×


Հարսանեկան ի՞նչ անակնկալներ են մատուցել R.P.-ին :)

R.P.-ի եւ Ալբերտի հարսանեկան արարողության մասին BRAVO.am-ը պատմել է: Նորապսակներն Աստծո օրհնությունը ստացել են Երեւանի Սուրբ Հովհաննես եկեղեցում, այնուհետեւ լուսանկարվել Սիրահարների այգում, որից հետո խնջույքը շարունակել են ռեստորանում: R.P.-ն մեզ հետ զրույցում պատմել է, որ մեծ հարսանիք չեն կազմակերպել, իսկ հարսանեկան զգեստը պատվիրել է Երեւանում` իր նախասիրություններին ու ճաշակին համապատասխան:

Արփի Շահնուբարյանը եւ Ալբերտ Հովհաննիսյանը միմյանց ճանաչում են 2007-ից


“Ծանոթներիցս շատերը կարծել են` մեծ հարսանիք եմ արել, իրենց չեմ հրավիրել, բայց իրականում 70 հոգանոց փոքր հարսանիք էր: Ես այնքան զբաղված էի իմ աշխատանքով, որ լրջորեն չեմ պատրաստվել հարսանիքին, ինքնաբերաբար ամեն ինչ շատ լավ անցավ: Արման Հովհաննիսյանն ու Միհրան Ծառուկյանն էլ եկել երգել, շնորհավորել ու գնացել են: Հյուրերի ցանկը, ցավոք, սահմանափակ էր”,-BRAVO.am-ի հետ զրույցում նշել է նա:

Խնջույքի ավարտին էլ երգչուհին ու երաժիշտն իրենց խմբով նվագել ու երգել են: Իսկ հարսի պարը բեմադրել է պարուհի Իռեն Ուլիխանովան` Սայաթ-Նովայի “Աշխարհումս իմն դուն իս” երգի հիման վրա, որը կատարում է նաեւ R.P.-ն. “Մենք այդ պարը վաղուց ենք բեմադրել, կա համապատասխան հագուստ, խորհրդանշական օրը պարեցի հարսի քողով: Հյուրերի համար էլ, ինձ համար էլ անսպասելի էր, որ Քրիստինե Պեպելյանի “Պատահական չի լինում” երգի ժամանակ հուզվել էի:)”:

R.P.-ի հարսանեկան պարը բեմադրել է պարուհի Իռեն Ուլիխանովան


R.P.-ն ասել է, որ իր համար հարսանեկան ամենամեծ անակնկալը Հայկ Կասպարովի ներկայությունն է եղել, ինչը կազմակերպել էին դիզայներ Գեորգի Հարությունյանն ու Սոնյան. “Կարծում էի` Հայկը Գերմանիայում է, իր այցն ինձ շատ ուրախացրեց, քանի որ մենք միասին “Սիրո մասնիկ” զուգերգ ունենք, որը տարոսիկների մասին է: Տարբեր հարսանիքների ժամանակ միասին երգել ենք, եւ շատ ափսոսում էի, որ չենք կարողանալու իմ հարսանիքին երգել: Իսկապես չէի սպասում, որ ներս կմտնի, եւ իմ ցանկությամբ այդ երգը կհնչի մեր շուրթերից”:

“Կապույտ թռչուն” երգով երաժշտական ասպարեզ մուտք գործած Արփի Շահնուբարյանը եւ Ալբերտ Հովհաննիսյանը միմյանց ճանաչում են 2007 թվականից, երբ երկուսն էլ աշխատել են “Անելիք” խմբում. “Ես բեք-վոկալիստն էի, իսկ Ալբերտը` հարվածային գործիքներ նվագողը. այդպես սկսեցինք շփվել, իհարկե, ընթացքում եղան ընդհարումներ, նորից հաշտվեցինք ու ամուսնացանք:)”:

Քրիստինե Պեպելյանը եւ R.P.-ն


Ամուսինը` Ալբերտը, ավարտել է Երեւանի կոնսերվատորիայի ասպիրանտուրան, արվեստագիտության թեկնածու է, նաեւ հանդես է գալիս Երվանդ Երզնկյանի նվագախմբում:

Նորաթուխ ամուսիններն ապրում են Ալբերտի ծնողների հետ, այժմ աշխատանքային ռիթմի մեջ են եւ նախատեսում են հանգստի մեկնել Ամանորից հետո: Նրանք շուրջ 3 տարի է` միասին աշխատում են մի խմբում, որն այժմ վերանվանել են “Hayway”. “Մեր գործունեությունը կշարունակենք բենդի կազմում: Առանց բենդի չեմ կարող, իսկական երաժշտությունը նվագախմբի հետ եմ զգում: Չեմ կարող երգը թողնել, չերգելս փոքր երեխային կոնֆետից զրկելու պես մի բան կլինի:): Երկուսս էլ երաժիշտ ենք, լուրջ ենք վերաբերվում մեր գործին”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW