×


“Compass band”-ի տղաները` Ձմեռ պապին չհավատալով, բայց հրաշքների սպասումով :)

Անցյալ տարի հենց այս օրը` դեկտեմբերի 28-ին, կայացել է Հայաստանը “Մանկական Եվրատեսիլ 2012”-ում ներկայացրած “Compass band”-ի առաջին ելույթը. բենդը երգել է Չեխովի անվան դպրոցում կազմակերպված ամանորյա միջոցառման ընթացքում:

"Compass band"-ի տղաները շնորհավորում են բոլորի Նոր տարին ու Սուրբ Ծնունդը


Երեկ խմբի տղաները` Դավիթը, Աբրահամը, Արամը եւ Արշավիրը, կրկին վերադարձել են իրենց հարազատ դպրոցի բեմն ու արդեն ավելի վստահ ելույթ ունեցել հյուրերի առջեւ: Կազմակերպված ամանորյա միջոցառմանը մասնակցել են նաեւ դպրոցի այլ աշակերտներ, այդ թվում` “Աստղիկ 3” նախագծի հաղթող Էլինա Չոլախյանը:

“Compass band”-ի տղաները միջոցառման ընթացքում կատարել են ինչպես իրենց հայտնի դարձած “Sweetie Baby”-ն, այնպես էլ երգեր “Pink Floyd”-ի եւ “The Beatles”-ի երգացանկից: Իսկ Էլինան երգել է Քրիստինա Ագիլերայի “Hurt”-ի հայերեն տարբերակը:

Տարեվերջին կազմակերպված միջոցառումից հետո երեխաները զրուցել են BRAVO.am–ի հետ` պատմելով 2012-ին իրենց ձեռքբերումների ու բացթողումների մասին, ինչպես նաեւ նշել են` ինչ են ակնկալում գալիք տարուց:):

Compass band"-ի բաս կիթառահար ու մենակատար Դավիթ Պարոնիկյանը


“Compass band”-ի սոլո-կիթառահար եւ բեք-վոկալիստ Արամն ասել է`  2012-ը ձեռքբերումներով լի էր, իսկ տարվա միակ բացթողումը եղել է դասերից հետ մնալը. “Բայց ոչինչ, փոխարենը մենք փորձ ձեռք բերեցինք, բազմաթիվ ընկերներ, ինչու չէ, նաեւ Ամստերդամում եղանք:)”:

Էլինայի համար այս տարվա ամենամեծ ձեռքբերումը “Աստղիկ 3” նախագծի հաղթող ճանաչվելն է: Ի դեպ, աղջիկը մեզ հետ զրույցում խոստովանել է, որ նախորդ տարի Ձմեռ պապիկից հաղթանակ է ուզել, այն էլ` երգի ասպարեզում. “Ու նա կատարեց իմ երազանքը:): Բայց դեռ չեմ որոշել` ինչ եմ ուզելու այս տարի”:

“Աստղիկ 3” նախագծի հաղթող Էլինա Չոլախյանը


Ճիշտ է` “Compass band”-ի անդամներն այնքան էլ չեն հավատում Ձմեռ պապիկի գոյությանը, այնուամենայնիվ, հավատում են հրաշքների ու մեծ ակնկալիքներով են պատրաստվում դիմավորել 2013 թվականը, չնայած` այնքան զբաղված են վերջին շրջանում, որ նույնիսկ չեն նկատել, որ Ամանորին մնացել են հաշված օրեր:

Տղաները մեզ հետ զրույցում ասել են, որ գալիք տարում պատրաստվում են նոր երգեր կատարել, համերգների մասնակցել, հնարավոր է` նույնիսկ ձայնասկավառակ թողարկեն:

Չեխովի անվան դպրոցի ամանորյա միջոցառման մասնակիցներից


“Compass band”-ի 2013-ի առաջին համերգները կայանալու են հունվարի 15-ին ու 16-ին: Տղաները հրավիրում են բոլոր ցանկացողներին ներկա գտնվել Երգի թատրոնում կայանալիք համերգներին, որոնց մասնակցելու են նաեւ բենդի գեղարվեստական ղեկավար Զառա Պետրոսյանի մյուս սաները:

Իսկ մինչեւ գալիք համերգները, տղաները շնորհավորում են բոլորի Նոր տարին ու Սուրբ Ծնունդը: Նրանք պատրաստվում են միասին ու շատ ուրախ անցկացնել ձմեռային տոները:

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW