×


“Compass band”-ը երկուշաբթի կմեկնի Ամստերդամ

Աբրահամը, Դավիթը, Արամն ու Արշավիրը, այսինքն` “Compass band”-ը երկուշաբթի կմեկնի Ամստերդամ` նախապատրաստվելու դեկտեմբերի 1-ին կայանալիք “Մանկական Եվրատեսիլ 2012” երգի մրցույթին: 13-ամյա հայերը “եվրատեսիլյան” բեմից կհնչեցնեն “Sweetie Baby” երգը, ելույթի ընթացքում ցուցադրվելու են նաեւ այս տղաների մասին պատմող դոկումենտալ կադրեր: 

"Compass band"-ի տղաները


“Ներկայանալու ենք ուրույն ոճով, այն երաժշտությամբ, որը սիրում ու նախըտրում են տղաները: Փորձելու ենք տարբերվել ու հենց այդպես գրավել հանդիսատեսին: Իսկ տղաները մի նպատակ ունեն` աղջիկներին ժպիտներ պարգեւել”,-ասել է “Եվրատեսիլ”-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:

“Sweetie Baby” երգի հիման վրա տեսահոլովակ է նկարահանել Հրանտ Մովսիսյանը. տղաները հանդես են գալիս հայտնի  “Բիթլզ” քառյակի ոճով: ““Եվրատեսիլյան” բեմում կրկին հանդես ենք գալու բիթլների ոճով: Չենք փորձում նմանակել նրանց, այլ` օրինակ ենք վերցնում: Մեծ պատասխանատվություն ենք զգում` մեծ երկիր ներկայացնելով: Համարում ենք, որ մեր գլխավոր մրցակիցներն են Իսրայելի, Ռուսաստանի ու Հոլանդիայի ներկայացուցիչները”,-նշել են խմբի անդամները` հավելելով, որ իրենց սիրելի խմբերն են նաեւ “Led Zeppelin”-ը, “Deep Purple”-ը, “Pink Floyd”-ը. “Մրցույթի շրջանակում մեր սիրելի կատարողներն են Ալեքսանդր Ռիբակը, Վլադիմիր Արզումանյանը, Սիրուշոն ու “Դորիանս”-ը, չնայած որ այս խումբը չի մասնակցել:)”:

Գոհար Գասպարյանը եւ "Compass band"-ի տղաներից


Այս տարի մրցույթի կարգախոսն է “Կոտրիր սառույցը” եւ  բեմի ձեւավորումն ու մրցանակն այս թեմատիկայով են լինելու: “Հաջորդ անգամ մրցույթը կանցկացվի այն երկրում, որը պատշաճ առաջարկ կներկայացնի: Պաշտոնական տեղեկություն չկա, միայն կարող եմ ասել, որ երկու երկիր մրցույթը հյուրընկալելու հայտ են ներկայացրել, բայց կազմակերպիչները չեն ուզում Կովկաս վերադառնալ”,-նշել է Գոհար Գասպարյանը:

"Compass band"-ի տղաները


Ի դեպ, “Compass band”-ի տղաները մրցույթի մյուս մասնակիցների հետ համատեղ երգ են ներկայացնելու, որը նվիրված է երեխաների իրավունքների պաշտպանությանը:

Խմբի անդամները համադասարանցիներ են, սովորում են Չեխովի անվան դպրոցում: Աբրահամը սիրում է սպորտ, երաժշտություն, նվագում է ստեղնաշարային գործիքներ, կիթառ, խմբում նա նաեւ ապահովում է բեք-վոկալը: “Compass band”-ի բաս կիթառահար ու մենակատար Դավիթի հոբբին երաժշտությամբ զբաղվելն է, կիթառահար ու բեք-վոկալիստ Արամը սիրում է ձիավարություն եւ սպորտ, հարվածային գործիքներ նվագող Արշավիրն էլ սիրում է ֆուտբոլ ու երաժշտություն:

"Compass band"-ի բաս կիթառահար ու մենակատար Դավիթ Պարոնիկյանը


Ի դեպ, տղաների բենդը ձեւավորվել է հենց դպրոցում. նրանք ելույթ են ունեցել տնօրինության առջեւ, հետագայում էլ մասնակցել դպրոցում տեղի ունեցող միջոցառումներին: Խմբի անվանումը խորհրդանշում է տղաներին որպես չորս բեւեռներ. Դավիթը հյուսիսն է, Արշավիրը` հարավը, Արամը` արեւելքը, Աբրահամն էլ` արեւմուտքը:

Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW