Կան մարդիկ, որոնք իրենց ամբողջ կյանքը նվիրում են աշխարհում իրենց տեղը գտնելուն, բայց գալիս է մի օր, երբ զգում են իրենց արմատների մասին պատմելու անհրաժեշտությունը. Անրի Վեռնոյը նրանցից մեկն էր։
Սա պատմություն է անցյալ դարի 20-ականներին տարագրության մեջ ծնված մի երեխայի անցած արտասովոր ճանապարհի մասին, ով հետո դարձավ ֆրանսիական կինոյի մեծագույն պատմողներից մեկը, սակայն իր պատմությունը համարձակվեց պատմել միայն տասնամյակներ անց։
Նա ծնվել է Աշոտ Մալաքյան անունով, 1924 թվականին՝ չորս տարեկանում, Հայոց ցեղասպանությունից փրկված հարազատների հետ հասել Մարսել: Ֆրանսերեն չէր խոսում, չգիտեր այն երկիրը, որտեղ պետք է մեծանար, չգիտեր նաեւ, որ հայկական ազգանվան եւ տարագիր մանկության հետեւում արդեն ուրվագծվում էր ապագա մեծ կինոռեժիսորի ճակատագիրը։
Տասնամյակներ անց նա նկարահանելու էր Ժան Գաբենին, Ալեն Դելոնին, Ժան-Պոլ Բելմոնդոյին եւ մեծանուն այլ դերասանների, նրա ֆիլմերը միլիոնավոր հանդիսատես էին գրավելու։ Բայց Անրի Վեռնոյ անվան, ֆրանսիական հաջողության եւ ճանաչման հետեւում Աշոտ Մալաքյան անունը երբեք ամբողջությամբ չէր անհետանալու։
Անրի Վեռնոյը եւ Ալեն Դելոնը
Հաջողությունը չի ջնջում մանկությունը
Անրի Վեռնոյին ճանաչում են նրա քրեական ֆիլմերով, արկածային մեծ պատմություններով եւ դերասանների հետ աշխատելու վարպետությամբ։ Սակայն քչերը գիտեն այն ճանապարհի մասին, որը նրան դարձրեց այդ հանրաճանաչ մարդը։
Մարսելում մեծացող այս երեխայի ընտանիքի համար տարագրությունը արկած չէր, այլ գոյատեւելու անհրաժեշտություն։ Պետք էր նորից սկսել ապրել, սովորել նոր լեզու, աշխատել եւ երեխաների համար ապագա կառուցել։ Մեծ եղեռնը վերապրած շատերի համար անցյալի մասին խոսելը դժվար էր. նախ պետք էր գոյատեւել ներկայում։
Հարցազրույցներից մեկում Վեռնոյը խոսել է իր երկու պատկանելությունների միջեւ եղած լարվածության մասին. լինել հայ եւ միաժամանակ դառնալ ֆրանսիացի, ինտեգրվել՝ առանց հրաժարվելու սեփական մշակույթից։
Այս խոստովանությունը բացահայտում է նրա անցած ուղին. ինչպե՞ս պատկանել երկու աշխարհների՝ առանց դավաճանելու դրանցից որեւէ մեկին։
Անրի Վեռնոյը եւ Ժան-Պոլ Բելմոնդոն, 1974 թ.
Ինժեներ եւ լրագրող՝ մինչեւ կինոռեժիսոր դառնալը
Նրա ճանապարհը նման չէր այն երիտասարդների ուղուն, որոնք անմիջապես մուտք էին գործում արվեստի աշխարհ։ Սկզբում նա ընտրել էր լուրջ եւ ապահով համարվող մի մասնագիտություն, որը կարող էր բավարարել տարագրություն ու անորոշություն ապրած ընտանիքի ակնկալիքները, բայց կինոն ի վերջո դարձավ նրա կոչումը։
Դարձավ լրագրող, այնուհետեւ մուտք գործեց կինոաշխարհ։ 1959 թվականին նկարահանված «Կովը եւ բանտարկյալը» ֆիլմը մեծ ժողովրդականություն վայելեց: Դրան հաջորդեցին «Կապիկը ձմռանը», «Մեղեդին նկուղում» եւ «Սիցիլիական կլանը» ֆիլմերը։
Անրի Վեռնոյը, Լինո Վենտուրան, Ժան Գաբենը եւ Ալեն Դելոնը՝ «Սիցիլիական կլանը» ֆիլմի գովազդային շրջագայության ընթացքում, 1969 թ.
Ֆիլմը, որը նա պետք է նկարահաներ իր մոր համար
1991 թվականին Անրի Վեռնոյը 70 տարեկան էր։ Կինեմատոգրաֆիական մեծ ճանապարհ էր անցել, երբ ձեռնամուխ եղավ մի նախագծի, որը խիստ տարբերվում էր իր հայտնի քրեական ֆիլմերից։ «Մայրիկ» (Mayrig) ֆիլմով, իսկ այնուհետեւ՝ «Պարադի փողոց 588» (588, rue Paradis) ֆիլմով, նա վերադարձավ իր ընտանիքի պատմությանը, Ֆրանսիա հասնելուն եւ ծնողների զոհողություններին։
Գեղարվեստական հորինվածքը փոխարինեց անձնական պատմությամբ՝ մի ամբողջ ժողովրդի ապրած ողբերգությունը ներկայացնելով մեկ ընտանիքի ճակատագրի միջոցով։
Տեսարան՝ Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմից, 1991 թ.
«Մայրիկի»՝ Մարսելում կայացած առաջին ցուցադրության մասին «Լը Մոնդ» թերթում հրապարակված հոդվածի համաձայն՝ սցենարի վրա աշխատել էին չորս տարի, եւ այն ունեցել էր քառասուներկու տարբերակ։ Կինոռեժիսորը, որն այդքան հմտորեն կառուցում էր սյուժեներ, կարծես երկար ժամանակի կարիք ուներ՝ սեփական պատմությունը պատմելու համար։
Գուցե դրա հետեւում կար ընտանեկան հիշողության ծանրությունը, որը երկար ժամանակ պահպանվել էր միայն հարազատների շրջանակում, ինչպես նաեւ ժառանգված ցավը հանրային պատմության վերածելու դժվարությունը։
Երբեմն ավելի հեշտ է պատմել ուրիշների պատմությունները, քան սեփականը։
Տեսարան՝ Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմից, 1991 թ.
«Մայրիկ»-ով Վեռնոյը պատմում է ոչ միայն մեկ ընտանիքի ճակատագիրը, այլեւ դեմք ու ձայն «տալիս» այն հայերին, որոնք Ցեղասպանությունից հետ լքեցին իրենց հայրենիքը, անդադար աշխատող մարդկանց, ընտանիքները պահող մայրերին, նոր լեզու սովորած երեխաներին եւ այն ծնողներին, որոնք հույս ունեին, թե իրենց զոհողությունների շնորհիվ զավակներն այլ կյանք կունենան։
Նա փոխանցում է նաեւ այն, ինչը փաստաթղթերն ու թվերը միշտ չէ, որ կարող են արտահայտել՝ կորցրած տան բույրը, անծանոթի հանդեպ վախը, առօրյա կյանքի փոքրիկ սովորությունները եւ այն արժանապատվությունը, որով մարդիկ վերակառուցում են իրենց կյանքը։
«Լուռ պատմությունը» պատմելու քաջությունը
Պետք է «Մայրիկը» դիտարկել իր ժամանակաշրջանի համատեքստում։ 1991 թվականին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Ֆրանսիայում դեռ չէր հասել իր քաղաքական ու հանրային ամբողջական հանգուցալուծմանը։ Ֆիլմը հայտնվեց ֆրանսիական կինոթատրոններում՝ հայկական պատմությունը ներկայացնելով հասարակության ավելի լայն շրջանակներին եւ դուրս գալով հայկական համայնքի սահմաններից:
Լուսանկարը՝ AFP «Սեզար» պատվավոր մրցանակը Անրի Վեռնոյին հանձնում են Կլաուդիա Կարդինալեն եւ Ալեն Դելոնը, 1996 թ.
Նա օգտագործեց այն լեզուն, որին լավագույնն էր տիրապետում՝ կինոյի լեզուն, դեմքերը, լռությունները, հույզերը եւ այն պատմության ուժը, որը կարող է փոխանցվել սերնդից սերունդ։
Ֆրանսիացի հանդիսատեսին նրա անունը հիշեցնում է կինեմատոգրաֆիական բացառիկ ժառանգություն, լեգենդար դերասաններ եւ սերունդներ անցած հանրամատչելի կինո։
Լուսանկարը՝ festival-cannes.com Անրի Վեռնոյը
Հայերի համար նրա պատմությունն ունի նաեւ մեկ այլ նշանակություն. այն հիշեցնում է, որ հայրենիքից դուրս ապրող երեխան կարող է իր մեջ պահպանել եւ փոխանցել ազգային հիշողությունը, եւ որ ինտեգրումը չի պարտադրում մոռացություն։
Պատրաստեց՝ Էլլադա Ղուկասյան-Բարսեղյանը/Bravo.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/


×
187






