×


«Millions of Lives». Համաշխարհային աստղերի մասնակցությամբ տեսահոլովակի պրեմիերան Երեւանում

«Millions of Lives»/«Միլիոնավոր կյանքեր»/` այսպես է կոչվում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչմանը նվիրված երաժշտական նոր նախագիծը, որի շրջանակում համաշխարհային մշակույթի ներկայացուցիչները կոչ են անում կանխել բռնությունները եւ ցեղասպանություններն ամբողջ աշխարհում: Կարեն Մարգարյանը, Տիգրան Պետրոսյանը եւ Գրիշա Աղախանյանը` Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո նկարահանել են տեսահոլովակ, որի երեւանյան պրեմիերան այսօր էր` «Մոսկվա» կինոթատրոնում:

Տիգրան Պետրոսյանը, Կարեն Մարգարյանը եւ Գրիշա Աղախանյանը


«Millions of Lives»-ի երաժշտության հեղինակը կոմպոզիտոր եւ պրոդյուսեր Կարեն Մարգարյանն է, իսկ բառերը գրել է ամերիկացի բանաստեղծուհի Ռիդա Մեյը: Տեսահոլովակի ռեժիսորներն են Միհրան Ստեփանյանը, Հայկ Ատոմցը, Օլեգ Մովչանը, Նատալիա Իվանովան եւ Օլեգ Տարավկովը, նկարահանումներն իրականացվել են Հայաստանում, Ռուսաստանում, Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում եւ այլուր: Անգլալեզու երգը Ցեղասպանության հետեւանքով փոքրիկ աղջկա խեղված ճակատագրի մասին է, ով կորցրել է իր ընտանիքը:

Տեսահոլովակում նկարահանվել են Շառլ Ազնավուրը, Մոնսերատ Կաբալյեն, Սեբու Սիմոնյանը, Ալեն Թերզյանը, Վլադիմիր Սպիվակովը, Կոկո Յորքը, Իշտար Ալաբինան, Էռնա Յուզբաշյանը, Մարիամ Մերաբովան, Անդրեյ Դավիդյանը, Տիգրան Պետրոսյանը եւ ուրիշներ:

Գրիշա Աղախանյանը` կնոջ հետ


«Բոլորն, ում տեսնում եք տեսահոլովակում, միանգամից համաձայնում էին մասնակցել նախագծին բացառապես անվճար, ինչի համար շատ շնորհակալ ենք: Այսօր պաշտոնական պրեմիերայի ժամանակ, երբ կրկին դիտեցի տեսահոլովակը, ինքս էլ հուզվեցի»,-BRAVO.am-ի հետ զրույցում նշել է Գրիշա Աղախանյանը` տեղեկացնելով, որ հանրահայտ դերասաններ Օմար Շարիֆն ու Կլաուդիա Կարդինալեն ցանկություն են հայտնել, որ «Մայրիկ» ֆիլմից դրվագներ ներառվեն տեսահոլովակում:

Ռաֆայել եւ Մայքլ Քոթանջյանները


Տիգրան Պետրոսյանի խոսքով` տեսահոլովակի ուղերձը ոճրագործությունների, ցեղասպանությունների կանխումն է.«Բոլորը, ովքեր մասնակցել են նախագծին, շատ հուզված էին, բայց կարծում եմ` ամենազգացմունքայինը Շառլ Ազնավուրն էր»:

Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի /Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW