×


Լորիս Ճգնավորյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել

Անվանի դիրիժոր եւ կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ստացել, հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը:

«Չնայած ժողովուրդն ինձ ընդունում է, բայց լավ կլիներ՝ ես էլ հայրենիքիս անձնագիրն ունենայի: Դիմեցի եւ, փառք Տիրոջը, կատարվեց երազանքս։ Շատ հուզիչ էր ինձ համար, որովհետեւ, երբ հնչեց օրհներգը, տեսա դրոշն ու զինանշանը, հիշեցի, որ ժամանակին հենց այդ խորհրդանիշների համար եմ պայքարել Ազգային ժողովում՝ դրանք ժողովրդին ներկայացնելով ու պաշտպանելով։ Եվ այսօր, հենց այդ խորհրդանիշների ներքո, ինքս երդում տվեցի հայրենիքիս՝ մնալ նրան հավատարիմ»,- ասել է Ճգնավորյանը։

Հաղորդագրությունում նշվում է, որ տասնամյակներ շարունակ նա Հայաստանում էր ծավալում իր գործունեությունը, ստեղծագործում իր երկրի մասին ու իր երկրի համար։ Չնայած այդքան սերտ էր կապված Հայաստանի հետ, նրա իրավական կարգավիճակը չէր արտացոլում այդ կապը․ նա Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէր։ Այս հակասությունն էլ նրա կյանքի ուշագրավ դրվագներից մեկն է:

Իրանի Բորուջերդ քաղաքում ծնված, Վիեննայում, Զալցբուրգում եւ Միչիգանում կրթություն ստացած, Լոնդոնում ու Նյու Յորքում ստեղծագործած երաժիշտը կարող էր իր կարիերան կառուցել աշխարհի ամենահեղինակավոր բեմերում, սակայն 1989 թվականին ճանապարհը նրան Հայաստան է բերում։

«Իմ հայրն ինձ հայրենասիրական ոգով է մեծացրել, եւ իմ երազանքն էր Հայաստան գալը։ Չնայած մեծ կարիերա ունեի արտասահմանում, բայց երբ երկրաշարժը եղավ, ամեն ինչ մոռացա, եկա հայրենիք։ Սկսեցի գործունեությունս «Այո՛ անկախությանը» ճանապարհին։ Մեր հանրապետության հիմնը, եռագույնը, զինանշանը ինձ համար սուրբ էին»,- հիշում է Ճգնավորյանը։

Լուսանկարը՝ Օպերային թատրոնի ֆեյսբուքյան էջից

Կարդալ ավելին

Quality Sign BW