Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Լիդիա Գրիգորյանն օրեր առաջ ուղղաթիռից պարաշյուտով ցատկ է կատարել ու իր յուրահատուկ փորձառությունը ցույց տվել «Փոխիր աշխարհը» խորագրով տեսանյութում։
BRAVO.am-ին դերասանուհին պատմել է համարձակ նախաձեռնության ու իր ունեցած անբացատրելի ապրումների մասին: Պարզվում է` տեսանյութի անվանումը պատահական չի ընտրել:
«Թռիչքից առաջ առավոտյան վայրեջքի համար հարմար կոշիկ ընտրելիս նախապատվությունը տվեցի «Change the world» անունով Jordan սպորտային կոշիկներիս, որոնք տարբեր գույներ ունեն: Բացի այդ էլ, անկախ ինձնից, օդում ուրախությունից սկսեցի երգել Էրիկ Կլեպտոնի «Change The World» երգը: Ուզում էի աշխարհին նայելու դիտանկյունը փոխել եւ խնդիրներիս վերեւից նայել: Ցանկանում էի միտքս մի քանի րոպեով անջատել: Ազատության հոտը զգացի՝ ինքնաբավություն եւ սեփական վախի հաղթահարում»,- խոստովանել է Գրիգորյանը:
Անկեղծացել է, որ միշտ երազել է թռչելու եւ ջրում շնչելու կարողություն ունենալու մասին: Ջրում շնչելու երազանքն իրականացրել է դայվինգի միջոցով: «Եգիպտոսում 30 րոպեով 11 մետր սուզվել էի, ինչը հետագայում դարձավ իմ տարերքներից մեկը: Այժմ հնարավորության դեպքում պարբերաբար սուզվում եմ: Երբ տեղեկացա Երեւանում տանդեմ թռիչքի առկայության մասին, մտածեցի՝ թռչելու երազանքս էլ է հնարավոր իրականություն դարձնել: Իհարկե, վախենում էի: Վախենում էի անհայտությունից, բայց միեւնույն ժամանակ ուզում էի թռչել դեպի անհայտը: Այդ օրվանից անդադար մտածում էի՝ «Լինե՞լ, թե՞ չլինել», հետո վճռեցի. «Թող լինի»»,- ժպիտով շարունակել է նա:
Թռիչքի ժամանակ իր համար հետաքրքիր բացահայտումներ է արել ու եւս մեկ անգամ համոզվել, թե ինչպես է միտքը խաղում մեզ հետ ու վախ ծնում. «Հասկացա, որ ավելի շատ վախենում էի երեւակայությանս մեջ, քան թռիչքի ժամանակ: 4000 մետր բարձրության վրա, ուղղաթիռի շեմին կանգնած՝ գիտակցում էի, որ հետդարձի ճանապարհ չկա, ու դա իմ ընտրությունն է: Նայեցի վերեւ, խորը շնչեցի ու թռա: Թռչելու առաջին վայրկյանից վայելել եմ ընթացքը: Երջանիկ էի: Օդում մարմնիս թեթեւությունն էի զգում, երգում էի, ազատությունս վայելում: Բառերով դժվար է նկարագրել, դա պիտի զգալ»:
Գրիգորյանն իրեն էքստրեմալ մարդ չի համարում, պարզապես բարձրադիր գոտիներում կամ ծովի խորքերում իրեն շատ ավելի լավ է զգում, քան ցամաքում. «Բացի այդ. ինձ մարտահրավեր էի նետել, ուզում էի դիմադրողականությանս մասշտաբը հասկանալ, կամքիս ուժն ամրապնդել: Բարդություններ հաղթահարելն իմ դեպքում շատ ավելի հեշտ է ստացվում, քան պարզ բաները: Արդեն մտածում եմ հաջորդ թռիչքի մասին»:
Իսկ նրանք, ովքեր եւս ցատկելու ցանկություն ունեն, բայց սեփական վախերը դեռ չեն հաղթահարել, դերասանուհին այսպիսի խորհուրդ է տալիս. «Մենք մարդ ենք ու ամեն րոպե պայքարում ենք մեր վախերի դեմ: «Վախեցի՛ր, բայց արա՛, այդ ժամանակ վախդ կդառնա կենսագրություն, ոչ թե թերություն»»,- իր վերջին՝ «Սիրո վեց կանգառ» ներկայացման հերոսուհիներից մեկի խոսքերով ասում է նա:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Լիդիա Գրիգորյանի անձնական արխիվից


×
117







