×


“Abstraction”. Շուտով` կողոպուտ հայկական ձեւով

Օգոստոսին Միացյալ Նահանգներում մեծ էկրան կբարձրանա “Abstraction”-ը, որն էքշըն ժանրի քրեական դրամա է: Ֆիլմի ռեժիսորն ու սցենարի հեղինակը ամերիկահայ Իշխան Փրինս Բաղդասարյանն է, որի հետ էլ զրուցել է BRAVO.am-ը, իսկ դերասանական կազմում են հանրահայտ դերասաններ Էրիկ Ռոբերտսը, Քեն Դավիթյան, Հանթեր Իվը եւ այլք:

“Abstraction” ֆիլմի պրեմիերան նախատեսված է օգոստոսին


“Abstraction”-ը ստիպում է հանդիսատեսին ֆիլմի առաջին վայրկյաններից մինչեւ վերջ լարված հետեւել գործողությունների ընթացքին: Սա մի հետաքրքիր ճանապարհորդություն է` լի անսպասելի շրջադարձերով: Ֆիլմը մասշտաբային է, բայց միեւնույն ժամանակ շատ անձնական` իր յուրահատուկ հերոսներով:

-Ծնվել եք Կալիֆորնիայում` նահանգ , որը շնչում է Հոլիվուդով եւ առհասարակ կինոյով, բայց մինչեւ կինոարտադրությամբ զբաղվելը եղել եք աճպարար: Պատմեք Ձեր անցյալի մասին:

-Դա 1990-ականներին էր: Նախ` նշեմ, որ  ծնողներս` Էդվարդն ու Ֆլորան, Երեւանից են: Հայրս ծնվել է Հայաստանում, մայրիկիս ընտանիքը Սիրիայից Հայաստան է տեղափոխվել, երբ  նա երեք տարեկան էր: 1981-ին ծնողներս տեղափոխվեցին ԱՄՆ: Ես ծնվել եմ Լոս-Անջելեսում` 1984-ին: Աճպարարությամբ զբաղվել եմ 10-ը տարեկանից: Հրաշքներ գործելն իմ մանկության հոբբին էր: Դասերից հետո ժամեր էի տրամադրում դրան: Կամաց-կամաց  ծնողներս հասկացան, որ ես նման թաքնված տաղանդ ունեմ ու ինձ տարան աճպարարության պարապմունքների: Դրանից հետո սկսեցի քրոջս` Ռոսս Բաղդասարյանի հետ պրոֆեսիոնալ բեմերում ելույթներ ունենալ, հայտնվել ամերիկյան եւ հայկական ամսագրերի էջերին, թերթերում, հեռուստատեսային հաղորդումներում: Դա իմ կարիերայի ամենահիշարժան շրջաններից էր: Կարելի է ասել` մանկությունս ամբողջովին նվիրեցի աճպարարի կարիերային: Հետո թողեցի դա. հասկացել էի, որ իմ հետաքրքրությունները կապված են տեսախցիկի հետ:

“Abstraction” ֆիլմի ռեժիսոր եւ սցենարի հեղինակ Իշխան Փրինս Բաղդասարյանը


-Ինչպե՞ս կատարվեց ձեր մուտքը կինոաշխարհ:  

-90-ականների վերջին որոշեցի մուտք գործել կինոաշխարհ: Ընկերոջս` Ալբերտ Վիվասի հետ նկարահանեցի իմ առաջին նախագիծը` հորս VHS տեսաերիզային խցիկով, որով նա հարսանիքներ էր նկարում: Մոնտաժ սովորեցի, գուցե դա այսօր սարսափելի է հնչում, բայց հիմա եմ հասկանում, որ ոչնչի չէինք հասնի առանց համբերության եւ կինոարտադրության հանդեպ սիրո: Հետո տեղի ունեցավ 2000-ականների թվային հեղափոխությունը, որն իմ նման շատ ֆիլմարտադրողների առաջ բացեց լայն հնարավորություններ, որոնք նախկինում չունեինք: Վաստակածս առաջին գումարներով թվային տեսախցիկներ գնեցի ու շարունակեցի նոր նախագծեր իրականացնել: Խորհրդակցում էի ոլորտի գիտակների հետ, խորհուրդներ հարցնում:

2001-ին որոշեցի սեփական կինոարտադրությունը հիմնել ու մինչ օրս “PIB Productions”-ը տասնյակ տեսահոլովակներ, գեղարվեստական եւ վավերագրական  ֆիլմեր է նկարահանել: 2002-ին նկարահանեցի կարճամետրաժ “Desperate Decisions” ֆիլմը, ավելի ուշ` “The Dead”-ը եւ հոգեբանական թրիլեր “Wave Parameters”-ը: 2010-ին, երբ նախապատրաստվում էի իմ հարսանիքին, որոշեցի եւս մեկ ֆիլմ նկարահանել: Մոխրոտիկի պատմությունն է` մոդեռն ձեւով ներկայացված. կորում են հայ հարսի կոշիկները… Այն անվանեցինք “A Cinderella Tale”: Գլխավոր դերակատարները ես եւ կինս ենք` Արմինե Բաղդասարյանը: Ֆիլմում կգտնեք նավակների, մեքենաների, մոտոցիկլետների հետապնդման հատվածներ: Հետապնդողի դերում ոստիկաններն են: Մեր հարսանիքը կայացավ 10.10.10-ին: Ֆիլմի վերջնամասը , որտեղ ես մոտոցիկլետով ներխուժում եմ բանկետի սրահ, եւս մեր հարսանիքի ժամանակ է նկարահանվել:
 

“Abstraction” ֆիլմի նկարահանումներին


-Գեղարվեստական ֆիլմ նկարահանելը բավական մեծ պատասխանատվություն է եւ փորձ է պահանջում:

-Այո, գեղարվեստական անկախ ֆիլմ նկարահանելը, այն էլ այսպիսի մասշտաբների եւ սահմանափակ բյուջեով, չափազանց դժվար է: Այս մեկն էապես տարբերվում է նախկինում իրականացրած իմ նախագծերից, որոնց շնորհիվ կուտակած փորձս, իհարկե, անգնահատելի է: Գեղարվեստական ֆիլմ ստեղծելու գործընթացն իր ամբողջության մեջ մտահոգիչ է, նյարդային, հատկապես, երբ խոսքը կարիերայիդ  ընթացքում իրականացված դեռեւս ամենամեծ նախաձեռնության մասին:
 
-Խոսենք “Abstraction”-ի սյուժեից, որը բավական ինտրիգային է:

-Արկածախնդիր ընկերներ Թոմիի ու Գարիի մասին է, ովքեր գողություններ են կատարում գումար վաստակելու համար: Ապրում են փոքր քաղաքում` մարդկանցից հեռու: Երբ հերթական գողության ժամանակ ինչ-որ բան այնպես չի ստացվում, նրանք որոշում են ժամանակավորապես դադար տալ: Շատ չանցած նոր պլան են մշակում` կես միլիոն դոլարանոց նկարի գողություն, որը պետք է դառնա նրանց` փոքրիկ քաղաքից դեպի ավելի լավ կյանք մտնելու այցեքարտը: Առհասարակ, ես շատ եմ սիրում գողությունների մասին ֆիլմեր դիտել, որոնց թվում են “Heat”-ը, “Thief”-ը, “Dog Day Afternoon”-ը, “The Score”-ը, “Usual Suspects”-ը: Կարճամետրաժ առաջին ֆիլմը, որի սցենարը գրել եւ նկարահանել եմ, նորից գողության մասին է: 

“Abstraction”-ի գաղափարը ծնվեց այն ժամանակ, երբ որոշեցի նկարահանել “neo-noir” ոճի ֆիլմ` խոշոր գողության մասին, որում անպայման ներառված կլինի ճակատագրական կնոջ կերպար: Նախագիծը կյանքի ենք կոչել պրոդյուսերներ Ռիչարդ Մանրիքեզի եւ Կառլոս Կուելլարի հետ: Սցենարը գրել եմ մի քանի ամսում:

“Abstraction” ֆիլմի նկարահանումներին


-Ինչո՞վ եք զարմացնելու ֆիլմը դիտել պատրաստվողներին:

-Վերջաբանով: Չեմ բացի բոլոր փակագծերը:

-Ֆիլմում հայտնի դերասաններ են հանդես գալիս` Էրիկ Ռոբերտսը, Քեն Դավիթյանը (Գեղամ Դավթյան), Հանթեր Իվը:


-Ինչպես նաեւ Կորինա Ռիկոն, Նատալի Վիկտորիան, Ռիչարդ Մանրիքեզը, Ջեյմսը Լուիսը եւ ուրիշներ: Դերասանական կազմն ընտրելու համար ես եւ մյուս պրոդյուսերները մոտ մեկ ամիս տարբեր քասթինգներ ենք հայտարարել: Վերջապես գտա այն, ինչ փնտրում էի. իմ տղամարդ հերոսը պետք է նման լիներ հանցագործի, բայց նաեւ գյուղաքաղաքի տղայի տեսք ունենար: Հատկապես վերջին կետին համապատասխան մարդ գտնելը շատ դժվար էր: Հենց առաջին վայրկյանին, երբ  տեսա Հանթեր Իվին, հասկացա, որ նա է լինելու “վատ” տղան: Նույն դժվարությունը կար նաեւ կին դերասաններին ընտրելիս: Դերասանուհիների համար շատ դժվար է արտակարգ իրավիճակներում միաժամանակ լինել ցանկալի, ճակատագրական կին եւ դիցուհի: Կորինա Ռիկոյին դա հաջողվեց: Հանթերն ու Կորինան բազմաթիվ դերեր են խաղացել հոլիվուդյան հայտնի ֆիլմերում: Կառաձնացնեմ նաեւ Ջեյքոբի կերպարը: Հենց սկզբից նախատեսել էինք, որ դերը կխաղա “Borat” եւ “The Artist” ֆիլմերից հայտնի դերասան Քեն Դավիթյանը:

-Խոսեմ նաեւ Անջելոյի կերպարի մասին. նա բիզնեսմեն է, ով թանկարժեք զարդերի ապօրինի վաճառքով է զբաղվում: Չնայած ֆինանսական սահմանափակ միջոցներին, այդ դերի համար մենք փնտրում էինք բարձրակարգ ու հայտնի դերասան: Հանկարծ պարզվեց, որ նրանցից մեկը համաձայն է մեր առաջարկած պայմաններին, իսկ նա ոչ այլ ոք է, քան “Օսկար”-ի նոմինանտ Էրիկ Ռոբերտսը: Մանկուց լինելով Ռոբերտսի երկրպագուն` ես ուղղակի հպարտ եմ, որ նա խաղում է իմ առաջին գեղարվեստական ֆիլմում: Այնպիսի հիանալի փորձ է աշխատել այդքան տաղանդավոր անհատների հետ:

“Abstraction” ֆիլմի նկարահանումներին


-“Abstraction”-ի նկարահանման ընթացքում զավեշտալի պահեր եղե՞լ են:

-Շատ-շատ: Դրանցից մեկը կապված է Էրիկ Ռոբերտսի հետ: Ֆիլմում կրակոցների մեծ մասն արվել է մեր զինագործի տրամադրած դատարկ հրացաններով, բայց հանկարծ Էրիկ Ռոբերտսի հրացանը կրակում է… Դա աննկարագրելի պահ էր: Մեկ այլ դեպք պատմեմ. երկրորդ պլանում սրճեփում եղած սուրճն ակտիվորեն ու աղմուկով եռում է, իսկ մենք նկարում ենք հանգիստ երկխոսություն: Իմ հնչյունային ռեժիսորն ընդհանրապես ուրախ չէր այդ փաստից, իսկ մենք հազիվ էինք մեզ զսպում, որ ծիծաղից չպայթենք:
 
-Ի՞նչն ամենադժվարը տրվեց “Abstraction”-ը նկարահանելիս: 

-Ազնվորեն, ամբողջ ֆիլմը բավական դժվար նկարահանվեց փոքր բյուջեի պատճառով: Եթե ընտրեմ ֆիլմից մեկ հատված, որն ամենադժվարն էր, դա կլինի բեռնատար ավտոմեքենայի կողաշրջումը:  Ավտովթարի հատվածը պատրաստել ենք ամիսներ շարունակ. նույնիսկ սուղ բյուջեի պայմաններում դերասանների անվտանգությունը մեզ համար առաջնային էր: Ֆիլմում գրեթե ամեն ինչ եղել է իմ ուզածով:

“Abstraction” ֆիլմի պրեմիերան նախատեսված է օգոստոսին


-Ֆիլմի ամերիկյան պրեմիերան նախատեսվա ծ է օգոստոսին: Իսկ Հայաստանում ցուցադրելու ծրագրեր կա՞ն:

-Պլանավորում ենք ֆիլմը ներկայացնել տեղական եւ միջազգային մի շարք կինոփառատոնների: Ցավոք, այն էլ չի հասցնի մասնակցել “Ոսկե ծիրան” միջազգային կինոփառատոնին: Շատ կցանկանայի, որ ֆինանսապես հնարավորություն ունենայինք մասնավոր կերպով անել ֆիլմի երեւանյան պրեմիերան: Դժբախտաբար, այս պահին նման հնարավորություն չկա: Հույս ունեմ, որ կգտնվի դիստրիբյուցիոն որեւէ ալիք, որը “Abstraction”-ը կբերի Հայաստան:  Ցավոք, ինքս էլ դեռ բախտ չեմ ունեցել այցելել Հայաստան: Բայց պլանավորում եմ շուտով լրացնել այդ բացը: Ցանկանում եմ ֆիլմ նկարահանել Հայաստանում:
 
-Հայկական թեմաներով ֆիլմեր ստեղծելու պլաններ ունե՞ք:

-Գիտեք, յուրաքանչյուր հայ ֆիլմարտադրող, ում հանդիպել եմ, ասել է, որ ցանկանում է նոր ֆիլմ նկարահանել Հայոց ցեղասպանության մասին: Ես էլ ունեմ նման պլաններ: Բայց դա շատ ժամանակ, ջանքեր ու գումար է պահանջում: Ես չեմ նախաձեռնի նման ֆիլմի նկարահանում, մինչեւ ամբողջովին չկայանամ որպես ռեժիսոր, ֆիլմարտադրող: Մի բան, որ ես կարող եմ այսօր անել, հայերին ու Հայաստանը ներկայացնելն է իմ ֆիլմերի  միջոցով: Դա արտահայտվում է թե΄ “Abstraction”-ում, թե΄  իմ` ընթացքի մեջ գտնվող այլ գործերում:

“Abstraction” ֆիլմի նկարահանումներին


-Այս շրջանում եւս երկու ֆիլմ եք պատրաստում:

-Դրանցից մեկը կոչվում է “Moira”` հետավտովթարային իրավիճակի մասին է: Մյուսը կոչվում է “Beautiful Illusion”` իլյուզիոնիստների հայկական ընտանիքի մասին է, կարծես իմ կյանքի պատմությունը լինի: Իմ մասնագիտությունների միջեւ նմանություն կա. ե΄ւ Ֆիլմարտադրությունը, ե΄ւ աճպարարությունը պահանջում են չափազանց մեծ ուշադրություն դեպի դետալները, երկուսի դեպքում էլ պարտադիր են կազմակերպվածությունն ու տարբեր բաներ իրար միախառնելու  եւ կատարյալ ստեղծագործություն ստանալու տաղանդը:

Նշեմ, որ երկու ֆիլմն էլ պատրաստ են արտադրության. ֆինանսների հայթայթման փուլում ենք:

 -Կինոարտադրությունը բավական ծանր ու հոգնեցուցիչ  աշխատանք է: Այլ բաներով զբաղվելու ուժ եւ ժամանակ մնո՞ւմ է: 


-Կինոարտադրությունն ինձ համար միայն աշխատանք չէ, դա իմ հոբբին է: Եթե ֆիլմ չեմ պատրաստում, ապա ամենայն հավանականությամբ ֆիլմ եմ դիտում: Բացի դա, շատ ժամանակ եմ անցկացնում կնոջս, ընտանիքիս, ընկերներիս ու շներիս հետ: Հնարավորության դեպքում ճանապարհորդում եմ, շատ եմ գրում: Սիրում եմ սնոուբորդով ու փեինթբոլով զբաղվել:

-Ի՞նչ կմաղթեք Ձեր հայրենակիցներին:

-Ուզում եմ կոչ անել, որ ժամանցային արդյունաբերությամբ հետաքրքրվեն: Այնքան շատ տաղանդներ կան, որոնք կարիք ունեն բացահայտվելու: Հույս ունեմ, որ բարձր նպատակներ ունեցողները կքայլեն իրենց երազանքին ընդառաջ ու չեն լսի այն ամենը, ինչ ասում են իրենց վատատես ծանոթները: Ամեն անգամ, երբ պետք է աշխատեմ որեւէ հայի հետ, փորձում եմ ամեն կերպ օգտակար լինել նրան, աջակցել նրա նպատակների իրականացմանը: Մենք քիչ ենք, բայց մեզ հայ են ասում. սա է իրական ճշմարտությունը:

Զրուցեց Նարինե Դանեղյանը/BRAVO.am/
Լուսանկարները` 
Anoil Servenous,  ©2013 PIB Productions

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW