«Երեւանի նորաձեւության շաբաթ 2026»-ը տպավորեց ոչ միայն ցուցադրությունների համար ընտրված ինքնատիպ վայրերով, այլեւ գեղեցիկ հավաքածուներով։ RUZANĒ ապրանքանիշի ցուցադրությունը տեղի ունեցավ Զվարթնոցի տաճարում։ Դարերի պատմություն ունեցող քարերի եւ զարդանախշ կամարաշարի ֆոնին, որոնք պահպանում են անցյալի հիշողությունը, հայտնվեցին երիտասարդ աղջիկներ, որոնց կերպարները բացահայտում էին ժամանակի երեք հարթություն՝ անցյալը, ներկան եւ այն ակնթարթը, որն անցնում է, բայց մնում հիշողության մեջ։
Դիզայներ Ռուզաննա Վարդանյանը պատմել է, որ նոր հավաքածուի ոգեշնչման աղբյուրը բնության անվերջ շրջապտույտին նվիրված իր նախորդ աշխատանքն էր, որտեղ թառամելն ու քայքայումը դառնում են նոր կյանքի սկիզբ։
Ռուզաննա Վարդանյանը
«Նախորդ հավաքածուից անմիջապես հետո մտքովս անցավ ստեղծել նորը՝ նվիրված երեք ժամանակներին։ Առաջինը Զվարթնոցն է՝ VII դարի հուշարձանը, որն իր քարերում պահպանում է հիշողությունն ու պատմությունը։ Երկրորդը հագուստն է, որը ստեղծել եմ նախորդ հավաքածուի կտորներից՝ գործվածքներին նոր կյանք պարգեւելով։ Իսկ երրորդը ծաղիկներն են՝ կյանքի ամենաանցողիկ դրսեւորումը, որոնց գեղեցկությունը պահպանվում է ընդամենը մի քանի օր»,- նշել է RUZANĒ-ի հիմնադիրը:
Նրա հավաքածուներում գերակշռում են նուրբ ուրվագծերը եւ արտահայտիչ գործվածքները։ Բացառություն չէր նաեւ նոր աշխատանքը, որում կենտրոնական տեղը զբաղեցնում էին ծաղկային մոտիվներն ու ձեւերը՝ ընդգծելով կնոջ մարմնի գեղեցկությունը։ Ռուզաննա Վարդանյանի բնորոշմամբ՝ կինը բնության մասն է, նրա շարունակությունը եւ նոր կյանքի աղբյուրը։ Այսպիսով՝ հավաքածուում ծաղիկները դառնում են ոչ թե պարզապես դեկորատիվ տարր, այլ կանացիության ու փխրունության խորհրդանիշներ:
RUZANĒ-ի հագուստում համադրվում են նրբագեղ մինիմալիզմը, լակոնիկ կտրվածքը, բոհոյի եւ քեժուալի տարրերը։ Բարդ ուրվագծերը, արտահայտիչ տեքստուրաները եւ մանրամասների նկատմամբ ուշադրությունը ձեւավորում են գեղագիտություն, որում ժամանակակից նորաձեւությունը հանդիպում է պատմական մոտիվներին։ Միեւնույն ժամանակ դիզայները նշում է, որ չի ձգտում հետեւել անցողիկ միտումներին։ Նրան հետաքրքրում է այնպիսի հագուստի ստեղծումը, որը պահպանում է իր արդիականությունը եւ ժամանակի ընթացքում ձեռք է բերում սեփական պատմությունը։
«Ակադեմիական կրթություն ունեմ, բայց նորաձեւությանը նայում եմ լիովին ժամանակակից հայացքով։ Ինձ դուր է գալիս պատմական տարրերը խառնել ժամանակակից ձեւերի, նյութերի եւ տեխնոլոգիաների հետ։ Կարծում եմ՝ հենց այս համադրությունն է իմ դեպքում հատկապես հաջողված։ Սա է իմ ոճը, իմ ձեռագիրը, որով ինձ ճանաչում են»,- նշել է Ռուզաննա Վարդանյանը:
Տեքստը եւ լուսանկարները՝ Մերի Մելիքջանյանի/Bravo.am/


×
125





