×


«Հարսների հավաքական». կատակերգություն՝ լուրջ ասելիքով

Ինչպե՞ս կավարտվեն ընտանեկան վեճերը, եթե չլինի կանացի խորամանկությունը: Նոյեմբերի 13-ին Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի բեմում կխաղան «Հարսների հավաքական» ներկայացումը, որը կատակերգական իրավիճակների ու անսպասելի լուծումների միջոցով հիշեցնում է ընտանեկան արժեքների պահպանման եւ համերաշխության կարեւորության մասին։

Արտերկրում բնակվող երեք հարս անսպասելի լուր են ստանում․ իրենց հանգուցյալ սկեսրայրը մահից առաջ գյուղի տան բակում թանկարժեք գանձ է թաքցրել։ Սկեսուրի ծննդյան օրը որպես առիթ օգտագործելով՝ շտապ վերադառնում են Հայաստան, իսկ դրանից հետո սկսվում է հումորով լի արկածային իրարանցում:

Արմեն Վարդանյանը եւ Սեդրակ Գոջամանյանը


Պիեսի հեղինակն Արմեն Վարդանյանն է, բեմադրող ռեժիսորը՝ Սեդրակ Գոջամանյանը։

«Վերնագիրն առաջին հայացքից կենցաղային է հնչում, բայց մենք փորձել ենք Հայաստանի եւ Սփյուռքի հարաբերությունների մասին ասելիք դնել։ Այո՛, սա կատակերգություն է, բայց լուրջ ուղերձ ունի։ Հանդիսատեսը կտեսնի խելացի ու խորամանկ սկեսուրի, միջանձնային բախումներ։ Մեզ համար կարեւոր է ոչ միայն կենցաղային շերտը, այլեւ Հայաստանի եւ արտերկրում բնակվող հայերի հարաբերություններին անդրադարձող երկրորդ գիծը»,- ասաց Արմեն Վարդանյանը։


Ռեժիսոր Սեդրակ Գոջամանյանը պատմեց, որ ներկայացման մտահղացումը սցենարի հեղինակինն է:

«Լինելով դասական սփյուռքահայ՝ մի նոր բան եմ նկատել. այսօր ձեւավորվում է մի այլ սփյուռք, որը կապ չունի հնի հետ։ Նրանց ապրումներն ու զգացողություններն այլ են։ Տխուր է, որ Սփյուռքի այդ տարբեր հատվածները չեն միաձուլվում։ Համահայկական տեսանկյունից միմյանց հանդեպ այդպիսի ատելությունը վտանգավոր է։ Բացի այդ, նկատել ենք, որ մարդիկ սկսել են մտածել այն երկրի տրամաբանությամբ, որտեղ ապրում են։ Բոլորին համախմբող միակ կետը հայրենիքն ու մեր հողն են»,- նշեց Գոջամանյանը։


Հարսներին մեկ հարկի տակ հավաքած սկեսուրի դերում Իրինա Դանիելյանն է։ Դերասանուհու խոսքով՝ իր կերպարը լավ սկեսուր է՝ մի փոքր խիստ, բայց բարի նպատակներով։

«Ուզում եմ հաշտեցնել հարսներիս ու տղաներիս։ Իրական կյանքում էլ սկեսուր եմ, ու այս դերը համապատասխանում է տարիքիս ու կարգավիճակիս։ Ներկայացումը մարդկանց ուրախություն կպարգեւի, իսկ ասելիքը շատ նուրբ, բայց կարեւոր շեշտադրումներով է մատուցվում»,- ասաց դերասանուհին։


Մեծ հարսի դերում Մարջան Ավետիսյանն է։ Գերմանիայից Հայաստան վերադարձած նրա կերպարը գաղտնիք է թաքցնում, որի բացահայտումն ամենացավալին կլինի հենց մոր համար: 

«Ուրախ եմ այսպիսի դերասանական կազմի հետ հանդես գալու համար։ Յուրաքանչյուր նոր ներկայացում նոր ապրումներ ու հույզեր է բերում»,- նշեց դերասանուհին։


Ռուսաստանից ժամանած հարսի դերում Զառա Սահակյանն է։ Միամիտ բնավորությունն ու խանդը նրա կերպարին զավեշտալի իրավիճակների մեջ են գցում։

«Փորձերից մեծ հաճույք ենք ստացել։ Միասնական ու ներդաշնակ թիմ ենք դարձել։ Ամեն օրը տոն էր․ տուն էինք գնում՝ նոր պատմություններով ու ծիծաղով։ Կերպարս թեթեւ բնավորություն ունի, բայց նրա ներսում նաեւ ողբերգություն կա, որը թաքցնում է ցինիկ կատակների հետեւում։ Հանդիսատեսը կտեսնի, թե ինչն է նրան հասցրել այդպիսի հոգնածության»,- ասաց դերասանուհին։


«Հարսների հավաքականը» ներկայացումն առանձնահատուկ նշանակություն ունի Լիանա Վանոյանի համար․ սա նրա առաջին դերն է թատրոնում։

«Կերպարս շատ հետաքրքիր բնավորության գծեր ունի։ Ուրախ եմ, որ գործընկերներս այսքան լավն են ու պրոֆեսիոնալ։ Յուրաքանչյուրի հետ աշխատելիս մի նոր բան եմ սովորել, ու դարձել ենք իսկական թիմ»,- ասել է Վանոյանը։

Ներկայացման բեմանկարիչը Նարեկ Սանթուրյանն է, գրաֆիկական դիզայնի եւ պաստառի լուսանկարների հեղինակը՝ Արվին Քոչարյանը: Պրոդյուսերը Համլետ Գալստյանն է: 

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարդալ ավելին

Quality Sign BW