Կան պահեր, որոնք մնում են մեզ հետ ողջ կյանքի ընթացքում։ Դիմանկարային լուսանկարչությունը հնարավորություն է տալիս պահպանել իրական հույզերը, հայացքներն ու տրամադրությունը մեկ կադրում։ Երբեմն մեկ լուսանկարն էլ բավական է մի ամբողջ պատմություն պատմելու կամ փոխանցելու այն, ինչի համար անգամ հազար բառը չէր հերիքի։ Հենց դրանում է լուսանկարչության զարմանալի կարողությունը՝ անցողիկ պահը վերածել հավերժության։
Հայաստանի ազգային պատկերասրահում բացված «Արվեստագետը որպես պատկեր» ցուցահանդեսն առաջարկում է բացահայտել հայտնի հայ, եվրոպացի եւ ամերիկացի նկարիչներին մեկ այլ՝ ավելի անձնական ու մտերիմ տեսանկյունից։
Ցուցադրությունում ներկայացված է նկարչի կերպարի էվոլյուցիան դիմանկարի միջոցով՝ 19-րդ դարավերջից մինչեւ մեր օրերը։ Այն արտացոլում է արվեստագետի փոխակերպումը մասնավոր անհատից հանրային եւ մշակութային գործչի, իսկ ավելի ուշ՝ գիտակցաբար կառուցվող կերպարի։
Վիգեն Գալստյանը
«Մեծ հպարտություն է, որ պատկերասրահում արդեն գործում է լուսանկարչության մշտական ցուցասրահ»,- նշեց ՀԱՊ ցուցահանդեսային բաժնի ղեկավար, ցուցահանդեսի համադրող Վիգեն Գալստյանը։ Նրա խոսքով՝ ապագայում նախատեսվում է տարեկան 3-4 ժամանակավոր ցուցադրություն անցկացնել՝ ներկայացնելով պատմական ու ժամանակակից լուսանկարչությունը։
Հայաստանի ժողովրդական նկարիչ Վալմարի դստեր՝ նկարչուհի Հռիփսիմե Մարգարյանի համար ցուցահանդեսի թեման անչափ հետաքրքիր էր․«Գրագետ արված լուսանկարչությունը վստահաբար արվեստ է։ Ցուցադրված բոլոր հերոսներն ու լուսանկարիչներն ինձ արդեն ծանոթ էին։ Հիացած եմ Արա Գյուլերի գործերով, որի ստեղծագործություններին վաղուց էի ծանոթ եւ նույնիսկ ներկա եմ եղել նրա նախորդ ցուցահանդեսին։ Իհարկե, էական է կերպարի ընտրությունը, ինչպես նաեւ կոմպոզիցիան՝ լույսի, ստվերի ու ձեւերի համադրումը»։
Հռիփսիմե Մարգարյանը
Ցուցահանդեսում ներկայացված են ավելի քան 50 արվեստագետների դիմանկարներ, այդ թվում՝ Հովհաննես Այվազովսկու, Հակոբ Գյուրջյանի, Ժորժետ Չենի, Մարտիրոս Սարյանի, Պաբլո Պիկասոյի, Սալվադոր Դալիի, Սերգեյ Փարաջանովի, Արմինե Գալենցի, Մինաս Ավետիսյանի եւ ուրիշների։ Ցուցադրությունն ընդգրկում է վաղ տաղավարային դիմանկարներից մինչեւ ժամանակակից լուսանկարչությունն ընկած ժամանակահատվածը։ Այն բաց կլինի մինչեւ հոկտեմբերի 4-ը։
Տեքստը եւ լուսանկարները՝ Մերի Մելիքջանյանի/Bravo.am/


×
177






