×


Հնագույն Էրեբունին՝ նորաձեւության բեմ․ «Հին աստվածներ»-ով բացվել է «Երեւանի նորաձեւության շաբաթը»

«Հին աստվածներ․ Էրեբունիից մինչեւ ժամանակակից Երեւան» խորագրով ցուցահանդեսով երեկ Էրեբունի ամրոցի տարածքում մեկնարկել է «Երեւանի նորաձեւության շաբաթ 2026»-ը:


Նորաձեւությունը դուրս էր եկել ավանդական պոդիումի սահմաններից եւ ուղիղ առերեսվում էր քաղաքի պատմությանը։ Գրեթե երեք հազարամյակի պատմություն պահպանող այս տարածքում ժամանակակից հայկական նորաձեւությունը հանդիպել էր հնագույն քաղաքակրթությանը՝ ստեղծելով երկխոսություն անցյալի եւ ներկայի միջեւ: Ցուցահանդեսը ոգեշնչված էր Լեւոն Շանթի «Հին աստվածներ» ստեղծագործությունից։ 


Դիզայներ Անգելինա Պետրոսյանը ներկայացրեց «շամանական» հավաքածու: Կերպարները ոգեշնչված էին հոգեւոր աշխարհով եւ կնոջ խորհրդավոր էությամբ։ Պոդիումում մոդելները կարծես մարմնավորում էին հոգիների ձայները։

Անգելինա Պետրոսյանը


My Cherry Cola բրենդի հիմնադիր Ժասմին Խաչատրյանը ցուցադրեց թղթե մաշե տեխնիկայով պատրաստված եւ եգիպտական թեմատիկայով երկու հագուստ։ Դիզայները ձգտում է նոր տարրեր ու չկրկնվող լուծումներ կիրառել՝ պահպանելով բնությունն ու շրջակա միջավայրը:

Ժասմին Խաչատրյանը


Կարինե Գեւորգյանի հավաքածուի հիմքում կնոջ աստիճանական բացահայտման գաղափարն էր. «Հիմնական շեշտը դրել եմ տրանսֆորմացիայի վրա, որովհետեւ ինձ համար շատ կարեւոր է, որ հագուստը կրելու մի քանի տարբերակ ունենա, որպեսզի չձանձրանաս դրանից։ Բացվելով՝ այս հագուստը ներկայացնում է կնոջ հոգեբանությունը՝ ինչպես է նա փուլ առ փուլ զարգանում, ամուր կանգնում հողի վրա ու ներկայանում ամբողջությամբ։ Փորձել եմ այս գաղափարը ներդնել հագուստի մեջ»։

Վահան Խաչատրյանը


«Երեւանի նորաձեւության շաբաթ»-ի համահիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Վահան Խաչատրյանի խոսքով՝ նման միջոցառումները մեծ ներուժ ունեն։ Դրանց շնորհիվ մայրաքաղաքը հյուրընկալում է նաեւ արտասահմանցի հյուրերի, որոնք գալիս են՝ բացահայտելու տեղական դիզայներներին ու նրանց նոր աշխատանքները։

Տեքստը՝ Արմինե Գեւորգյանի
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի
BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW