×


“Life in Nibiru”-ի` ակումբային ռիթմերով համեմված դասականը :)

Դասական երաժշտություն` համեմված ակումբային ռիթմերով. նորաստեղծ “Life in Nibiru” խմբի անդամները ցանկանում են երաժշտական նոր ուղղվածությամբ ու ասելիքով ներկայանալ ոչ միայն հայ, այլեւ օտարերկրյա լսարանին:

“Life in Nibiru” նորաստեղծ խմբի անդամները


BRAVO.am-ի հետ զրույցում խմբի տնօրեն Հայկ Շահնազարյանը պատմել է, որ խումբն ունի հիմնական կազմ, երբեմն փոխվում են վոկալիստները.“Ես ու խմբի պրոդյուսեր Տիգրանը սկսեցինք մեր գաղափարի շուրջ համախմբել երիտասարդ երաժիշտների` հիմնականում Կոնսերվատորիայի ուսանողների, որոնք նվագում են իրենց ստեղծած գործերը, բայց որոշ մեղեդիներ, օրինակ` դուդուկի հատվածը, վերցնում ենք արդեն հայտնի ժողովրդական երգերից”:

“Life in Nibiru” խմբի հարվածային գործիքներ նվագող Արսեն Սարգսյանը


“Life in Nibiru”-ն ստեղծվել է 2012-ի մարտին: Խմբի առաջին համերգը կայացել է սեպտեմբերին` Բաթումում` դիզայներ Գեւորգ Շադոյանի ցուցադրության շրջանակում, օրեր առաջ էլ նրանք համերգ են ունեցել Երեւանի փաբերից մեկում:

Խոսելով խմբի անվանման մասին` Հայկը հետեւյալն է ասել. “Նիբիրուն մեռած աստղ է, որի մասին վերջերս հաճախ են խոսում: Մեր երաժշտությունն էլ աստղի նման է, պետք է վերակենդանանա ու աճի: Ուզում ենք նորություն մատուցել, իսկ արտերկրում ներկայացնել հայկական նոր ոճի երաժշտություն ու գրավել ավելի մեծ բեմեր”:

“Life in Nibiru” խմբի ջութակահարուհի Մոնիկա Մխիթարյանը


Հայտնի դառնալու համար “Life in Nibiru”-ն պատրաստվում է ներկայանալ տեսահոլովակով, մասնակցել համերգների Թբիլիսիում, Մոսկվա մեկնելու նպատակ էլ կա: Նորաստեղծ խումբն այժմ ինքնաֆինանսավորվում է. ինչպես նշել է Հայկը, հովանավոր չունեն. “Մեր ուժերով դեռ կարողանում ենք առաջ շարժվել”:

Փետրվարին խումբը նախատեսում է համերգով հանդես գալ “Առնո Բաբաջանյան” համերգասրահում, իսկ մինչ այդ առաջարկում ենք ունկնդրել “Life in Nibiru”-ի հեղինակային ստեղծագործությունները եւ մեկնաբանությունների հատվածում գրել ձեր կարծիքը:

“Life in Nibiru” խմբի ֆլեյտահարուհի Լիլիթ Մանարյանը


“Life in Nibiru” խումբն այժմ հանդես է գալիս հետեւյալ կազմով.

Երգերի հեղինակ ու գործիքավորող - Աշոտ Թուրաջյան
Դուդուկահար եւ սաքսոֆոնահար - Նարեկ Մկրտչյան
Դհոլահար - Արսեն Սարգսյան
Ջութակահար - Մոնիկա Մխիթարյան
Ֆլեյտահար -Լիլիթ Մանարյան
Պրոդյուսեր -Տիգրան Զալինյան
Տնօրեն - Հայկ Շահնազարյան

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW