×


«Այլեւս չեմ թաքնվում ու վերադարձել եմ կյանք». Սելին Դիոն

Երգչուհի Սելին Դիոնը առողջական լուրջ խնդիրներից հետո պատրաստվում է վերադառնալ բեմ ու այդ մասին պատմել է Harper's Bazaar ամսագրին, որի շապիկի նոր հերոսուհին է: 

2022 թվականին աշխարհահռչակ արտիստին ախտորոշեցին եզակի աուտոիմուն նյարդաբանական հիվանդություն՝ կոշտ մկանների համախտանիշ: Քանի որ դրա հետեւանքով մկանները կարող են քարանալ, Դիոնը հատուկ ուշադրություն է դարձնում ֆիզիկական ակտիվությանը ու, չնայած ցավերին, մշտապես մարզվում է:

«Սա աստիճանաբար խորացող ախտանիշ է, չեմ սիրում ասել՝ հիվանդություն։ Հիվանդությունը ստիպում է քեզ այսպես անել», - ասում է նա՝ դեմքը ծամածռելով ու մեջբերելով «Տանը մենակ» ֆիլմի այս հատվածը. «Քեւին, դու այնպիսի հիվանդություն ես»։ 


Խոստովանում է, որ երբեմն այնքան ուժեղ ցավ է զգացել, որ հազիվ էր կարողանում քայլել կամ շփվել մարդկանց հետ: Այժմ երգչուհին վերականգնման ճանապարհն անցնում է իր կարիերային բնորոշ դիմացկունությամբ ու հմայքով։

Այն, որ Դիոնը՝ Մոնրեալի մոտ գտնվող փոքրիկ քաղաքում ապրող աղքատ ընտանիքի 14 երեխաներից ամենափոքրը, կդառնար բոլոր ժամանակների ամենահայտնի երգչուհինեից մեկը, հրաշքի էր նման: Բայց այն, որ կծկված մկանների համախտանիշը հանդիպում է միլիոնից 1-2 մարդու մոտ, ցույց է տալիս, որ հաջողությունը երկու կողմ ունի:

Վերջին 6 տարվա ընթացքում նա ելույթ է ունեցել միայն մեկ անգամ՝ 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի բացմանը, եւ շատ է ցանկանում վերադառնալ բեմ:

Հարցը միայն այն չէ, որ 12 տարեկանից ելույթ է ունենում եւ կարոտել է բեմը: Դիոնին հատկապես տխրեցրել է այն, որ հիասթափեցրել է երկրպագուներին՝ նախ վերջին րոպեին չեղարկել է համերգները, ապա՝ 2023-ի համաշխարհային շրջագայությունը: Դրա պատճառով նա իրեն ոչ վստահելի էր զգում: Հիվանդության ախտանիշները Սելինը զգացել է վերջին 17 տարիների ընթացքում, մինչեւ 2022-ին ստացել է դրա պաշտոնական հաստատումը:


2024 թվականի «Ես Սելին Դիոնն եմ» վավերագրական ֆիլմում երգչուհին պատմել է այն ցավի մասին, որով ստիպված ապրում էր: Բայց հիմա նա վերականգնել է իր մարմնի նկատմամբ վերահսկողությունն ու սեպտեմբերի կեսերից հինգ շաբաթով կմեկնի Փարիզ, որտեղ համերգներով հանդես կգա:

Դիոնը ելույթ ունենալու մասին խոսում է այնպես, կարծես դա իր երկրային պարտականությունն է, իր ու իր տաղանդի միջեւ կնքված ուխտ։ Այժմ, երբ վերջապես կարող է նորից երգել, զգում է՝ լիարժեք կյանքն իսկապես վերադարձել է։ Նա ուրախալի լուրով կիսվեց մարտին՝ իր 58-ամյակի օրը. «Այս տարի ես ստանում եմ կյանքիս լավագույն ծննդյան նվերը՝ հնարավորություն ունեմ ելույթ ունենալ ձեզ համար: Ինձ ուժեղ եմ զգում, հուզված ու մի քիչ անհանգիստ, բայց պատրաստ եմ վերադառնալ»։ 


Տոմսերն այնքան արագ սպառվեցին, որ երգչուհին արդեն սկսել է վաճառել 2027 թվականի մայիսի ելույթի տոմսերը. «Այնքան երկար ժամանակ է անցել մեր վերջին հանդիպումից, որ ցանկանում եմ որեւէ կերպ ցույց տալ, թե որքան եմ կարոտել իմ հանդիսատեսին: Մարդիկ գնել են իմ ձայնասկավառակներն ու ներկա եղել իմ համերգներին: Ամենաքիչը, որ կարող եմ անել նրանց համար, ասելն է, որ ողջ եմ»։

Դիոնի առողջական խնդիրները սրվել են 2020 թվականին՝ համընկնելով համավարակի հետ: Այդ ընթացքում նա մեկուսացել է ու ավելի շատ սիրել բնությունը. «Ես այնքան շատ եմ սիրում ծառերը, նույնիսկ տեսիլք եմ ունեցել, թե ինչպես եմ փորձում անհետանալ տերեւների միջով»: 


Ախտորոշումից հետո Դիոնը սկսել է զբաղվել ինտենսիվ վերականգնմամբ՝ նոր դեղամիջոցներ, ֆիզիկական ու վոկալի թերապիա, իմունոթերապիա։ Հիվանդությունը հաստատված բուժում չունի, դրա համար էլ 2024-ին Դիոնի հիմնադրամը 2 միլիոն դոլար է նվիրաբերել աուտոիմուն նյարդաբանական խանգարումների հետազոտության համար։ 

Փարիզյան համերգներին նախապատրաստվելու ընթացքում Դիոնը շաբաթական երեք անգամ 90 րոպեանոց պիլատեսի մարզումներ է անցկացնում, մյուս օրերին բալետի դասերի մասնակցում։ Կյանքի այս փուլը նկարագրում է որպես անկումների ու վերելքների շրջան: Հպարտանում է իր մարմնով ու այն ամենով, ինչին կարողացել է հասնել, բայց ամենակարեւորն այն է, որ այլեւս չի թաքնվում ու վերադարձել է կյանք։ 

«Ես անկեղծ եմ, եւ դա միշտ չէ, որ գեղեցիկ է։ Երբեմն ուրախ պահեր ես ունենում, երբեմն՝ տխուր, դա է կյանքը: Այն հարցականի տակ դնելու փոխարեն կարող ես, չէ՞, պարզապես ապրել: Ուրեմն, ես ապրում եմ իմ կյանքը»,- ասել է երգչուհին:
 
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Harper's Bazaar-ի

Կարդալ ավելին

Quality Sign BW