×


«Թութուշը կարծես բոլորիս գրկած լինի». Վարդուհի Վարդանյանի հիշատակի համերգն անցավ հուզմունքով ու հիշողություններով

Ամիսներ տեւած ստեղծագործական աշխատանքներն ու հուզումնալից սպասումները երեկ՝ հոկտեմբերի 7-ին, ամփոփվեցին գեղեցիկ ակորդով: «Բարձրաձայն կարոտ» խորագրով համերգը նվիրված էր Վարդուհի Վարդանյանի ծննդյան 50-ամյակին եւ մահվան 20-րդ տարելիցին։

Այս օրերին երգչուհու ընկերներն ու հարազատները հիշում էին նրա հետ ապրած ամենատարբեր պահերը՝ անկեղծ զրույցներից մինչեւ անձրեւի տակ միասին երգելու անմոռանալի երեկոները։

Վարդուհի Վարդանյանի որդին՝ Ռուբեն Ավոյանը


Ինչպես կենդանության օրոք էր նա կամուրջ դառնում ընկերների միջեւ՝ անխտիր բոլորին միավորելով, այնպես էլ այսօր նրա հիշատակն ու սերը բոլորին հավաքել էին մեկտեղ։ Արսեն Սաֆարյանն ասում է, որ այս օրերին Թութուշը կարծես բոլորիս գրկած լինի։ 

Երգիչը մինչ օրս հիշում է Ամանորյա ներկայացման ժամանակ բեմում Վարդուհու թեւի հետ կապված զվարճալի միջադեպը. «Խաղում էինք երեխաների համար: Վարդուհին մայրիկի դերում էր, իսկ ես՝ հայրիկի: Այնպես ստացվեց, որ հնչյունային ռեժիսորն ուրիշ մինուս դրեց՝ ոչ իմ տոնայնության, եւ շատ լավ հիշում եմ, թե վախից ինչպես սեղմեցի Վարդուհու ձեռքը՝ հասկացնելով, որ չեմ կարող երգել, եւ ինքը պիտի երգի կրկներգը։ Այդպես էլ եղավ: Երբ դուրս եկանք կուլիսներ, մեղմ ասած, ամբողջը թեւը կապտել էր»։

Արսեն Սաֆարյանը


Սիրուշոյի համար ամենակարեւոր հիշողություններից մեկը «Մեզ ոչինչ չի բաժանի» երգի պատմությունն է։ Երգչուհու խոսքով՝ երբ իրենց առանձին հարցազրույցների ժամանակ հարցրել էին մտերիմ հարաբերությունների մասին, ինքը նշել էր, որ այնքան մոտ են, որ թվում է՝ «իրենց ոչինչ չի բաժանի»։ Պարզվել էր՝ Վարդուհին եւս նույն միտքն էր արտահայտել։ Մոտ երկու ամիս անց Վարդուհին մահացավ։ Ծնվեց «Մեզ ոչինչ չի բաժանի» երգը։ Այսօր այն արդեն պարզապես երգ չէ, այլ երկու ընկերների պատմության շարունակությունը:


Սյուզան Մարգարյանն առաջին անգամ Վարդուհուն տեսել էր Երգի թատրոն ընդունվելիս. «Նույնիսկ հագուստն եմ հիշում. մուգ կապույտ զգեստ էր հագել, մազերն էլ՝ հավաքած։ Հիացմունքս չկարողացա թաքցնել, գնացի գրիմանոց, գրկեցի նրան ու ասացի. «Դու մեծ ճանապարհ ունես անցնելու»»։

Նունե Եսայանը


«Ես կարծում եմ՝ այն, ինչ կուզեր տեսնել, լինելու է բեմում։ Իր բոլոր ընկերները, իրեն նվիրված մարդիկ 20 տարի անց էլ նույն նվիրվածությամբ ե՛ւ կարոտում, ե՛ւ հիշում, ե՛ւ սիրում են նրան»,- ասում է երգչուհի Նունե Եսայանը։

Ռուբեն Ավոյանը եւ Ալլա Լեւոնյանը


Ալլա Լեւոնյանը հավելում է. «Այս վերջին մի քանի օրվա փորձերի ընթացքում ինձ բռնացրի մտածելիս, որ իր համար մեր շատ ընկերներ նույնիսկ ԱՄՆ-ից եկել են մասնակցելու մեր համերգին, ու Թութուշը կրկին միավորեց մեզ»։ 

Զարուհի Բաբայանը


Արդեն բեմից Ավետ Բարսեղյանը հայտարարեց՝ Վարդուհու շունչն ու իրական, չջնջվող ձայնը մեզ հետ են՝ նրա ընկերների սրտերում ու ձայներում, անսահման բարի ու ջերմ պատմություններում ու հուշերում։

Սամվել Գրիգորյանը, Նազենի Հովհաննիսյանը եւ Ավետ Բարսեղյանը


«Ոչ մի դեպքում թույլ չտաք, որ ջնջեն մեր պատմությունը՝ Արարատից մինչեւ Արցախ»․ այսպիսին էր հաղորդավար Նազենի Հովհաննիսյանի խոսքը «Արցախի ձայներ»-ի ելույթից առաջ։

«Արցախի ձայներ» խմբի վոկալիստ Միշա Գրիգորյանը


Ուսանողական տարիներին Արփին քննություններին պատրաստվել է Վարդուհու երգերը լսելով, իսկ տարիներ անց նրա սիրելի երգերից մեկը կատարել է դստեր հետ, որն առաջին անգամ էր բեմ բարձրանում. «Երգում հնչում է մի միտք՝ դու առաջ շարժվիր վստահ քայլերով, ես գիտեմ, որ կարող ես»։

Սոնա Ռուբենյանը


«Համոզված եմ, որ մեր ձայնը կհասնի նրան, եւ նա կտեսնի՝ իր անունը շարունակում է ապրել, երգերը շարունակում են ապրել»,- ասում է երգչուհի Անահիտ Շահբազյանը։

Անդրեն, Արման Աղաջանյանը, Ալլա Լեւոնյանը եւ Արսեն Սաֆարյանը


Վարդուհու եւ Արման Աղաջանյանի համար առանձնահատուկ էր «Գելը» երգը։ Արմանը Վարդուհու մահից հետո այդ երգը երբեք չի կատարել. «Այդ երգի հետ շատ ջերմ հիշողություններ կան։ Այն շատ ինքնաբուխ, անսպասելի ձեւով էր ստեղծվել, ու երեւի հենց դրա համար էլ այսօր այն երգելը հեշտ չէ»։

Վարդուհի Վարդանյանի քույրերը՝ Քրիստինե եւ Իննեսա Վարդանյանները, եւ Անահիտ Շահբազյանը


Երգչուհու հարազատ քույրը՝ Քրիստինե Վարդանյանը, ամենաանհանգիստն էր. «Ամեն ինչ կազմակերպված էր այնպես, ինչպես կցանկանար Վարդուհին․ չէ՞ որ նա պատասխանատվությամբ էր վերաբերվում այն ամենին, ինչ անում էր»։

Ներսես Ավետիսյանը


Հանդիսատեսը շունչը պահած վայելեց մոտ երեք ժամ տեւած այս բացառիկ համերգը, որտեղ կարոտն ու ժպիտը, հուզմունքն ու հպարտությունը միահյուսվել էին իրար:

Վարդուհի Վարդանյանի թոռնիկը՝ Վարդուհին


Երեկոյի ամենահուզիչ պահերից մեկն, անշուշտ, որդու՝ Ռուբեն Ավոյանի եւ փոքրիկ թոռան ելույթն էր։ Ավետ Բարսեղյանը հիշեցրեց, որ Վարդուհու թողած ամենաթանկ ժառանգությունը միայն նրա երաժշտությունը չէ․ նաեւ որդին է՝ Ռուբենը, որն այսօր արդեն ստեղծագործում է ու երգում։

Ռուբեն Ավոյանը


Պրեմիերա էլ տեղի ունեցավ. Ռուբեն Ավոյանը մայրիկին նվիրված նոր երգ ներկայացրեց:

Վարդուհի Վարդանյանի սկեսուրը


Համերգն անմոռանալի կերպով եզրափակվեց․ հնչեց «Հայաստան» երգը՝ միայն Վարդուհու կատարմամբ։ Այդ պահին թվում էր՝ ժամանակը կանգ էր առել, քանի որ այս երգը լսելիս անմիջապես զգում ես նրա ներկայությունն ու շունչը։

Արմուշը՝ դստեր հետ


«Բարձրաձայն կարոտը» եւս մեկ անգամ հիշեցրեց, որ ճշմարիտ արվեստն ու մեծ սերը ժամանակի ուժից վեր են․ անցել է 20 տարի, բայց Վարդուհին շարունակում է մնալ բոլորիս սրտերում:


Հ․Գ․ Այս համերգի փորձերի ու համերգի ընթացքում վերադարձել էի իմ պատանեկություն։ Վարդուհին իմ ֆավորիտ երգչուհին էր։ Այն ժամանակ նրա բոլոր հարցազրույցները դիտում էի, գնում էի բոլոր այն ամսագրերը, որոնցում նրա հարցազրույցներն էին, իսկ երգացանկը գիտեի սկզբից մինչեւ վերջ։ Այնպես որ, այս համերգն ինձ համար նաեւ անձնական «Բարձրաձայն կարոտ» էր։

Տեքստը՝ Արմինե Գեւորգյանի
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի
BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW