×


Լիլի Էլբակյան. «Ինձ հրավիրում են նաեւ այն թատրոններից, որտեղ Էլբակյաններին չեն սիրում»

Լիլի Էլբակյանի համար թատրոնը միայն մասնագիտություն չէ, այլ նաեւ մշտական փնտրտուքի, ինքնաճանաչման ու նոր հարցեր բարձրացնելու ճանապարհ: BRAVO.am-ի հետ զրույցում նա խոսել է ստեղծագործական նոր ծրագրերի, իրեն հետաքրքրող կերպարների, Էլբակյան ազգանվան բերած պատասխանատվության, ինչպես նաեւ հայկական թատրոնի խնդիրների մասին։

- Լիլի, նոր եք վերադարձել հանգստից։ Հաջողվե՞ց այդ ընթացքում լիովին կտրվել հեռախոսից, գործերից ու մտքերից։

- Շատ դժվար է, բայց այս անգամ փորձեցի: Երեխաներիս եւ մտերիմ ընկերուհուս՝ տաղանդավոր դերասանուհի Մարիամ Շահինյանի հետ էի ճամփորդում: Մի փոքր խոսեցինք գործերից, բայց, միեւնույն է, գլխավոր նպատակը լիցքաթափվելն ու ժամանակս ամբողջությամբ երեխաներին հատկացնելն էր։ Ընդհանրապես, արվեստագետի համար շատ դժվար է մտքերից կտրվելը. հանգստի ընթացքում էլ սիրում եմ մտածել ներկայացումների մասին: Հենց այդ ժամանակ էլ ծնվում են նոր գաղափարները։ 

- Նոր բեմադրություններ կա՞ն, որոնցով պատրաստվում եք առաջիկայում ներկայանալ հանդիսատեսին։

- Այս պահին աշխատում եմ նոր նախագծի վրա. հոկտեմբերի 3-ին պրեմիերա ունենք։ «Լա Լա Լենդ» ֆիլմի մոտիվներով ներկայացում է, կարելի է ասել՝ «Լա Լա Լենդի» 10-ամյակի թրիբյութը։ Պարոնյանի անվան թատրոնում մեծ մյուզիքլ է սպասվում. խաղալու են Ներսես Ավետիսյանը, Մարիամ Շահինյանը եւ տաղանդավոր այլ դերասաններ։ Հենց հիմա դրա վրա եմ աշխատում։


Նորություններ կլինեն նաեւ Խամաճիկների թատրոնում․ մի քանի գաղափար ունեմ։ Չեխովի «Ճայը» ներկայացման փակ պրեմիերան վերջերս էր։ Բացի այդ, ունեմ ֆիլմային երկու նախագիծ, որոնց նկարահանումները կսկսվեն հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, բայց այս պահին ավելին ասել չեմ կարող։

- Դուք ե՛ւ դերասանուհի եք, ե՛ւ բեմադրիչ։ Ո՞ր դերում եք Ձեզ ավելի անկաշկանդ զգում։

- Երկու տեղում էլ անկաշկանդ եմ, բայց շատ տարբեր։ Որպես դերասանուհի՝ ամբողջ կենտրոնացումն ինձ վրա է․ ինչպե՞ս ավելի լավ խաղամ, համապատասխանեմ ռեժիսորի տեսլականին։ Իսկ ռեժիսորի աշխատանքն ավելի պատասխանատու ու ծանր է, բայց դա անում եմ մեծ սիրով։ Ռեժիսուրան ինձ շատ ավելի հետաքրքիր է ու հարազատ:

- Ձեր կարիերայի ընթացքում փոխվե՞լ է այն, թե ինչ եք փնտրում կերպարների եւ ներկայացումների մեջ։ Այսօր ի՞նչն է Ձեզ ստիպում ասել՝ «Այո, սա ուզում եմ անել»։

- Իհարկե, փոխվել է, եւ ամեն տարի էլ փոխվում է որեւէ բան սկսելու շարժառիթը։ Առաջ, որպես դերասանուհի, շատ-շատ ֆիլմեր ու սերիալներ եմ մերժել, բայց հիմա լինում են պահեր, որ, օրինակ, գումարային առումով հարմար առաջարկին կարող եմ համաձայնել։ Այնուամենայնիվ, ինձ համար շատ կարեւոր է, որ աշխատանքը հետաքրքիր լինի, մարդիկ, որոնց հետ աշխատում եմ՝ նույնպես։ Կարեւոր է, թե ռեժիսորն ինչպես է բացում կերպարը․ օրինակ՝ այս տարի շատ տարբեր կերպարներ եմ խաղացել։ Կերպարին «այո» ասել կարող է ստիպել նաեւ հեղինակը։ Օրինակ՝ Չեխովի գործերից ո՛չ խաղացել էի, ո՛չ բեմադրել․ ինձ հետաքրքիր էր հենց հեղինակը։ Նաեւ ուզում էի հասկանալ, թե երիտասարդ ռեժիսորն ինչպես կբացի դասական ստեղծագործությունը։

- Կա՞ մի դեր կամ նախագիծ, որի մասին երազում եք, բայց դեռ «չեք համարձակվել» անել։

- Օ՜, շատ կան դերեր, որ ցանկացել եմ խաղալ, բայց այդպես էլ չհամարձակվեցի կամ չստացվեց։ Օրինակ՝ երիտասարդ տարիքում ուզում էի Ջուլիետ խաղալ, բայց հիմա հասկանում եմ, որ արդեն իր տարիքում չեմ։ Շատ նախագծեր եմ մտածել, որոնք չեմ իրագործել թե՛ գումարի սղության պատճառով, թե՛ մտածելով, որ ժամանակին համահունչ չեն։ Շատ եմ ուզում բեմադրել «Աննա Կարենինա»-ն եւ «Համլետ»-ը, բայց երկու գործն էլ սկսելու համար համարձակությունս դեռ չի ներում․ ծավալուն, խոր գործեր են, պետք է ամբողջ թիմը շատ-շատ աշխատի։ Բայց մի օր անպայման անելու եմ։

Վերջերս ռուսական մի ներկայացում նայեցի՝ «Քեռի Վանյա»-ն, եւ Ելենայի կերպարն ինձ շատ տպավորեց։ Այնպես չէ, որ դերասանուհին շատ լավ էր խաղում, բայց մտածեցի, որ կուզեի այս տարիքում այդ դերը խաղալ, թեեւ արտաքնապես այնքան էլ չեմ համապատասխանում։ Շատ էի ուզում նաեւ Շեքսպիրից Լեդի Մակբեթ խաղալ։ Ինձ հետաքրքիր են դասական գործերը․ ժամանակակից դրամատուրգիայում դեռ չկա այնպիսի դեր, որ երազեմ խաղալ։


- Երբեմն հայտնի ազգանունը կարող է «բեռ» լինել, երբեմն՝ «այցեքարտ»։ Ձեզ համար Էլբակյան լինելն ավելի շատ պատասխանատվությո՞ւն է, թե՞ թեւեր տվող ուժ։

- Էլբակյան ազգանունը թե՛ թեւեր է տալիս, թե՛ ենթարկում քննադատությունների։ Երբեմն ասում են՝ «Էլբակյանների աղջիկն է, դրա համար է խաղում այս դերը»: Փոքր ժամանակ վիրավորվում էի, բայց կյանքը ցույց տվեց, որ դա կապ չունի։ Ինձ հրավիրում են այնպիսի թատրոններից, որտեղ, պատահում է, նույնիսկ Էլբակյաններին չեն սիրում։

Ես հպարտ եմ, որ Էլբակյան եմ։ Ծնողներս ինձ համար մեծություն են, եւ ես նրանցից շատ եմ սովորում։ Երբեմն կատակով ասում եմ՝ իմ ազգանունը «թրենդ» է։ Էլբակյան ազգանունն իրոք դպրոց է՝ էլբակյանական դպրոց, որը ես կրում եմ իմ մեջ։ Բացի այն, որ այդ դպրոցն ամբողջությամբ մարսել եմ, հիմա հարթում եմ իմ ուղին, իմ ձեռքբերումներն ու փորձառությունը, եւ գիտեմ, որ այս ճանապարհին ներկայացնում եմ նաեւ իմ ընտանիքը։ Մարդիկ կարող են մեզնից որեւէ մեկին չսիրել, բայց դա ինձ միայն ամրապնդում է։ Շատ կուզեմ դա փոխանցել հաջորդ սերունդներին: Պապիկիցս սկսած՝ ամեն մեկս մի բան դրել է ու ստեղծել այս բրենդը։

- Իսկ երբեւէ եղե՞լ է պահ, երբ ցանկացել եք պարզապես Լիլի լինել՝ առանց հայտնի ազգանվան հետ կապված սպասումների ու համեմատությունների։

- Շատ են եղել այդպիսի պահեր, եւ դա, երեւի, իմ ամբողջ կյանքի կռիվն է։ Բայց ոչ թե ծնողներիս կամ ազգանվանս հետ, այլ ուղղակի՝ ինքս ինձ հետ։ Երբ ունես մեծ պատասխանատվություն եւ անընդհատ պետք է ինչ-որ բան ապացուցես, շատ բարդ է։ Համալսարան ընդունվելիս պետք է ապացուցես, որ արժանի ես, հետագայում գալիս են ներկայացում նայելու եւ սկսում են համեմատել մայրիկիս հետ: Հոգնում ես դրանից, նույնիսկ երբ գովում են։ Կարծում եմ՝ համեմատությունը վատ բան է, բայց հայերի սիրած բնավորության գիծն է։

Հաճախ եմ փորձել համոզել ինքս ինձ, որ ինքնուրույն եմ, կարիք չկա լինել «մեկի աղջիկը», որպեսզի լինեմ շնորհալի։ Հետո նաեւ ծնողներիս էի ուզում ապացուցել, որ լավն եմ, արժանի եմ, որովհետեւ իմ ամենամեծ քննադատը հենց ծնողներս են։ Բայց հիմա կյանքումս այնպիսի շրջան է, որ այլեւս ապացուցելու ոչինչ չունեմ։ Ես ստեղծագործում եմ ոչ թե ապացուցելու, այլ այն գաղափարի համար, որն ուզում եմ հասցնել հանդիսատեսին, եւ դա շատ ավելի հաճելի է։ Ամեն մարդ յուրահատուկ է, եւ եթե այդպես նայենք աշխարհին, ուրեմն ամեն մարդ ունի իր տեղը։ Երբ սկսում ես ոչ թե ապացուցել, այլ ապրել, կյանքի գույներն ավելի վառ են դառնում։


- Երեխաների հետ հարաբերություններում ավելի շատ ընկե՞ր եք, թե՞ պահանջկոտ մայր։ Եվ արդյո՞ք կցանկանայիք, որ նրանք շարունակեին Ձեր ու Ձեր ընտանիքի թատերական ճանապարհը։

- Երեխաների թեման ամենաբարդն է․ երբեմն ընկեր եմ, երբեմն՝ շատ խիստ, երբեմն էլ երկուսը համատեղում եմ։ Հիմա աղջիկս շատ բարդ տարիքում է․ փորձում եմ իր հետ ընկերուհու պես լինել, լսել, հասկանալ իր խնդիրները։ Մեկ-մեկ բողոքում է, որ չեմ կարողանում, բայց ես աշխատում եմ ինձ վրա։ Երեխաներն իմ ամենամեծ դաստիարակողներն են, ես իրենցից շատ բան եմ սովորում։ Իմ սխալները հայելու նման արտացոլում են ինձ, որից հետո կարողանում եմ մտածել դրանց մասին ու փոխվել։ Ամենաշատը քննադատություն ընդունում եմ հենց երեխաներիցս։

Չէի ցանկանա, որ շարունակեին մեր գործը, բայց եթե իրենք ուզեն, դեմ չեմ լինի։ Ոչ մի արվեստագետ չի ուզի, որ իր երեխան ընտրի այդ դժվարին ուղին։ Աղջիկս արդեն ընտրել է բալետի ուղին, կարելի է ասել՝ արվեստի մեջ է, իսկ տղաս ե՛ւ երգում է, ե՛ւ անընդհատ ստեղծագործում․ մի օր երգիչ է, մի օր՝ նկարիչ, գրող, մի օր էլ՝ կինոռեժիսոր: Ռեփ է գրում։ Ինձ թվոմ է՝ «պտուղը ծառից հեռու չի ընկնի»։

- Դուք միշտ աչքի եք ընկել Ձեր ազատությամբ ու անկեղծությամբ։ Այսօր ի՞նչն է Ձեզ տալիս այդ ներքին ազատությունը, եւ որքանո՞վ է բարդ հանրային մարդու համար մնալ անկեղծ ու չկրել «դիմակներ»։

- Անկեղծությունը, երեւի, իմ ամենամեծ թերությունն է․ մայրս ասում է, որ ես միամիտ եմ, բայց դա իմ տեսակն է։ Նախ՝ ես անկեղծ եմ ինքս ինձ հետ բոլոր հարցերում։ Երբ հետ եմ նայում իմ արածներին, դերերին, բեմադրություններին, սկսում եմ մտածել՝ որն էր անկեղծ, որը՝ կեղծ, որն էր արված գումարի համար, որը՝ սիրով... Թեեւ փորձում եմ ոչինչ չանել առանց սիրո։

Ինձ համար ամենակարեւորն անկեղծության մեջ այն է, որ ազնիվ լինեմ ինքս ինձ հետ, ինչ էլ անեմ՝ անեմ սիրով, չկեղծեմ, կիսատ չլինեմ ո՛չ հարաբերություններում, ո՛չ ստեղծագործելիս։ Եթե ուզում եմ ինչ-որ բան փոխել, սկսում եմ ինձնից։

- Վերջին տարիներին շատ է խոսվում այն մասին, որ դերասանի մասնագիտությունը Հայաստանում դարձել է չափազանց հասանելի, եւ էկրանին հայտնվում են մարդիկ, որոնք մասնագիտական կրթություն չունեն։ Ինչպե՞ս եք վերաբերվում այս երեւույթին։

- Ճիշտն ասած՝ հեռուստացույց չեմ դիտում, եւ էկրանին հայտնվող ոչ մասնագետներն ինձ չեն նյարդայնացնում։ Շատ ուրախանում եմ, երբ էկրանին հայտնվելուց հետո հասկանում են, որ իրենց կրթություն է պետք, եւ ընդունվում են Թատերական: Դա էլ է մոտիվացիա, դրան վատ չեմ նայում։

Վատ եմ նայում այն երեւույթին, երբ որեւէ հարցում մասնագետ չեն, բայց կարծիք են հայտնում. սա շատ ավելի վատ է։ Կան մարդիկ, որոնք դեռ չեն հասկացել, որ մասնագետ չեն, հայտնվելով էկրանին՝ մեծամտանում են ու մտածում, որ դա շատ երկար է տեւելու։ Բայց նրանց էկրանային կյանքը շատ կարճ է․ կամ պետք է սովորեն, կամ՝ հեռանան։ Շատ վատ է, երբ մարդ չունի կրթվելու գիտակցություն, բայց մեկ է՝ մի օր հասկանալու են։ Ամեն դեպքում, ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով։

- Ձեր կարծիքով՝ հայկական թատրոնն այսօր ի՞նչ խնդիր ունի, որի մասին մասնագիտական շրջանակներում բավականաչափ չենք խոսում։

- Ամենամեծ խնդիրը ժամանակակից դրամատուրգիայի պակասն է կամ դրա ցածր մակարդակը։ Մենք չունենք այնպիսի գործեր, որոնք ճշգրիտ կանդրադառնան մեր այսօրվա իրականությանը, մեր ցավերին ու խնդիրներին։ Շատ ենք կենտրոնացած դասականների վրա կամ էլ թարգմանական գործեր ենք բեմադրում, բայց չկա հայ ժամանակակից հեղինակ, որի պիեսը կարդալիս կասես՝ «Այ սա մեր մասին է»։

Մյուս խնդիրը, որի մասին քիչ է խոսվում, թատրոնի կառավարման ու մարքեթինգի անհամապատասխանությունն է ժամանակակից աշխարհին։ Թատրոնները հաճախ մնացել են հին ձեւաչափի մեջ եւ չեն կարողանում ճիշտ խոսել երիտասարդ հանդիսատեսի հետ։

- Հաճախ ասում են, որ հանդիսատեսն այսօր ավելի շատ ուզում է թեթեւ ու զվարճալի բովանդակություն։ Դուք ի՞նչ եք կարծում՝ թատրոնը պարտավո՞ր է նաեւ անհարմար հարցեր տալ հանդիսատեսին։

- Միանշանակ, թատրոնի գլխավոր առաքելությունը հենց անհարմար հարցեր տալն է։ Թեթեւ ու զվարճալի բովանդակությունը լավ է, դա էլ է պետք մարդկանց՝ լիցքաթափվելու համար, բայց եթե թատրոնը դառնում է միայն զվարճանքի վայր, դա արդեն թատրոն չէ, այլ շոու-բիզնես։

Թատրոնը պետք է հանդիսատեսին հանի իր «հարմարավետության գոտուց», ստիպի մտածել, վերանայել սեփական արժեքները, նույնիսկ հուսահատվել կամ լաց լինել։ Եթե մարդը թատրոնից դուրս է գալիս նույն մտքերով, որոնցով մտել էր, ուրեմն ներկայացումը չի հասել իր նպատակին։


- Տարիներ առաջ BRAVO.am-ին ասել էիք, որ բեմադրիչի համար կարեւոր է այնպիսի խնդիր բարձրացնել, որը հանդիսատեսին անտարբեր չի թողնի։ Այսօր ո՞ր խնդրի մասին եք ամենից շատ ուզում բարձրաձայնել թատրոնի միջոցով։

- Այսօր իմ ամենամեծ ցավն ու թշնամին անտարբերությունն է։ Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ մարդիկ անտարբեր են դարձել դիմացինի ցավի, երկրի խնդիրների, նույնիսկ սեփական կյանքի նկատմամբ։ Սոցիալական ցանցերի ու ինֆորմացիոն աղբի պատճառով մարդկանց զգայարանները բթացել են։ Ինձ համար կարեւոր է բարձրացնել մարդկային մենության, անտարբերության եւ սիրո պակասի խնդիրները։ Ուզում եմ, որ թատրոնը ստիպի մարդկանց նորից զգալ, ցավել ու սիրել։

- Եթե հնարավորություն ունենայիք այսօր բեմադրել ներկայացում՝ առանց որեւէ ֆինանսական կամ թեմատիկ սահմանափակման, ո՞ր անհարմար կամ հուզող խնդիրը ամենաշատը կուզեիք բարձրաձայնել բեմից։

- Կբեմադրեի մի ներկայացում, որը պատմում է պատերազմի թողած հոգեբանական հետքերի, կորստի եւ դրանից հետո ապրելու ու վերածնվելու դժվարության մասին։ Սա մեր ամենաանհարմար ու ամենացավոտ թեման է, որից շատերը փորձում են փախչել, բայց այն մեր մեջ է։ Եթե չունենայի ֆինանսական սահմանափակում, կստեղծեի մի մասշտաբային, սինթետիկ թատերական գործողություն՝ օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաներ, երաժշտություն ու պլաստիկա, որպեսզի հանդիսատեսն իր ամբողջ էությամբ զգա այդ ցավն ու դրանից դուրս գալու լույսը։

- Ի՞նչն է այսօր Ձեզ ամենաշատը վախեցնում որպես արվեստագետ՝ սխալվելը, չհասկացվելը, քննադատությո՞ւնը, թե՞ հակառակը՝ հանդիսատեսին այլեւս չզարմացնելը։

- Ինձ ամենաշատը վախեցնում է սպառվելը եւ ինքս ինձ կրկնելը։ Սխալվելն ու քննադատվելը ստեղծագործական ընթացքի մի մասն են, դրանցից չեմ վախենում։ Չհասկացվելն էլ երբեմն բնական է. ոչ բոլոր գործերն են նախատեսված լայն զանգվածների համար։ Բայց երբ հասնում ես մի կետի, որտեղ էլ նոր ասելիք չունես, էլ չես կարողանում զարմացնել ո՛չ ինքդ քեզ, ո՛չ հանդիսատեսին, այ դա իսկապես վախենալի է։ Արվեստագետը պետք է միշտ փնտրտուքի մեջ լինի, հենց կանգ առար՝ վերջացար։

- Եվ վերջում՝ եթե տարիներ առաջվա Լիլիին այսօր հանդիպեիք, ի՞նչ կասեիք նրան։ Իսկ ի՞նչ խորհուրդ հաստատ չէիք տա, որովհետեւ գիտեք՝ որոշ բաներ մարդը պետք է ինքնուրույն ապրի ու հասկանա։

- Տարիներ առաջվա Լիլիին կասեի միայն մեկ բան․ «Հանգիստ եղիր, ամեն ինչ իր տեղն է ընկնելու, ու դու ճիշտ ճանապարհի վրա ես»։ Կասեի, որ այդքան չմտահոգվի մարդկանց կարծիքների ու համեմատությունների համար, որովհետեւ ինքն իրականում շատ ավելի ուժեղ է, քան կարծում է այդ պահին։ Իսկ ինչ վերաբերում է խորհուրդ չտալուն՝ հաստատ ոչ մի խորհուրդ չէի տա՝ սխալներից կամ ցավերից խուսափելու համար։ Չէի ասի՝ «Այս մարդուն մի վստահիր», «Այս նախագիծը մի արա» կամ «Այստեղ մի սխալվիր»։ Այն բոլոր սխալները, հիասթափություններն ու դժվարությունները, որոնցով անցել եմ, ձեւավորել են այն Լիլիին, որը կամ այսօր։ Եթե իրենից խլեի այդ սխալվելու ու ցավը զգալու իրավունքը, ապա այսօր չէի ունենա այն ներքին փորձառությունն ու իմաստնությունը, որոնք ինձ օգնում են թե՛ բեմում, թե՛ կյանքում։ Որոշ ճանապարհներ մարդը պարզապես պետք է ինքնուրույն անցնի ու ինքնուրույն հասկանա։

Զրուցեց Լիանա Թեհմուրյանը
Լուսանկարները՝ Աննա Սողոյանի

Կարդալ ավելին

Quality Sign BW