Հայաստանի 6 հանրակրթական դպրոցի շուրջ 200 աշակերտ երեկ մասնակցել է Երեւանի կենդանաբանական այգում կազմակերպված “Կանաչ դպրոց” նախագծի եզրափակիչ միջոցառմանը, որին ներկա են եղել նաեւ ՀՀ բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը, Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, “Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա” (Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա) ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Դանիելյանը եւ բնապահպանական մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչներ:
“Կանաչ դպրոց” նախագծի եզրափակիչ միջոցառմանը
Նախագիծը, որն իրականացվել է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից եւ Կոկա-Կոլա հիմնադրամի աջակցությամբ, դպրոցականներին համախմբել է մեկ նպատակի շուրջ, այն է` պահպանել շրջակա միջավայրը:
“Կանաչ դպրոց”-ի շրջանակում 6 ամիս շարունակ Դիլիջանի թիվ 4, Այնթապի Բ. Մարգարյանի անվան թիվ 2, Վեդու Խ. Սողոմոնյանի անվան թիվ 2, Նորատուսի Ա. Սողոմոնյանի անվան թիվ 2, Ուրծաձորի եւ Գողթի դպրոցների աշակերտների կողմից հավաքվել ու տեսակավորվել է երկու տեսակի կենցաղային թափոն` 2280,03 կգ թուղթ եւ 264,45 կգ պլաստիկ շիշ, իսկ դպրոցամերձ տարածքներում տնկվել է մոտ 1000 տնկի:
“Կանաչ դպրոց” նախագծի եզրափակիչ միջոցառմանը
Միջոցառման ընթացքում նախագծի մասնակից աշակերտներն ու ուսուցիչները ստացել են մրցանակներ ու հավաստագրեր` պատրաստված վերամշակված թղթից, իսկ լավագույն արդյունք ցուցաբերած երկու` Դիլիջանի թիվ 4 եւ Վեդու Խ. Սողոմոնյանի անվան թիվ 2 դպրոցներն արժանացել են “Կանաչ դպրոց” կոչմանը:
"Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա" ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Դանիելյանը(աջից)
Աջակցության համար հատուկ հավաստագիր է ստացել նաեւ “Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա” (Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա) ընկերությունը, որի գլխավոր տնօրեն Գագիկ Դանիելյանի հավաստմամբ` “Կանաչ դպրոց”-ը հաջողված նախագիծ է ու անպայման ունենալու է շարունակական բնույթ.“Մեր ընկերության համար միշտ էլ կարեւոր են եղել երեխաների զարգացումն ու բնապահպանական ծրագրերը: “Կանաչ դպրոց”-ը համատեղում է ե′ւ մեկը, ե′ւ մյուսը”:
"Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա" ընկերության հասարակական գործերի եւ հաղորդակցության տնօրեն Արա Բրուտյանը
“Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա” ընկերության հասարակական գործերի եւ հաղորդակցության տնօրեն Արա Բրուտյանը մեզ հետ զրույցում նշել է, որ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հետ համագործակցելուց բացի, ընկերությունն արդեն երկրորդ տարին է` աջակցում է նաեւ Երեւանի կենդանաբանական այգուն` իր վրա վերցնելով Ֆանի արջուկի տարեկան հովանավորչությունը.“Ստացվում է` մենք աշխատում ենք մի քանի ուղղությունով, որոնք միավորվում են մեկ կարեւոր հանգամանքի շուրջ` մենք ենք, որ շահառուներն ենք շրջակա միջավայրի. սա մենք անում ենք մեր ու մեր երեխաների համար”:
Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արգինե Մինասյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: