Հայաստանի անկախության օրվա առթիվ հայ հանդիսատեսը հնարավորություն ունի վայելել “Jazz Parking” հայտնի նախագծի շոուն հենց Երեւանում: “ԱԶԴ Փրոդաքշն”-ի նախաձեռնած համերգը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին` Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում` Մարիամ Մերաբովայի, Արմեն Մերաբովի, Մարգարիտա Պոզոյանի, Արծվիկի, Էդգար Հակոբյանի, Հայկ Մովսիսյանի(Music Hayk), Արտյոմ Կաչարյանի եւ սիրված այլ երգիչների մասնակցությամբ:
Երեւանում տեղի կունենա "Jazz Parking" նախագծի համերգը
Երեկոն կվարեն Արման Մարգարյանը եւ “Jazz Parking” նախագծի երաժշտական պրոդյուսեր, ջազ երգչուհի Անժելիկա Ալֆյորովա-Հարությունյանը, ով BRAVO.am-ին ասել է, որ Հայաստանում հավաքական համերգ ունենալու գաղափարը պրոդյուսեր Հայկ Հարությունյանինն է.«Նա կիսվեց իր մտահղացմամբ, մենք էլ համախմբեցինք մեր ուժերն ու ամեն բան արեցինք այն կյանքի կոչելու համար»:
Երաժշտական պրոդյուսերից տեղեկացանք, որ ներկաները հնարավորություն կունենան լսել 30-ական թվականներից մինչեւ մեր օրերի լավագույն ջազ ստեղծագործությունները.«Երգացանկի սահմաններն աներեւակայելի մեծ են: Մեր արտիստները ոչ միայն միջազգային հիթեր կկատարեն, այլ նաեւ հանդես կգան սեփական երգացանկի երգերով: Նրանց կնվագակցի “Jazz Parking” բենդը` Մանուկ Ղազարյանի գլխավորությամբ»:
Երեւանում տեղի կունենա "Jazz Parking" նախագծի համերգը
Անժելիկա Ալֆյորովա-Հարությունյանի փոխանցմամբ՝ հանդիսատեսին նաեւ հաճելի մի շարք անակնկալներ են սպասվում, պրոդյուսեր Հայկ Հարությունյանն էլ նշել է, թե առաջին անգամ է, որ ռուսաստանաբնակ հայ հայտնիները միասին Հայաստանում են լինելու ու նույն բեմում.«Շատ յուրահատուկ համերգային ծրագիր ենք պատրաստել: Մինչ այս Օպերայի բեմն այսպիսի լույսերով զարդարված չի եղել: Յուրաքանչյուր երգիչ հանդես կգա 2-3 կատարմամբ»:
Ի դեպ, համերգի հատուկ հյուրերն են Շուշան Պետրոսյանը եւ Ալին Գոյանը: Միջոցառման տոմսերը կարող եք ձեռք բերել քաղաքի բոլոր տոմսարկղերից:
Տեքստը` Մերի Պողոսյանի /BRAVO.am/
Լուսանկարները տրամադրել է Հայկ Հարությունյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: