×


Պենելոպե Կրուս. «Հույս ունեմ, որ մենք պարզապես մսի կտոր չենք»

Պենելոպե Կրուսը երկու տարվա դադարից հետո նորից է զարդարել իսպանական Vogue-ի շապիկը: Նա արդեն 16-րդ անգամ է հայտնվում հեղինակավոր ամսագրում:

Լոնդոնաբնակ լուսանկարիչներ Շոնն ու Սենգն են իրականացրել 52-ամյա դերասանուհու նոր ֆոտոշարքը, որի ընթացքում նա կրել է Chanel-ի մի քանի զգեստ։ Բրենդի դեմք հանդիսացող Կրուսն ամսագրի շապիկին ներկայացել է 2026-ի աշուն-ձմեռ հավաքածուի հուլունքազարդ նուրբ զգեստով։ Նա նաեւ շեկ կեղծամ է կրել, իսկ կերպարն ամբողջացրել է Cartier-ի սպիտակ ոսկուց եւ ադամանդներից պատրաստված հսկայական վզնոցը։


Հարցազրույցի ժամանակ դերասանուհին խոսել է կլիմայի փոփոխության եւ կյանքի տարբեր ոլորտներում արհեստական բանականության կիրառման հետ կապված իր մտահոգությունների մասին:

«Շատ եմ մտահոգված տեղի ունեցող հրդեհներով ու այն փաստով, որ դեռեւս կան մարդիկ, ովքեր կասկածի տակ են դնում կլիմայի փոփոխությունը: Դրա մասին վկայող բազմաթիվ փաստեր կան»,- անհանգստացած նշել է նա:


Ապա Կրուսն անդրադարձել է թվային աշխարհին ու դրանից բխող հետեւանքներին. «Փաստերը, կարծիքները եւ ստերը խառնված են իրար։ Մարդիկ պատրաստ չեն այդքան մեծ ծավալի տեղեկատվություն մարսել։ Տխրում ու զայրանում եմ, որ երիտասարդ սերունդը ստիպված է մեծանալ այս պայմաններում։ Մենք անգամ բնորոշում չենք կարող տալ այս երեւույթին. այն վեր է ինստիտուցիոնալ քաղաքականությունից։ Կարծում եմ՝ սա շատ լուրջ խնդիր է։ Ինչպե՞ս ու որտե՞ղ կարող ենք ստուգել տեղեկությունները: Հույս ունեմ, որ մարդիկ կձեւավորեն մի շարժում եւ կասեն՝ մենք չենք հրաժարվելու մարդկային շփումից: Առանց դրա շատ երեւույթների վերջը կգա: Դա նաեւ բացատրում է այն հանգամանքը, թե ինչու վերջին տարիներին այդքան շատացել են դեպրեսիան ու անհանգստությունը: Չենք կարող աչք փակել ու թույլ տալ, որ ապագա սերունդները կրեն դրա հետեւանքները: Ամեն ինչ չէ, որ կարելի է թույլ տալ»:

Դերասանուհու կարծիքով՝ արհեստական բանականության կիրառումը բժշկության եւ հետազոտությունների ոլորտում հիանալի է, բայց շատ այլ ոլորտներում այն արդեն խնդրահարույց է. «Միլիոնավոր մարդիկ առանց աշխատանքի են մնում: Ապագայի ազատ ժամանակի մասին խոսելիս մարդիկ մոռանում են, որ մենք նպատակի կարիք ունենք, որը մեզ առաջ կտանի ու իմաստ կտա մեր կյանքին: Մյուս կողմից՝ մարդիկ չեն գիտակցում, թե որքան վտանգավոր է ենթարկվել այս տոտալ վերահսկողությանը: Լավ ֆիլմը, վեպը կամ նկարն այնպիսի ապրումներ են առաջացնում, որոնք դիպչում են մեր հոգուն: Դրա հետ արհեստական բանականությունը չի կարող մրցել, որովհետեւ այն հոգի չունի։ Հույս ունեմ, որ մենք պարզապես մսի ու ոսկորի մի կտոր չենք: Ես յուրովի հավատում եմ Աստծուն ու այն բանին, որ մենք միայն այն չենք, ինչ տեսնում ու շոշափում ենք երկրի վրա»:


Դերասանուհին խոստովանել է, որ խորապես հուզվում է, երբ պատանիները մոտենում են իրեն ու խոստովանում, որ նրանց համար երազանքներին հասնելու օրինակ է. «Գիտեմ, որ շատ անկեղծ են ասում: Ինձ շատ բախտավոր եմ զգում, որ այն մարդկանցից մեկն եմ, ովքեր մասնակցում են ավելի մեծ մի բանի ստեղծմանը: Երբ փոքր էի, ամբողջ ուժով աղոթում էի, որ լիովին նվիրվեմ այն ամենին, ինչ սիրում եմ: Ինձ համար դրանք պարն ու դերասանական արվեստն էին: Երդվում եմ, որ ամեն օր աղոթում էի դրա համար։ Հիմա էլ շնորհակալ եմ, որ այսքան տարի անց շարունակում եմ իմ գործին նվիրված լինել ու դրանից հաճույք ստանալ»։

Պենելոպե Կրուսն այս շրջանում Լոս Անջելեսում նկարահանվում է Նենսի Մայերսի նոր ֆիլմում, որի անվանումը դեռ հայտնի չէ։ Դերասանուհու խաղընկերներն են Օուեն Ուիլսոնը, Քիրան Քալքինը եւ Ջուդ Լոուն։

Կարդալ ավելին

Quality Sign BW