×


ARMAT Fest 2026․ Դիլիջանում ժամանակակից հայկական մշակույթը միավորեց մի քանի հազար այցելու

Օգոստոսի 15-ին Դիլիջանը մեկ օրով վերածվել էր ժամանակակից հայկական մշակույթի, երաժշտության եւ ստեղծարարության բաց հարթակի։ Green Rock-ի նախաձեռնությամբ կայացած ARMAT Fest 2026 փառատոնը համախմբեց մի քանի հազար այցելու՝ Հայաստանի տարբեր քաղաքներից եւ արտերկրից՝ մեկ վայրում միավորելով երաժշտությունը, արվեստը, հայկական ավանդույթները, տեղական բրենդներն ու գաստրոնոմիան։

Փառատոնն անցկացվեց Green Rock-ի նորաբաց Villa3 Community Hub-ի հարեւանությամբ՝ բազմաֆունկցիոնալ համալիրի ապագա համերգասրահի տարածքում։ Օրվա ընթացքում այստեղ ձեւավորվեց յուրահատուկ մշակութային միջավայր, որտեղ հայկական ժառանգությունը հանդիպեց ժամանակակից երաժշտությանն ու ստեղծարար գաղափարներին, իսկ Դիլիջանը՝ նոր սերնդի մշակութային իրադարձություններին։


ARMAT Fest-ի գաղափարն ի սկզբանե դուրս էր մեկօրյա փառատոնի շրջանակներից։ Մամուլի հաղորդագրությունում նշվում է, որ այն ստեղծվել է որպես Դիլիջանի մշակութային կյանքի զարգացման նոր հարթակ եւ քաղաքի՝ որպես ժամանակակից մշակութային ուղղության դիրքավորման կարեւոր քայլ։ 

Փառատոնը ցույց տվեց, որ Դիլիջանը կարող է լինել ոչ միայն բնությունը վայելելու եւ հանգստանալու, այլեւ երաժշտություն լսելու, արվեստ բացահայտելու, հայկական մշակույթը նոր ձեւաչափերով ապրելու եւ համայնքային կյանքի մաս դառնալու վայր։


«ARMAT Fest-ը Green Rock-ի նախաձեռնությունն է, որի միջոցով մենք ցանկանում ենք Դիլիջանում ձեւավորել նոր մշակութային միջավայր: Փառատոնի գաղափարը շատ պարզ է՝ Դիլիջանը պետք է լինի ոչ միայն զբոսաշրջային ուղղություն, որտեղ մարդիկ գալիս են բնությունը վայելելու, այլեւ քաղաք, որտեղ մշտապես տեղի են ունենում հետաքրքիր մշակութային եւ ստեղծարար իրադարձություններ։ Մենք ուզում ենք, որ մարդիկ Դիլիջան գան ոչ միայն տեսարժան վայրերի համար, այլեւ կոնկրետ մշակութային միջոցառումների, երաժշտության, արվեստի եւ համայնքային կյանքի համար։ Այսօր հատկապես կարեւոր է նաեւ հայկական մշակույթի եւ ավանդույթների ներկայությունը։ Մենք ուզում ենք ցույց տալ, որ հայկական ավանդույթները կարող են շատ բնական կերպով համատեղվել ժամանակակից մշակույթի հետ եւ հետաքրքիր լինել նաեւ երիտասարդ սերնդի համար»,- նշել է Green Rock Operations-ի գործադիր տնօրեն Վալերի Բաղդագուլյանը։


Երաժշտություն, որը միավորեց հազարավոր մարդկանց

ARMAT Fest 2026-ի բեմում ելույթ ունեցան հայկական երաժշտական ոլորտի սիրված կատարողներ՝ Գարիկ եւ Սոնա, «Լավ էլի», «Միքայել Ոսկանյան եւ ընկերներ»։

Երեկոն շարունակվեց DJ սեթերով, որոնց ընթացքում հայկական երաժշտական մոտիվները ստացան ժամանակակից հնչողություն՝ ստեղծելով փառատոնային էներգիայով լի մթնոլորտ։ Երաժշտությունը դարձավ այն առանցքը, որի շուրջ օրվա ընթացքում միավորվեցին տարբեր սերունդների ներկայացուցիչներ, քաղաքի բնակիչներն ու հյուրերը։

Հայկական ավանդույթները՝ նոր լեզվով

ARMAT Fest-ի առանձնահատկություններից մեկը հայկական մշակութային ժառանգությունը ժամանակակից եւ ինտերակտիվ ձեւաչափով ներկայացնելն էր։ Փառատոնի այցելուները մասնակցեցին հայկական ավանդական արհեստների եւ դեկորատիվ-կիրառական արվեստի վարպետության դասերի, ծանոթացան ազգային զարդանախշերին եւ ձեռագործ արվեստի ավանդույթներին։


Այստեղ ավանդույթը պարզապես ցուցադրվող ժառանգություն չէր․ այն դարձել էր մասնակցային փորձառություն։ ARMAT Fest-ը ցույց տվեց, որ հայկական մշակույթը կարող է պահպանվել եւ միաժամանակ վերաիմաստավորվել՝ դառնալով ժամանակակից կյանքի բնական եւ հետաքրքիր մասը։

Հայկական բրենդներ, դիզայն եւ գաստրոնոմիա

Փառատոնը նաեւ հարթակ դարձավ հայկական տեղական ապրանքանիշերի, արտադրողների եւ ստեղծարար համայնքի համար։ Տաղավարներում ներկայացված էին ժամանակակից հայկական դիզայն, ձեռագործ արտադրանք եւ տեղական ստեղծագործողների աշխատանքներ։


Գաստրոնոմիական հատվածը եւս փառատոնի կարեւոր բաղադրիչներից էր։ Այցելուները հնարավորություն ունեցան բացահայտելու հայկական խոհանոցի բազմազանությունը՝ ավանդական ուտեստներից մինչեւ ժամանակակից հայկական գաստրոնոմիայի նոր մեկնաբանություններ, ինչպես նաեւ վայելելու հայկական գինի եւ կոկտեյլներ։

Այսպիսով, ARMAT Fest-ը միավորեց ոչ միայն երաժշտությունն ու արվեստը, այլեւ այն ստեղծարար էկոհամակարգը, որի միջոցով ձեւավորվում է ժամանակակից հայկական մշակույթի նոր պատկերն ու փորձառությունը։

Տոն՝ ամբողջ ընտանիքի համար

ARMAT Fest-ը նախատեսված էր տարբեր տարիքային խմբերի համար։ Փոքրիկ այցելուների համար գործում էր Kids Zone, որտեղ երեխաները մասնակցում էին հայկական ավանդական խաղերի, ստեղծագործական եւ ինտերակտիվ ծրագրերի՝ մշակույթը բացահայտելով խաղի եւ փորձառության միջոցով։ Փառատոնի տարածքում ստեղծվել էին նաեւ հանգստի եւ շփման գոտիներ, որոնք օրվա ընթացքում դարձան ընտանիքների, ընկերական խմբերի եւ քաղաքի հյուրերի հանդիպման վայրեր։


Նոր մշակութային ավանդույթ՝ Դիլիջանում

Նշվում է, որ «Green Rock-ի համար փառատոնը Դիլիջանի զարգացման ավելի լայն տեսլականի մի մասն է՝ ձեւավորել միջավայր, որտեղ զբոսաշրջությունը, մշակույթը, կրթությունը, ստեղծարարությունը եւ համայնքային կյանքը զարգանում են փոխկապակցված կերպով։ Առաջին ARMAT Fest-ը դրեց նոր մշակութային ավանդույթի հիմքը՝ Դիլիջանը ներկայացնելով ոչ միայն որպես զբոսաշրջային ուղղություն, այլեւ որպես ժամանակակից հայկական մշակույթը ապրելու, բացահայտելու եւ դրա հետ հաղորդակցվելու վայր։

ARMAT Fest-ը նախատեսվում է դարձնել ամենամյա մշակութային իրադարձություն՝ յուրաքանչյուր տարի ընդլայնելով ծրագիրն ու ներգրավելով նոր արվեստագետների, ստեղծարարների, տեղական ապրանքանիշերի եւ այցելուների։ Այն նպատակ ունի ամրապնդվել Դիլիջանի մշակութային օրացույցում՝ դառնալով քաղաքի սպասված իրադարձություններից մեկը, որի համար մարդիկ ամեն տարի կայցելեն Դիլիջան»։

Կարդալ ավելին

Quality Sign BW