Հոնկոնգում այս օրերին հարյուրավոր մարդիկ հերթ են կանգնում՝ տեսնելու Վինսենթ վան Գոգի կտավներից մեկը, որը հանրությանը չէր ցուցադրվել ավելի քան 60 տարի։ Sotheby’s-ը ցուցադրությունը կազմակերպել է նոյեմբերին Նյու Յորքում կայանալիք աճուրդից առաջ։
Ինչպես հայտնում է Reuters-ը, «Ծաղկած շագանակենիներ»-ը նկարչի կյանքի վերջին տարիներին ստեղծված ամենակարեւոր աշխատանքներից է։ Վան Գոգն այն ավարտել է 1890 թվականին՝ մահից ընդամենը երկու ամիս առաջ։
Այդ ժամանակ նա ապրում էր ֆրանսիական Օվեր-սյուր-Ուազ գյուղում, որտեղ էլ մահացել է 37 տարեկանում։ Կյանքի վերջին 70 օրերին Վան Գոգը շատ արագ էր ստեղծագործում․ այդ ընթացքում նա ստեղծել է 74 կտավ եւ բազմաթիվ գծանկարներ։
Վինսենթ վան Գոգի «Ծաղկած շագանակենիներ» կտավը
Այս նկարում պատկերված է ծաղկած շագանակենի, որի կողքով ճապոնական հագուստով միայնակ տղամարդն անցնում է երեք կանանց կողքով։
Նյու Յորքի Sotheby’s աճուրդի տունը կանխատեսում է, որ կտավը կարող է ռեկորդային գնով՝ շուրջ 180 միլիոն դոլարով վաճառվել։ Վան Գոգի ստեղծագործությունների վաճառքի ներկայիս ռեկորդը սահմանվել է 2022 թվականին, երբ «Կիպարիսներով այգի» կտավը վաճառվել է 117,2 միլիոն դոլարով։
Նոյեմբերի 18-ին Նյու Յորքում կայանալիք աճուրդում «Ծաղկած շագանակենիներ» կտավը կվաճառվի երկար տարիներ հանրությանը չցուցադրված 12 ստեղծագործությունների հետ, որոնց թվում են նաեւ Պոլ Սեզանի եւ Կլոդ Մոնեի կտավները։ Հավաքածուն պատկանել է արգենտինացի հավաքորդներ Նելլի Արիետա դե Բլաքյեին եւ Կառլոս Պեդրո Բլաքյեին։


×
106





