×


Ամռանն Էյֆելյան աշտարակն «աճում» է

Այս ամառ Ֆրանսիայում սովորականից ավելի շոգ է։ 2026 թվականի ընթացքում երկիրը մի քանի ուժեղ շոգային ալիք է ապրել, իսկ որոշ շրջաններում ջերմաստիճանը հասել է 40°C-ի։ Հուլիսին շոգն այնքան ինտենսիվ էր, որ Փարիզի Էյֆելյան աշտարակն անգամ ստիպված էր որոշ օրերի կրճատել այցելությունների ժամերը՝ բարձր ջերմաստիճանից զբոսաշրջիկներին պաշտպանելու համար։

Երբ հաջորդ անգամ Փարիզում լինեք շոգ եղանակին, կարող եք մտածել ոչ միայն արեւից պաշտպանվելու մասին, այլեւ այն մասին, որ քաղաքի ամենահայտնի խորհրդանիշն այդ պահին կարող է լինել սովորականից մի փոքր ավելի բարձր։


Մենք սովոր ենք մտածել, որ ճարտարապետությունն անշարժ է, բայց Էյֆելյան աշտարակը մշտապես շարժման մեջ է՝ ընդարձակվում, կծկվում եւ արձագանքում է եղանակին։

Այն ոչ թե կախարդական եղանակով է «աճում», այլ ենթարկվում է ֆիզիկայի շատ պարզ օրենքի։ Էյֆելյան աշտարակը կառուցված է երկաթից, իսկ երկաթը, ինչպես մյուս մետաղները, տաքանալիս ընդարձակվում է։

Էյֆելյան աշտարակի կառուցման համար օգտագործվել է մոտ 7300 տոննա դարբնագործ երկաթ։ 


Պատկերացրեք, որ աշտարակի յուրաքանչյուր մետաղական հատված ընդամենը աննշան չափով է երկարում։ Առանձին վերցրած՝ այդ փոփոխությունը գրեթե անհնար է նկատել, բայց երբ խոսքը մոտ 330 մետր բարձրություն ունեցող հսկայական մետաղական կառուցվածքի մասին է, այդ փոքր փոփոխությունները միասին արդեն չափելի են դառնում։

Շոգ եղանակին աշտարակի բարձրությունը կարող է ավելանալ մի քանի սանտիմետրով։ Իսկ արեւի ուղիղ ճառագայթների ազդեցությամբ աշտարակի տարբեր կողմերը կարող են տարբեր չափով տաքանալ։ Դրա հետեւանքով վերեւի հատվածը կարող է նաեւ փոքր-ինչ շեղվել արեւից հակառակ ուղղությամբ։

Փարիզի երկաթե լեդին կարծես իսկապես «շնչում է» եղանակի հետ։

Տեքստը եւ լուսանկարները՝ Էլլադա Ղուկասյան-Բարսեղյանի/BRAVO.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/

Կարդալ ավելին

Quality Sign BW