×


“Dorians”-ը, Գլեն Հյուզն ու Դերեք Շերինյանը “ռոքեցին” հայ հանդիսատեսին :)

Սեպտեմբերի 10-ին Կարեն ԴեմիրՃյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել  “Dorians” -ի համերգը` աշխարհահռչակ երաժիշտներ Գլեն Հյուզի ու Դերեք Շերինյանի մասնակցությամբ: Խումբն ու հայ երկրպագուները երաժշտական այս տոնին անհամբեր սպասել են մի քանի ամիս շարունակ:
 

"Dorians"-ի վոկալիստ Գոռ Սուջյանը


Անցյալ տարի թողարկվեց “Dorians”-ի առաջին` “Fly” ձայնասկավառակը, տղաներն ակումբային բազմաթիվ համերգներով հանդես եկան, սակայն հենց երեկ խմբի վոկալիստ Գոռ Սուջյանն ու բենդը լիարժեք բացեցին իրենց թեւերն ու հանդիսատեսի հետ “թռան” արդեն մեծ բեմից:):
 
Հաշված րոպեներ մինչեւ համերգի սկիզբն ու բեմում տարածված մոխրագույն ծխի ներքո արդեն լսվում է Արթուր Գրիգորյանի ղեկավարած Երգի պետական թատրոնի երգիչների բեք- վոկալը: Հանդիսատեսը կռահում է` “Dorians”-ի երգացանկից “Brave” երգն է: Բեմ է դուրս գալիս Գոռ Սուջյանը` իրեն հատուկ խարիզմայով ու պատրաստակամ “ռոքելու” դահլիճը:
 

Գլեն Հյուզը` "Dorians"-ի համերգի հատուկ հյուր


Մի քանի երգ կատարելուց հետո նա բեմ է հրավիրում ստեղնաշարի թագավոր,  ստեղնաշարային գործիքներ նվագող նոր սերնդի հերոս եւ ավելին, քան ստեղնաշարի հանճար Դերեք Շերինյանին: Ողջ համերգի ընթացքում հենց Դերեքը նվագակցեց տղաներին: Գոռի էներգետիկան ու ձեռքի` այցեքարտ դարձած շարժումները թույլ չէին տալիս հանդիսատեսին հանգիստ նստել իրենց տեղում, եւ շուտով հայ ռոքասերները հավաքվում են բեմի առջեւ:

Հնչում են խմբի սիրված ու հայտնի երգերը` “You and Me”-ն, “In Fog”-ը, “Phsycic Rain”-ը, տղաներին հաջողություն բերած “Fly”-ը, “եվրատեսիլյան”  “This is Our World”-ն ու մյուսները: Երկար դադարից հետո բենդը ներկայացնում է նաեւ հանդիսատեսի կողմից սիրված “Sleepless Nights”-ը: Խմբի կիթառահար Գագասը, հարվածային գործիքներ նվագող Մանչը, Դերեք Շերինյանը հանդես են գալիս սոլո իմպրովիզներով: Քիչ անց Գագասին է միանում Գոռն ու վոկալային հզորությունը ցուցադրելով, կրկնում կիթառի լարի հնչյունները:
 

"Dorians"-ի կիթառահար Գագասը


Թվում է, թե հանդիսատեսն արդեն վերապրեց բոլոր էմոցիաներն, ու հենց այդ պահին Գոռը բեմ է հրավիրում կենդանի լեգենդ, աշխարհահռչակ բաս-կիթառահար ու վոկալիստ Գլեն Հյուզին: 61-ամյա ռոքերը վազում ու թռչկոտում է բեմում` նվագելով իր կիթառը: Քիչ անց պարոն Հյուզը մոտենում է բարձրախոսին եւ ցուցադրում իր ձայնի հզորությունն ու մաքրությունը: Գոռ Սուջյանի հետ երաժիշտն երկու երգ է ներկայացնում: “Deep Purple” խմբի երգացանկից “Burn” երգը բեմի լույսերի եւ էներգետիկայի ներքո “վառում” է դահլիճը:): Քիչ անց Գլեն Հյուզը “Թվիթեր”-ի իր էջուր գրառում է կատարում. “Ընկերներ ու երկրպագուներ…. Հենց նոր համերգ եմ ունեցել “Dorians” ռոք-բենդի հետ: Վոկալիստը` Գոռը, 23 տարեկան է ու հիասքանչ է, հավատացեք ինձ”:
 

Դերեք Շերինյանը "Dorians"-ի հետ համատեղ համերգին


“Աստված օրհնի Հայաստանը, ես սիրում եմ ձեզ” ,- ասաց Հյուզն ու հեռացավ բեմից: Բայց “Dorians”-ը հանդիսատեսին հանգստանալու րոպե չտվեց. բոլորը միաձայն երգեցին խմբի ամենահիթային երգերից մեկը` “Ես կուլամ”-ը: Ի դեպ, այս երգի ընթացքում բենդին միացավ թավջութակահարուհի Արփենիկ Հակոբյանը: Համերգի կուլմիանցիան “Life is Really Beatiful” երգն էր: Երեկոն ավարտվեց, երաժիշտները հեռացան բեմից, իսկ հանդիսատեսը դեռ ծափահարում էր: “Շուտով կհանդիպենք, մերսի”,- նշեց Գոռը:

Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Mana Litta-ի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport