“Ոչ ոք թող չհամարձակվի կասկածի տակ դնել այն, որ ունեմ հավատ ու չմտածի, թե ինձնից ավելի աստվածապաշտ է: Եվ, վերջապես, դա իմ արտահայտվելու իրավունքն է. ես ասել եմ այն, ինչ մտածում եմ, առավել եւս, որ քարոզներ չեմ արել սատանիզմի կամ որեւէ աղանդի վերաբերյալ”,- BRAVO.am-ի հետ զրույցում նշել է DJ Vakcina-ն, որի կրոնական թեմայով` ստորեւ ներկայացված “ֆեյսբուքյան” գրառումը երեկ զանգվածային աղմուկ էր բարձրացրել` արժանանալով սուր քննադատությունների:
DJ Վակցինայի սկանդալային դարձած գրառումը
“Կարծում եմ` քրիստոնյան պետք է լինի չափազանց բարի ու թեթեւ վերաբերվի այնպիսի “ստոր արարածներին”, ինչպիսին ես եմ, այն պարզ պատճառով, որ քրիստոնյաներին սատար է կանգնում մի ամբողջ համակարգ: Բայց արի ու տես, որ բոլորը գզելու, սպանելու ու ավիրելու մոլուցք ունեն…”, -ասել է Արուսիկը` հավելելով հետեւյալը. “Երեւի մտածում են, որ հանուն Աստծո են պայքարում, ուրեմն կարելի է: Առաջներում հենց նման կերպ էին վարվում ինկվիզիցիայի հետեւորդները, խաչակրաց արշավանքների հեղինակները, կրոնական հիմունքներով պատերազմներ հրահրողները: Ուրախ եմ, որ 21-րդ դարում ինկվիզիցիան կորցրել է իր “մոդա”-ն, թե չէ այսօր հանուն “բարի գործի” կփորձեին ինձ էլ վերացնել, ինչպես վերացրին հազարավոր գիտնականների ու սովորական մարդկանց, ովքեր ուղղակի մի քիչ ավելի լայն էին փորձում ընկալել աշխարհը: Ու հենց նման մարդկանց շնորհիվ են այսօր հարստանում եկեղեցին ու եկեղեցականները, որոնցից ոմանք աստվածաշնչյան օրենքներով հեչ էլ չեն առաջնորդվում”:
DJ Վակցինան դարձել է արյան դոնոր
DJ Vakcina-ի համոզմամբ, եթե եկեղեցու բյուջեն գոնե ինչ-որ չափով օգտագործվեր գիտության զարգացման նպատակներով, այսօր անբուժելի չէր լինի քաղցկեղը, կօգտագործվեին էներգիայի այլընտրանքային աղբյուրներ եւ նավթի համար պատերազմներ չէին մղվի.“Ինձ համար Աստծուն հասկանալու լավագույն միջոցը գիտության ուսումնասիրությունն է, ոչ թե կուրորեն լեգենդներին հավատալը: Ինչո՞ւ են մարդիկ ժխտում ակնհայտն ու փակվում իրենց համար ընդունելի, բայց շատ տափակ վանդակում”:
DJ Vakcina-ն
Նա իրեն քննադատողների արարքը, որոնց թվում են նաեւ շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, մեկանաբանում է որպես դրախտում տեղ ապահովելու քայլ. “Հասկանում եմ ինձ քարկոծողներին: Շատերը բազում մեղքեր են գործում, հետո գնում են եկեղեցի ու խնդրեմ… դրախտի դռները պատրաստ են բացվել իրենց առջեւ”:
DJ Vakcina-ն
“Ի՞նչ օգուտ, որ մարդիկ 3 կիլոգրամանոց խաչ են իրենց պարանոցին կրում, բայց սրտներում բարություն չկա: Ես խաչ չեմ կրում, բայց ինձնից ինչ հասնում է, անում եմ, ու ոչ թե PR-ի համար, ինչպես մեկնաբանում են անձս քննադատողները, այլ այն բանի, որ Աստված, բնությունը, ծնողներս ինձ կյանք են պարգեւել ու տվել են մարդկանց օգնելու հնարավորություն: Ես ամեն օր քնում եմ հանգիստ ու մաքուր խղճով, ժպտում բոլորին` հավատալով, որ բարի են, բայց երբեմն էլ տխրում եմ` հասկանալով, որ դեռ շատ երկար տարիներ են պետք, որ մարդիկ դուրս գան այս խավարից”,- նշել է Վակցինան:
DJ Vakcina-ն
Արուսիկը BRAVO.am-ին ասել է, որ միշտ արտահայտվում է առանց հետեւանքների մասին մտածելու: Այս դեպքից հետո էլ չի պատրաստվում ավելի զգույշ լինել իր ընտրած արտահայտություններում, կարծում է, որ պետք է զգուշանան այն մարդիկ, որոնք հակասում են իրենց ասածներին. “Ես սիրում եմ Աստծուն, հավատում եմ նրան, ու փորձում եմ ճանաչել գիտության միջոցով: Հիշեցնեմ, որ մեծացել եմ ֆիզիկոսի ընտանիքում, ինքս էլ տիրապետում եմ գիտությանը բավական բարձր մակարդակով: Շնորհակալ եմ, որ գիտակցությունս մթագնած չէ, կարողանում եմ տարբերել թացը չորից: Ցավոք, ոչ ոք ի վիճակի չէ իմանալ ամեն բան, բայց այն, որ 1+1=2 կամ կանայք ունեն XX քրոմոսոմ, իսկ տղամարդիկ` XY, դա հաստատ գիտեմ ու ինձ չի կարող հակառակում համոզել ոչ մի ֆանատիկ, հետեւաբար եկեք մոռանանք, որ Եվան Ադամի կողից է":
Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Dj Vakcina-ի անձնական արխիվից, Միքայել Պետրոսյանի, Տաթեւ Հակոբյանի եւ BRAVO.am-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: