“Ռեփն Արեւմուտքում ստեղծված երաժշտություն է: Մենք չպետք է կրկօրինակենք այն, այլ, ինչ-որ էլեմենտներ վերցնելով, պետք է տեղայնացնենք: Մեր հասարակությունն արժանի է, որ նրան որակյալ երաժշտություն մատուցվի: Մեր ամեն երգը մի պատմվածք է, զգում ենք այն, ինչ երգում ենք”. Blog-13 խումբը BRAVO.am-ի հետ բացառիկ զրույցում նշել է, որ Հայաստանում ռեփի նոր ուղղություն է հիմնադրել` ինտելեկտուալ ռեփ:
Ռուբեն Հարությունյանն ու Կարեն Դանիելյանը
“Երբ շարքային մարդուն կանգնեցնես ու հարցնես, թե ինչ է ռեփ երաժշտությունը, մեծամասամբ կպատասխանեն, որ այն երգում են սեւամորթները, երգերի թեմաներն էլ աղջիկները, թմրադեղերն ու մեքենաներն են: Ինտելեկտուալ լսարանում ռեփն ընկալվում է որպես ցածր մակարդակի երաժշտություն: Հայաստանում էլ ռեփերների 90 տոկոսը երգում է այն մասին, թե իրենք ինչ լավ տղաներ են”,-ասում է Blog-13 ռեփ խմբի անդամ Ռուբենը:
Հենց այս կարծրատիպը կոտրելու համար են մասնագիտությամբ լրագրող երկու ընկերներ՝ Ռուբեն Հարությունյանն ու Կարեն Դանիելյանը միավորվել եւ 2013 թվականի սկզբին հիմնադրել Blog-13-ը: Ի դեպ, երկուսն էլ նախկինում երաժշտական տարբեր նախագծեր են իրականացրել:
Ռուբեն Հարությունյանն ու Կարեն Դանիելյանը
Կարենը երաժշտությամբ զբաղվել մանկուց էր երազում: Ցանկանում էր դիջեյ դառնալ: Հետո իր սեփական` “Megabeats Project”-ը սկսեց զարգացնել: Նպատակն էր օգնել արտիստներին մեծամասամբ գործիքավորման հարցերում: Պատմում է, որ հետաքրքիր բազմաթիվ աշխատանքներ են կատարել, բայց նախագիծը երկար կյանք չի ունեցել: Հետո հայտնվել է Ռուբենն ու տղաները որոշել են համատեղ աշխատել: Այդպես էլ ծնվել է Blog-13-ը:
Ռուբենն էլ իր հերթին մինչեւ 2007 թվականը “Արմենոիդս” հայտնի խմբի անդամ է եղել: Ճիշտ է, 2011-ին վերամիավորվել են եւ համատեղ մի քանի նախագիծ իրականացրել, բայց այնուամենայնիվ, ամեն մեկը տարբեր ճանապարհ է ընտրել:
“Միշտ եմ երազել անել այն, ինչ հիմա եմ անում Կարենի հետ: Մենք ֆինանսական շահ եւ մասսայականություն չենք հետապնդում: Ես լրագրող եմ ու ստիպված եմ օբյեկտիվ լինել իմ աշխատանքում, իսկ Blog-13-ի ֆորմատն ինձ թույլ է տալիս գոնե այդ միջավայրում սուբյեկտիվ լինել ու դա շատ բան արժե»,- նշում է Ռուբենը.“Ինչո՞ւ հենց Բլոգ, քանի որ մեր ստեղծագործական ժանրը նման է բլոգի: Վերցնում ենք ինչ-որ խնդիր, որը հիմք է դառնում երգի համար: Հայաստանում շատ խնդիրներ կան, հետեւաբար երգի նյութ խումբը շատ ունի: Գրական ռեփ ոճում ենք ստեղծագործում, ինչը Հայաստանում առաջին անգամ է փորձարկվում”:
Ռուբեն Հարությունյանն ու Կարեն Դանիելյանը
Blog-13-ի առաջին երգը “Թող հետք մնա”-ն է, բայց տղաները պատմում են, որ երբ ձայնագրել են երկրորդը` “Մազոխիստը”, որոշել են, որ առաջինը հենց դա պետք է հրապարակեն: “Երգի տարածումը համընկավ քաղաքացիական վերջին շարժումների մեկնարկի հետ: Չնայած` նախապես նման միտում չենք ունեցել: “Մազոխիստ”-ի մասին դրական բազմաթիվ կարծիքներ ենք լսել, նույնիսկ այն մարդկանցից, ովքեր ռեփ երաժշտություն չեն նախընտրում: Ու դա շատ հաճելի է: Երեւի պատճառն այն է, որ երգի թեման ակտուալ էր, երաժշտությունն էլ հավանեցին”,- նշում է Կարենը:
Օգոստոսի վերջին պատրաստ կլինի Blog-13-ի “Թող հետք մնա” երգը: Խմբի անդամները պատմում են, որ այս մեկը շատ ավելի փիլիսոփայական, լիրիկական ուղղվածության ստեղծագործություն է: “Եթե “Մազոխիստ”-ը ցույց է տալիս մեր քաղաքացիական դիրքորոշումը, ապա “Թող հետք մնա”-ն մեր անձնական դիրքորոշումն է ներկայացնում ինչ-ինչ հարցերի շուրջ: Հասկանում ենք, որ ամեն ինչ մարդուց է գալիս` թե լավը, եւ թե վատը: Դա միշտ պետք է հիշել”:
Երգերի գործիքավորմամբ Կարենն է զբաղվում, իսկ բառերը միասին են գրում.“Մեկ երգի վրա բավական երկար ենք աշխատում. սկզբում գործիքավորում ենք, հետո` տեքստը գրում: Ձայնագրման ստուդիա ենք գնում միայն այն ժամանակ, երբ մեր արած գործը հավանում ենք ու հասկանում, որ ժամանակն է: Պրոֆեսիոնալ երաժշտական կրթություն չունենք, ուղղակի ժամանակի ընթացքում ձեռք ենք բերել հմտություններ, որոնք մեզ օգնում են”:
Ռուբեն Հարությունյանն ու Կարեն Դանիելյանը
““Արմենոիդս”-ում հանդես գալու տարիներին տեքստերը գրում էի անգլերենով, բայց միշտ ցանկություն կար փորձելու նույնը հայերենով անել: Հայերենը բարդ լեզու է, եւ ռեփ գրել ու ստանալ նորմալ հնչողություն շատ ավելի բարդ է: Երկար մտածեցի, թե ինչպես կարելի է ստանալ հայերենի այնպիսի հնչողություն, որը դուր կգա անգամ հայերեն չիմացողներին”,- նշում է Ռուբենը:
Հասկանալու համար, թե հայերեն ռեփն ինչպես կհնչի արտասահմանցու ականջին, տղաներն իրենց երգերն ուղարկել են արտերկիր. “Դրանք լսել են մարդիկ, ովքեր հայերեն չեն հասկանում: Լսել են ու չեն հավատացել, որ հայերեն ռեփ է. պնդել են, թե եվրոպական մեկ այլ լեզվով հնչող ռեփ է”:
“Երբ ասում են պատմիր քո երգի մասին, դժվարանում եմ, քանի որ ասելիքս արդեն ներկայացրել եմ երգի միջոցով: Դպրոցում շարադրություն գրելուց շատ վատ էի: Երբ ասում էին` գրիր շարադրություն, ես բանաստեղծություն էի գրում: Հանգերի միջոցով միշտ ավելի հեշտ եմ արտահայտվել, քան` արձակ տեքստի միջոցով: Ամեն գիշեր քնելուց առաջ օրագիր եմ վարում. գրում եմ նախորդ օրվա ընթացքում ինձ այցելած մտքերը, գաղափարները: Ստացվել է այնպես, որ վերջին տարվա իմ օրագիրը երգերի տեսքով է”,- ասում է Ռուբենը:
Blog-13 խմբի հիմնադիրներ Ռուբեն Հարությունյանն ու Կարեն Դանիելյանը
Նա ռուսական ռեփի մեծ սիրահար է: “Каста” խմբի երկրպագու է: Ռուբենի խոսքերով` “Каста”-ն այսօր հեղափոխում է ռուսական ռեփը, ու նրանց գործն ուղղված է ինտելեկտուալ լսարանին: Blog-13-ն էլ ցանկանում է նույնն անել Հայաստանում` մատուցել հայկական ինտելեկտուալ ռեփ: Ծրագիր են մշակել ու նախատեսում են ամեն ամիս մեկ նոր երգ ներկայացնել եւ ուղիղ մեկ տարուց առաջին ալբոմը թողարկել:
Տղաները հիմա ձայնագրում են իրենց երրորդ երգը` “Մանիֆեստը”: Անունն արդեն հուշում է, թե ինչի մասին է` Blog-13-ի մանիֆեստն է: Բնականաբար, ռեփ ոճում է: Երգը ներկայացնում է շատ հարցերի շուրջ խմբի դիրքորոշումը:
Blog-13 խմբի հիմնադիրներ Կարեն Դանիելյանն ու Ռուբեն Հարությունյանը
Տեսահոլովակների մասին դեռ չեն մտածում: Կարծում են, որ շատ դեպքերում տեսահոլովակը կարող է խանգարել, շեղել, որ մարդիկ հասկանան երգի իմաստը: Փոխարենը նրանց ամեն երգն ունի եւ ունենալու է համապատասխան նկար, որը հեղինակում է նկարչուհի Մարիա Հակոբյանը: Օգոստոսի վերջին “Թող հետք մնա”-ի ռելիզը լույս է տեսնելու հենց Մարիա Հակոբյանի հերթական նկարով:
“Եթե այս ոճը տարածվի Հայաստանում, ապա շուտով կգա մի սերունդ, ով ռեփ ասելով կհասկանա ոչ թե փողոցային բառապաշարով թմրանյութերի ու աղջիկների մասին երգեր, այլ ինտելեկտուալ երաժշտական ուղղություն, որը փորձում է բարձրաձայնել հասարակական խնդիրները”,-նշում է Ռուբենը:
Զրուցեց Նարինե Դանեղյանը/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: