաղաղություն գտնելու մասին է: 


- Իսկ Դուք այդ խաղաղությունը գտե՞լ եք կամ գոնե մոտեցե՞լ եք դրան:

-Ոչ, ոչ, ո՞նց գտնեմ։ Բաներ կան, որ ինձ էլ չեն վախեցնում կամ անհանգստացնում՝ ճանաչումը, փառքը, փողը, սիրվելը: Փոխարենը հանգստություն գտնելն է ինձ համար կարեւոր, դիմացինի շունչը զգալը, օգնելը, իրար հետաքրքիր լինելը: Մինչդեռ իրար մտիկ չենք անում: Հարցնում ենք. «Ո՞նց ես», բայց պատասխանը մեզ պետք չէ: Եթե իսկապես ուզում ես այդ մասին իմանալ, մի հարցրու: Ես լավ չեմ, ոչ մեկն էլ լավ չէ, բոլորս տագնապի մեջ ենք։ Այդ ցավը ճանաչելով է, որ պետք է ուրախություն, զվարճություն, քեֆ, երաժշտություն ստեղծենք: Դրանք են, որ մեզ ողջ են պահում, այդ թվում՝ արվեստը, բնությունը, աղոթքը, մեր եկեղեցին, հավատքը, իզուր բաներ չեն հայերի համար: Մեր հիմքերն են, դրանք են մեզ պահել, մեր աղն ու հացն են, մեր անձրեւն են, մեր արեւը, մեր ամեն ինչը։ Առանց դրանց կմեռնենք, կսնանկանանք, կսպանվենք։  

- Տագնապներից խոսեցիք, անելանելի ու վատ վիճակներում ի՞նչն է Ձեր հենարանը դառնում եւ ինչի՞ վրա եք հույսը դնում։ 

- Գրականության, բանաստեղծության, երաժշտության, այսպիսի զրույցների, ճամփորդելու, երկրից դուրս գալու, ներս վերադառնալու: Խնդրից պետք է մի քիչ հեռանալ, որպեսզի կարողանաս նրան ուրիշ աչքով նայել ու չվախենալ:

- Որո՞նք են Ձեր գրքերը, ֆիլմերը, երաժշտությունը, հեղինակները:

- Շեքսպիրին եմ սիրում, ֆրանսիացի հեղինակների եմ շատ կարդում, բայց նրանց անունները չեմ տա, քանի որ Հայաստանում քչերին են ծանոթ: Բանաստեղծություններ եմ սիրում, արաբերեն ու հայերեն երգեր եմ լսում, հատկապես՝ աշուղական: Դրանք ինձ մտորելու շատ նյութ են տալիս, ինչպես նաեւ փիլիսոփայական գործեր՝ Պլատոն, Սոկրատես: Հանգիստ կարդում եմ ու փորձում հասկանալ, թե ինչ են գրել։ Վերջերս համարյա թե ֆիլմեր չեմ դիտում, թատրոն էլ չեմ գնում, շատ հոգնած եմ։ Համազգայինում բեմադրություն անելիս էլ իմ գործի վրա էի կենտրոնացած ու այստեղի թատրոններում չեմ եղել։ 


- Առաջիկայում ի՞նչ եք մտադիր բեմադրել:

- 1-2 սցենար եմ գրում, ուզում եմ հայկական երաժշտության մասին վավերագրական ֆիլմ անել: Գաղափարս դեռ շատ գլոբալ է, ուսումնասիրություններ եմ անում, գրում, հանգստանում:  

- Ի՞նչ եք ուզում սովորել:

- Լեզուներ՝ ռուսերեն, պարսկերեն, հունարեն, կորեերեն:

- Ե՞րբ եք վերջին անգամ շատ երջանիկ եղել։

- Շա՞տ:

- Կամ գոնե երջանիկ:

- Երջանկությունը փոքր չափաբաժիններով եմ ապրում, բայց ընդհանրապես լավն եմ, ուրախ եմ, երջանիկ մարդ եմ։

- Որտե՞ղ եք Ձեզ ամենալավը զգում:

- Ֆրանսիայի գյուղի տանս: 

- Ի՞նչ է հնարավոր փոխել աշխարհում դեպի լավը:

- Կարելի է զարգացնել երեխաների մտքերը եւ ոգիները։


- Ինքներդ Ձեզ առավել հաճախ ի՞նչ հարց եք տալիս:

- Գլխավոր մտայնությունս այն է, թե ոնց խաղաղություն բերեմ առանց իմ մարդկությունը եւ սկզբունքները զիջելու։

- Ի՞նչ եք տեսնում հայելու մեջ նայելիս:

- Հպարտություն։

- Ի՞նչն է Ձեզ վստահ դարձնում:

- Իմ արվեստը։

- Ի՞նչը կամ ո՞վ է Ձեզ համար գեղեցիկ:

- Գեղեցկությունն ամեն տեղ է, միայն աչքդ բաց։

- Ի՞նչ եք հիմա ամենաշատն ուզում։

- Հանգստանալ, քնել։


- Ինչպիսի՞ն էր Սիմոն Աբգարյանը 10 տարեկանում:

- Բավական սուպերակտիվ։ 

- Իսկ 30-ո՞ւմ:

- Սուպերակտիվ:

- Հիմա ինչպիսի՞ն է դարձել:

- Ավելի հանգիստ է, պարզապես ակտիվ։

- Ի՞նչ կմաղթեք բոլորիս:

- Երջանկություն եմ մաղթում։ 

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի

Կարդալ ավելին

Quality Sign BW