Այս տարի «Լավագույն երիտասարդ բեմադրիչ» անվանակարգում «Արտավազդ»-ի արժանացած Մերի Մարգարյանը Bravo.am-ի «Բացահայտում» շարքի համար պատմել է ստեղծագործելու ամենադժվար կողմերի, սիրելի վայրերի ու վատ սովորության մասին:
- Արվեստի երեք գործ, որոնք ամենաշատն են ազդել Ձեզ վրա:
- Ֆյոդոր Դոստոեւսկու «Կարամազով եղբայրները», Միլոշ Ֆորմանի «Ամադեուս» ֆիլմն ու «Քեռի Վանյա» ներկայացումը։
- Զվարճալի կամ տարօրինակ բան, որ վերջերս եք իմացել Ձեր մասին։
- Տարօրինակ է. երբ պետք է շուտ արթնանամ, պետք է նաեւ շուտ պառկեմ, բայց արդյունքում ընդհանրապես չեմ կարողանում քնել (ծիծաղում է,- հեղ.):
- Բեմադրիչի մասնագիտությունն ընտրելու կարեւոր շարժառիթները:
- Ստեղծագործելու պահանջ զգալն է ու անպայման պատմելու ցանկություն ունենալը։
- Ի՞նչ է փոխանցում այս մասնագիտությունը, որ ուրիշ ոչ մի տեղից հնարավոր չէ ստանալ:
- Կարող ես ստեղծել մեկ այլ իրականություն ու կենդանություն տալ մարդկանց, ինչը ոչ մի ուրիշ տեղ չես կարող անել:
- Պրեմիերայի հետ կապված ապրումները:
- Չեմ խաբի ու կասեմ, որ միշտ պրեմիերայից առաջ մտածում եմ. «Արժե՞ շարունակել այս մասնագիտությունը» (ծիծաղում է,- հեղ.): Միշտ ռիսկային է, ու չգիտես` սիրելո՞ւ են, թե՞ չէ: Անհանգստությունը շատ մեծ է, ասես ազատ անկում լինի. չգիտես` ինչ կլինի՝ պարանը կպահի՞ քեզ, թե՞ կպոկվի։
- Երեք պատճառ, թե ինչո՞ւ է թատրոնն այդքան հարազատ Ձեզ:
- Թատրոնը շատ սուր ապրումների վայր է, եւ ինձ հարազատ է նրանով, որ իմ զգացմունքներն էլ այդպիսին են, ու կյանքն այդպես եմ զգում։ Շատ եմ սիրում թատրոնի մարդկանց: Իրենց հետ շփվելն անսահման հետաքրքիր է: Բեմը շատ եմ սիրում, դրա համար էլ այն շատ հարազատ է։
- Ձեր երեք ամենասիրելի ներկայացումները՝ Ձեր ու մյուսների աշխատանքներից։
- Ինձնից կնշեմ Համազգային թատրոնի «Я, моя хандра, дорогая Капочка и иные взгляды» ներկայացումը: Վերջերս ինձ շատ է տպավորել Նադեժդա Սարգսյանի «Քրջի BAZZAR»-ը, նաեւ Գոռ Մարգարյանի «Յամա»-ն եմ շատ-շատ սիրել։
- Ստեղծագործելու ամենահաճելի ու դժվար կողմերը:
- Հարցին այդ կողմից չեմ մոտենում. ինձ համար ստեղծագործելը ընտրություն չէ՝ պարզապես չես կարողանում առանց դրա ապրել: Կյանքի ես կոչում երեւակայությունդ ու քո մտքերը պատմում: Իսկ դժվար կողմն այն է, որ վնասակար է առողջության համար (ծիծաղում է,- հեղ.): Երբեմն շատ-շատ ես մանրանում ու ընկնում ամեն դետալի հետեւից, որ իդեալական ստացվի։
- Ռեժիսորներ, որոնք ամենաշատն են ոգեշնչել:
- 9 տարեկանում նայեցի Վահան Բադալյանի «Օֆելյայի ստվերների թատրոնն» ու այդ օրը սիրեցի թատրոնը. շատ տպավորված եւ հուզված էի։ Ուսանողական տարիներին շատ եմ ոգեշնչվել Ռիմաս Տումինասի ներկայացումներով, ու նա դեռ ինձ համար մնում է լավագույն ռեժիսորը։ Եվ կնշեմ Դմիտրի Կրիմովին։
- Ռեժիսոր, որի հետ կուզեիք ինչ-որ բան ստեղծել։
- Միանշանակ՝ Տումինասի հետ՝ կյանքն այդքան խորը զգալու, մարդուն այդքան խորքային ճանաչելու եւ այդ կերպ բեմում ներկայացնելու կարողության համար։ Նրա ներկայացումներում ձեւն ու բովանդակությունը շատ ներդաշնակ են, դրա համար էլ կուզեի իր հետ աշխատել։
- Թատրոններ, որ գերել են Ձեզ:
- Սովորել եմ Ռուբեն Բաբայանի արվեստանոցում ու իմ առաջին ծանոթությունը թատրոնի հետ եղել է Տիկնիկայինում։ Շատ ուրախ եմ, որ հենց այնտեղ են անցել ուսանողական տարիներս ու շատ լավ հիշողություններ ունեմ այդ թատրոնի հետ կապված։ Մյուսը Գյումրու դրամատիկական թատրոնն է: Այնտեղ բոլորը շատ սրտացավ են ու այնքան լավ են աշխատում, որ ռեժիսորին մնում է միայն ստեղծագործել։ Ու վերջում կնշեմ Աշտարակի դրամատիկական թատրոնը, որտեղ աշխատում եմ: Շատ եմ սիրում թատրոնն ու այնտեղ աշխատող մարդկանց, ովքեր անընդհատ ոգեշնչում են ինձ։
- Որտեղի՞ց է ռեժիսորը քաղում իր մտհաղացումներն ու ոգեշնչումը։
- Կյանքից։ Լավագույն ոգեշնչման աղբյուրը կյանքն ապրելն է, տեսնելը, թե ինչ է կատարվում, եւ, ի վերջո, դրա մասին ստեղծագործելը։ Ոգեշնչվում ես մարդկանցից, շուրջդ տեղի ունեցող իրադարձություններից ու երեւույթներից։
- Ձեր սերնդի հայ լավագույն բեմադրիչները։
- Կնշեմ Նադեժդա Իսրայելյանին:
- Ինչո՞ւ եք սիրում կամ հակառակը՝ այդքան էլ չեք նախընտրում տարվա այս եղանակը։
- Շատ-շատ եմ սիրում ամռան երեկոները: Ամառը մի տեսակ թեթեւություն է բերում, ու ամեն ինչ ավելի հեշտ է թվում: Առհասարակ բոլոր եղանակներն էլ գրեթե սիրում եմ. ձմռանը ձյունն եմ պաշտում: Կուզեի այնպիսի տեղ ապրել, որտեղ միշտ ձյուն է գալիս։ Գարնանը շատ եմ սիրում ցրտից հետո տաքությունն ու արեւի ջերմությունը զգալ: Այնքան հաճելի է, որ ցուրտը փոխվում է տաքության։ Ամենաքիչն աշունն եմ սիրում. այն մի քիչ տխուր է ինձ համար:
- Ունե՞ք ամառային հատուկ սովորություն կամ արարողակարգ։
- Շատ եմ սիրում երեկոյան զբոսնել, որեւէ բացօթյա սրճարանում ուղղակի նստել եւ զրուցել:
- Ինչպե՞ս է ամառը ազդում Ձեր ստեղծագործական էներգիայի վրա։
- Քանի որ չեմ սիրում փակ տարածքում մնալ, ամռանը ցանկություն եմ ունենում փորձերը տեղափոխել այգի: Ամառն ինձ համար ավելի շատ ճանապարհորդելու, իսկ ձմեռը ստեղծագործելու շրջան է, բայց միշտ չէ, որ այդպես է ստացվում:
- Ունեցե՞լ եք ամառային սիրավեպ, որը մինչ օրս հիշում եք։
- Ցավոք սրտի, ամռանն էլ եմ շատ աշխատում, ու ազատ ժամանակ չի մնում։
- Ո՞րն է կատարյալ ամառային ժամադրությունը։
- Երբ իսկապես հետաքրքիր է միասին զրուցել։
- Մոլորակի վրա ամենալավ տեղը:
- Ինձ թվում է՝ դեռ չեմ գտել այդ տեղը. նոր պետք է լինեմ ու այն բացահայտեմ։
- Երկու երգ՝ տխրելու եւ ուրախանալու համար:
- Տխրելու համար «Կաթիլ» խմբի «Ակն»ն է, իսկ ուրախանալու՝ «Քուին» խմբի «Don't Stop Me Now»-ն:
- Ովքե՞ր են Ձեզ ավելի լավը դարձնում։
- Ովքեր ինձ սիրում են։
- Ի՞նչ նոր արհեստի կամ հնարքների կուզեիք տիրապետել:
- Շատ կուզեի լավ երգել ու կարողանալ ամեն ինչ կատարել (ծիծաղում է,- հեղ.):
- Երեւանում Ձեզ համար ամենագողտրիկ եւ սիրելի վայրերը:
- «Պոպլավոկ»-ի այգին շատ եմ սիրում ու վերջերս անընդհատ ժամանակս այնտեղ եմ անցկացնում: Նաեւ Թումոյի այգին կնշեմ ու Երեւանյան լճի ափամերձ տարածքը, որը վերջերս է բացվել: Շատ գողտրիկ եւ հանգիստ վայր է։
- Ի՞նչ սովորությունից կուզեիք ազատվել ու նաեւ ձեռք բերել:
- Կուզեի եղունգներս չկրծել (ծիծաղում է,- հեղ.): Հուսամ՝ կստացվի, եւ մյուսը՝ առավոտյան շուտ արթնանալ, բայց արդեն 4 տարի կլինի՝ չեմ կարողանում։
- Վերջին մեկ տարում ամենաշատը տպավորած մարդիկ:
- Թատերագետ Սոնա Մելոյանին կնշեմ, որի հետ հաճախ ենք զրուցում: Սոնայի տեսակետն արվեստի մասին շատ հետաքրքիր է լսել։ Կառանձնացնեմ նաեւ դերասան ու իմ ընկեր Արթուր Վարդանյանին, որն ուժեղ մարդու հատկանիշներ ունի: Նրան նոր եմ բացահայտել։
- Իսկ հավանած 3 գրքերը:
- Օրհան Փամուկի «Իմ անունը կարմիր է»-ն, Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենությունը», Խալեդ Հոսեյնիի երեք գրքերը՝ «Օդապարուկ թռցնողը», «Հազար չքնաղ արեւներ»-ը եւ «Եվ արձագանքեցին լեռները»:
- Ֆիլմերը:
- «Ավազից եւ մշուշից տունը» եւ Էնթոնի Հոփքինսի կատարմամբ «Հայրիկը»:
- Սերիալները։
- Սիրահար չեմ, որովհետեւ ողջ ժամանակս խլում են (ծիծաղում է,- հեղ.): Չեմ նայում, որ կարողանամ գործերս վերջացնել, բայց կնշեմ «Չեռնոբիլը»։
- Առաջինն ի՞նչ կասեն Ձեզ ճանաչող մարդիկ, երբ հարցնենք Ձեր մասին:
- Կասեն, որ ես դրական եմ (ծիծաղում է,- հեղ.):
- Ինչի՞ց եք հրաժարվել այս տարի կամ պատրաստվում եք հրաժարվել:
- Ոչ մի բանից։
- Անսպասելի բան, որը Ձեզ հետ տեղի է ունեցել վերջին շրջանում:
- Դեռ սպասում եմ անսպասելի բաների։
- Այս տարվա լավագույն պահի կադրը:
- Իմ ուսանողների հետ մեր տարեվերջյան քննությունից է: Կարող եմ ասել, որ այս տարվա ամենահետաքրքիր ստեղծագործական աշխատանքն է եղել, բացի այդ էլ շատ հաճույքով եմ աշխատել այս թիմի հետ: Իմ ամենասիրելի ընթացքն էր։
- Իսկ վերջին կադրը, որ արել եք Ձեր հեռախոսով:
- Եղել է իմ մանկության նկարը։
- Հենց հիմա ի՞նչ է Ձեզ պակասում:
- Ծովն ու ազատ ժամանակը, որպեսզի անեմ այն, ինչ սիրտս ուզում է՝ ընկերներիս հետ լինեմ, գրքեր կարդամ, հաղորդումներ ու ֆիլմեր նայեմ:
- Ամենաշատն ինչի՞ համար եք շնորհակալ:
- Նրա համար, որ ինչ իսկապես ի սրտե ցանկացել եմ, վաղ թե ուշ կատարվել է, ու դրա համար շնորհակալ եմ կյանքին։
- Ի՞նչ եք միշտ ցանկացել անել, բայց վախեցել եք:
- Միշտ ուզել եմ մազերս շատ կարճ կտրել, բայց վախեցել եմ։
- Ի՞նչ խորհուրդ կտայիք Ձեզ 10 տարեկանում:
- Ոչ մի խորհուրդ չէի տա: Հակառակը պիտի լինի, քանի որ այն ժամանակ ամեն ինչ ավելի ներդաշնակ էր:
- Իսկ 10-ամյա Մերին ի՞նչ կուզեր փոխանցել:
- Կառաջարկեր դուրս գալ ամենօրյա վազքից ու հասկանալ, թե ինչ ես անում։ Ավելի շատ կհիշեցներ, թե ուրախությունն ինչքան պարզ բաների մեջ է։
- Ի՞նչ կա 2026-ին Ձեր անպայման անելու ցանկում ու ի՞նչ եք արդեն հասցրել կյանքի կոչել:
- Առաջինը՝ հանգստանալ, վերջապես ավարտել ու կյանքի կոչել Աշտարակի թատրոնում իմ նոր մանկական բեմադրությունը:
Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Bravo.am-ի եւ Մերի Մարգարյանի անձնական արխիվից


×
96







