×


Ինչպես Yung Lean-ի եւ Gener8ion-ի խելահեղ պարը դարձավ վիրուսային

Պաղպաղակ ուտելու ու դրանով տեսախցիկի օբյեկտիվը մաքրելու անսպասելի պահեր, ջարդված մրցանակ ու յուրահատուկ պարային խորեոգրաֆիա՝ հենց այսպես են Yung Lean-ն ու Gener8ion-ն իրենց սյուրռեալիստական կատարմամբ բոլորին տպավորել MTV Video Music Awards մրցանակաբաշխության ժամանակ:  

Շվեդ ռեփերն ու ֆրանսիական ստեղծագործական դուետը բեմում կյանքի են կոչել իրենց «Storm» նախագիծը։



Նրանց ելույթը սկսվել է հետնաբեմում, որտեղ Yung Lean-ը նախ ջարդել է աթոռը, վերցրել «Moon Person» մրցանակը եւ այն իր հետ բերել բեմ՝ միայն մի նպատակով, որպեսզի այն նույնպես կոտրի։ Այնուհետեւ եղավ այն հատվածը, որն այս օրերին համացանցում վիրուսային է դարձել։ Ռեփերն ու նրան շրջապատած միանման դպրոցական համազգեստներով պարողները խելահեղ համար ներկայացրին, իսկ դրա առանձին դրվագներն արագ տարածվեցին համացանցում՝ դառնալով բազմաթիվ կրկնօրինակումների առիթ։

Հարավային Կորեայի Յոնջու քաղաքի առաջխաղացման հոլովակում այս վիրուսային պարը կատարում են քաղաքի պաշտոնյաներն ու համազգեստներով քաղաքացիական ծառայողները։



Ո՞վ է Gener8ion-ը

Gener8ion-ը երաժշտական եւ վիզուալ արվեստի նախագիծ է, որը հիմնադրել են ֆրանսիացի էլեկտրոնային երաժշտության պրոդյուսեր Սուրկինը (իսկական անունը՝ Բենուա Հեյց) եւ կինոռեժիսոր Ռոմեն Գավրասը։ Սուրկինը երաժշտության հեղինակն է, իսկ Գավրասը նրա շուրջ ձեւավորում է կինեմատոգրաֆիական աշխարհ։ 

Նրանք համագործակցել են նաեւ մինչ «Storm»-ի թողարկումը, բայց հենց այս տեսահոլովակի շնորհիվ է նրանց լսարանն այս տարի զգալիորեն աճել: Պարուսույց Դեմիեն Ժալեն այնպիսի շարժումներ է համադրել, որոնց շնորհիվ «Storm»-ից անհնար է հայացքը կտրել:

Ո՞վ է Yung Lean-ը

Շվեդ ռեփերն ու երգիչը VMA-ի բազմաթիվ հեռուստադիտողների համար բացահայտում էր, սակայն նա էլ նորեկ չէ այս ասպարեզում: Իսկական անունը Յոնաթան Լեանդոեր Հոստադ է: Համացանցում ճանաչում է ձեռք բերել դեռ 2010-ականների սկզբին՝ «Ginseng Strip 2002» երգով: Նրա «Sad Boys» խումբն իր յուրահատուկ ոճի շնորհիվ նվիրված երկրպագուների բանակ ուներ:


Ինչո՞ւ էր ելույթն այդպիսին

Այն կրկնում էր «Storm» տեսահոլովակը։ Ապրիլին թողարկված 7 րոպե տեւողությամբ ֆիլմը պատմում է մռայլ գիշերօթիկ դպրոցի ըմբոստ սանի մասին, որին մարմնավորում է Yung Lean-ը: Սյուժեն զարգանում է միմյանց հետ փոխկապակցված «Storm I»-ի եւ «Storm II»-ի միջոցով՝ հասնելով այն տեսարանին, որը վերստեղծվել է VMA-ի համար: Yung Lean-ը կանգնած է համազգեստով աշակերտների շարքերի մեջ, երբ նրանք սկսում են կատարել պարը։



«Storm»-ը երեկոյի ընթացքում 4 մրցանակի է արժանացել, այդ թվում՝  «Տարվա լավագույն տեսահոլովակ», «Լավագույն ռեժիսուրա» եւ «Լավագույն խորեոգրաֆիա»։ անվանակարգերում:

Կարդալ ավելին

Quality Sign BW