×


“SOAD”. Սա միայն համերգ չէ, սա վրեժ է

Անիմաստ է նկարագրել ռոք համերգները, առավել եւս այն մեկը, որ տեղի ունեցավ ապրիլի 23-ին` Երեւանի սրտում: Մեր հայրենակիցները` աշխարհահռչակ “System of a Down” խմբի երաժիշտները, “ռոքեցին” Հանրապետության հրապարակում հավաքված  բազմաթիվ հանդիսատեսին, նաեւ միլիոնավոր մարդկանց, ովքեր աշխարհի տարբեր անկյուններից առցանց հետեւում էին երաժշտական խելահեղ հրավառությանը:

SOAD-ի երեւանյան համերգին


Իսկապես անիմաստ է նկարագրել այն, ինչ պետք էր պարզապես զգալ` ներկա լինելով համերգին ու բղավելով, որ սիրում ես “System”-ի տղաներին եւ շնորհակալ ես, որ աշխարհով մեկ բարձրաձայնում են Հայոց ցեղասպանության մասին, նաեւ նրանց հետ երգելով բոլոր երգերը` չվախենալով խզել ձայնալարերը: 

Անձրեւը, որ նույնիսկ համերգի ավարտից հետո դեռ երկար շարունակում էր մաքրել փողոցները, որեւէ մեկին չվախեցրեց: Ամեն տարի էլ ապրիլի 23-ին անձրեւ է գալիս եւ դա այնքան խորհրդանշական է…

SOAD-ի երեւանյան համերգին


Համերգից վեց ժամ առաջ մարդիկ արդեն հավաքվել էին Հանրապետության հրապարակ տանող միակ մուտքի մոտ: “Holy Mountain” երգով բացվեց “SOAD”-ի երեւանյան մենահամերգը, որը տեղի ունեցավ խմբի` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված “Wake up the Souls”/“Արթնացրեք հոգիները”/ շրջագայության շրջանակում:

Սերժ Թանգյան, Տարոն Մալաքյան, Շավո Օդաջյան, Ջոն Դոլմայան` “System”-ի երկրպագուների համար նրանք կուռքեր են, իսկ ալտերնատիվ ռոքից հեռու մարդկանց համար պարզապես` մերոնք:

Տարոն Մալաքյանը


“Սա ուղղակի ռոք համերգ չէ, այլ վրեժ մարդասպանների հանդեպ”` համերգի ընթացքում ասաց Տարոնը, ազդեցիկ էր նաեւ Սերժի ելույթը, որը կարող եք դիտել այստեղ:  Տղաները հնչեցրին իրենց հիթերը, ինչպես նաեւ վայելեցինք հատվածներ հայկական երգերից` նրանց ինքնատիպ կատարմամբ:

Մի բան միանշանակ է, այսօր նոր Երեւանում արթնացանք, այն քաղաքում, որտեղ իրականացավ երազանք` “System of a Down”-ն առաջին անգամ ելույթ ունեցավ տանը:

Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Pan Photo-ի, Բերտա Մարտիրոսյանի եւ Մարիամ Լորեցյանի/Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW