«Կյանք ու կռիվ» ֆիլմով լայն ճանաչում ձեռք բերած Սամվել Թադեւոսյանը տեւական դադարից հետո վերադառնում է նկարահանման հրապարակ։ Դերասանը գլխավոր դեր է ստանձնել «Կինոդարան»-ի նոր՝ «88» 10 մասանոց դրամատիկ, գիտաֆանտաստիկ սերիալում, որը ժամանակի մեջ տեղափոխության մասին է: Նկարահանումները կմեկնարկեն հոկտեմբերին:
««88»-ը պատմություն է հոր եւ որդու, ժամանակի եւ մեղքի, ընտրության եւ դրա գնի մասին՝ միաժամանակ ծավալվող երկու դարաշրջանում՝ 2026 թվականի Երեւանում եւ 1988 թվականի Հայաստանում՝ Սպիտակի երկրաշարժին նախորդող շաբաթներին: Գլխավոր հերոսը, ճամփորդելով ժամանակի մեջ, տեղափոխվում է 1988 թվական` կանխելու մեծ աղետ»,- նշվում է հաղորդագրությունում:
Սամվել Թադեւոսյանը մարմնավորում է լրագրող Ադամին։ Տարիներ շարունակ ուրիշների ամենաբարդ պատմությունները բացահայտած լրագրողի համար չբացահայտված է մնում սեփական ընտանիքի պատմությունը․ նրա հայրը՝ ֆիզիկոս Հակոբը, 1994 թվականին անհետացել է առանց հետքի։ Տասնամյակներ անց ի հայտ եկած նոր հանգամանքն Ադամին ստիպում է վերադառնալ վաղուց դադարեցրած որոնումներին։
Հետաքննությունը նրան անսպասելիորեն տանում է 1988 թվականի նոյեմբեր, որտեղ Ադամը հնարավորություն է գտնում հանդիպելու երիտասարդ հորը եւ բացահայտելու նրա կյանքի մինչ այդ անհայտ կողմերը։ Սակայն անձնական պատմությունը աստիճանաբար կապվում է շատ ավելի մեծ հարցի հետ՝ ի՞նչ գիտեր հայրը մոտեցող աղետի մասին, եւ արդյո՞ք անցյալում կատարված միջամտությունը կարող է փոխել ապագան։
«88»-ում Թադեւոսյանը վերադառնում է գլխավոր դերով՝ մարմնավորելով հասուն, ներքին հակասություններով եւ բարդ անձնական ընտրությունների առաջ կանգնած հերոսի։
Սերիալը հնարավորություն է տալիս տեսնել 1988 թվականի Հայաստանը Սպիտակի երկրաշարժից առաջ՝ մարդկանց առօրյան, հարաբերություններն ու կյանքը մի ժամանակահատվածում, երբ դեռ հայտնի չէ` ինչ է սպասվում հաշված շաբաթներ անց։
«88»-ի պրեմիերան նախատեսված է 2027 թվականի հունվարին՝ «Կինոդարան»-ում։
Վերջերս Թադեւոսյանը ներկայացել է նաեւ նորաձեւության ոլորտում՝ նկարահանվելով DIOR-ի աշուն-ձմեռ հավաքածուի արշավում։ Այդ մասին կարդացեք այստեղ:


×
117






