Ամանորյա հաճելի նվերներ շահելու առաջարկով BRAVO.am-ը դեկտեմբերի 12-ին “Attirance”-ի հետ նախաձեռնեց հերթական մրցույթը , որի հաղթողներն արդեն հայտնի են, պարգեւատրումն էլ կայացել է երեկ` դեկտեմբերի 27-ին, բնական կոսմետիկայի` Նալբանդյան 41/1 հասցեում տեղակայված խանութ-սրահում:
Հովհաննես Քոսյանը մրցույթի հաղթողների հետ
Մրցույթին մասնակցելու համար BRAVO.am-ի այցելուները “Ծննդյան տոնի հեքիաթ” են գրել, “Attirance”-ի եւ “Մեդիամաքս”-ի ներկայացուցիչներից կազմված ժյուրին էլ ընտրել է լավագույն երեք աշխատանքը:
“Հաղթողներին ընտրելիս մեծ ուշադրություն ենք դարձրել, որ հեքիաթների մեջ ուրախ, դրական նոտաներ լինեն, կարդացողին հույս ներշնչեն, լավ էմոցիաներ փոխանցեն, բարին խոսի: Ընտրությունը կատարել ենք մոտ 30 աշխատանքից”,- նշել է “Attirance”-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Հովհաննես Քոսյանը:
Եվ այսպես, լատվիական “Attirance”-ի գլխավոր մրցանակին` լավագույն կոսմետիկ միջոցների հատուկ ամանորյա հավաքածուին է արժանացել Լուսինե Կարապետյանը, որի հաղթող ճանաչված հեքիաթը կարող եք ընթերցել ստորեւ: Բավական օրիգինալ է նաեւ 20-ամյա աղջկա` 2012-ի հետ կապված ցանկությունը. “Ուզում եմ, որ աշխարհի վերջի հետ կապված բոլոր խոսակցությունները սուտ լինեն, որովհետեւ դեռ շատ եմ ուզում ապրել ու անելու շատ բան ունեմ, եւ ոչ միայն ես, այլ` բոլորը”:
“Attirance” խանութ-սրահում ներկայացված տեսականին
18-ամյա Աստղիկն ու 25-ամյա Լիլիթը, որոնց հեքիաթները գրավել են երկրորդ եւ երրորդ տեղերը, “Attirance”-ի կողմից նույնպես ամանորյա հաճելի նվեր են ստացել:):
“Խորհրդի կարգով ասել եմ, որ մարդիկ են ստեղծում իրենց հրաշքները: Մի աղջկա պատմություն է, որը Ձմեռ պապից հրաշք է խնդրում, եւ Ձմեռ պապն իրեն սովորեցնում է հրաշքը ստեղծել”,-իր հեքիաթն է ներկայացրել Աստղիկը:
Լիլիթն իր հեքիաթը գրել է տարիներ առաջ` իսպաներեն լեզվով:). “Երբ BRAVO.am-ում կարդացի մրցույթի մասին, որոշեցի հեքիաթս հայերեն թարգմանել եւ մասնակցել : Կարծում եմ` այն մարդը, որը հրաշքների չի հավատում, դժբախտ է: Նոր եմ ամուսնացել, ես էլ եմ սպասում հրաշքի ու հուսով եմ, որ եկող տարի այն իրական կդառնա:)”:
Ի դեպ, բնական կոսմետիկա արտադրող լատվիական “Attirance” ապրանքանիշի երեւանյան առաջին խանութ-սրահում, որտեղից կարող եք ձեռք բերել մարմնի խնամքի բարձրորակ միջոցներ եւ կրկնապատկել ձեր հմայքն ու գրավչությունը, գործում են ամանորյա զեղչեր:
“Ծննդյան տոնի հեքիաթ” մրցույթի հաղթող Լուսինե Կարապետյանը
“Ծննդյան տոնի հեքիաթ”
Լուսինե Կարապետյան
Ձյան փաթիլներն օրորվելով իջնում էին ցած: Այնքան գեղեցիկ էր. ասես հեքիաթ լիներ: Պատուհանի մոտ կանգնած` նրանք նայում էին ձյան փաթիլներին ու զրուցում: Տանը ոչ ոք չկար: Նրանք մենակ էին` պապիկն ու իր գեղեցիկ թոռնուհին:
-Այնքան եմ կարոտում մանկությունս,- ասաց աղջիկը,- երբ կյանքի ամենամեծ դժբախտությունը տոնածառի ջարդված խաղալիքն էր: Հիմա երազանքներն են ջարդվում, հույսերն են փշրվում: Ուզում եմ, որ մարդիկ հարգեն իրար, ուզում եմ, որ զգույշ լինեն: Պապի´կ, մարդկանց երազանքներն ու հույսերը նման են տոնածառի խաղալիքներին. նրանք էլ են ջարդվում, նրանք էլ են փշրվում: Ուզում եմ, որ մարդիկ չփշրեն սեփական հույսերը:
- Հավատա´, որ հնարավոր է իրականացնել երազանքները, դժվար է, բայց հնարավոր: Խոստացի´ր, որ երբեք չես հանձնվի, խոստացի´ր, որ կպայքարես երազանքիդ ամեն մի սանտիմետրի համար, ինչպես զինվորներն են պայքարում հայրենի հողի, հայրենի սահմանների համար:
Նրանք սկսեցին զարդարել արհեստական տոնածառը:
- Չեմ սիրում այս տոնածառերը. անկենդան են,- բողոքեց պապիկը: Չնայած այդպիսի մարդիկ էլ կան` անկենդան, առանց զգացմունքների:
-Զարմանալի բան է հիշողությունը, պապի´կ,- շարունակեց աղջիկը: “Ի՞նչ կերար առավոտյան” հարցը ամենադժվարն է, իսկ ա´յ մանկության բոլոր դեպքերն ու մարդկանց շատ լավ եմ հիշում: Գուցե այն պատճառով, որ այդ ժամանակ միտքը մաքուր է, ինչպես առավոտյան ձյունը, որ դեռ չի հասցրել ցեխոտվել մարդկանց ոտնահետքերից:
Հիշու՞մ ես ձմռան այն ցուրտ օրը, երբ իրար հետ զբոսնում էինք, ու ինձ ցույց տվեցիր այն հսկայական դանակը: Ես զարմացած էի. ի՞նչ կարող էր անել աշխարհի ամենաբարի պապիկը այդ սարսափելի դանակով: Իսկ դու հրաշք էիր պատրաստել: Գիտեմ, սխալ է ծառերը կտրելը, բայց երբ ուշ գիշերով տուն վերադարձար եղեւնու մի հսկայական ձյունոտ ճյուղ բռնած, ես երջանիկ էի: Հիմա խղճում եմ այդ ծառին, մեղավոր եմ զգում. ժամանակավոր ուրախության համար մենք սպանեցինք այդ ծառին: Իսկ այն ժամանակ երջանիկ էի: Մենք զարդարեցինք եղեւնին, զարդարեցինք ապակյա ջարդվող խաղալիքներով: Գիտե՞ս, հիմա խաղալիքները չեն ջարդվում, իսկ մարդկանց երազանքները դեռ ջարդվում են. գիտությունն անզոր է դրա դեմ:
Պապիկը լուռ էր:
- Պապի´կ, գիտե՞ս, ես երբեք չեմ ասել` ինչպես իմացա ճշմարտությունը, ինչպես իմացա, որ Ձմեռ պապ իրականում չկա:
-Ինչպե՞ս:
-Մանկությանս ամենադաժան պահն էր: Հեռախոսը զանգեց, ու մի հաճելի ձայնով աղջիկ ասաց. “Բարեւ Ձեզ, սա “Ձմեռ պապ” գործակալությունն է, Ձեզ Ձմեռ պապ պետք չէ՞: Տեղեկացնում ենք, որ ծառայությունը վճարովի է...”: Մարդիկ ամեն ինչ վաճառում են, նույնիսկ երեխաների երազանքները...
Պապիկը շարունակում էր լուռ մնալ:
-Պապիկ, ինչու՞ են մարդիկ տոնածառի միայն երեւացող մասը զարդարում:
- Մարդիկ այդպիսին են.. նրանք իրենց հոգիներն էլ են այդպես զարդարում` միայն դրսից: Նրանք հավատում են, որ հակառակ կողմը ոչ ոք չի տեսնում, բայց սխալվում են:
Նրանք լուռ շարունակեցին զարդարել տոնածառը:
-Պապի´կ, ե´կ ուրախացնենք մարդկանց, հատկապես երեխաներին: Ե´կ նվերներ տանք նրանց, գուցե այդպես դադարեմ ինձ մեղավոր զգալ այդ ծառի համար: Ե´կ երջանկացնենք երեխաներին:
Պապիկը համաձայնվեց: Նա Ձմեռ պապիկի նման հանդերձավորվեց ու սկսեց իր թոռնիկի հետ շրջել քաղաքում: Նա քաղաքի միակ Ձմեռ պապն էր, որ նվերների համար գումար չէր պահանջում ծնողներից: Նրա վարձատրությունը երեխաների փայլող աչքերն էին ու թոռնիկի երջանիկ հայացքը:
Իսկ ձյան փաթիլներն օրորվելով իջնում էին ցած: Այնքան գեղեցիկ էր, ասես հեքիաթ լիներ:
BRAVO.am
Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: