×


“The Rock@Roll Band”-ը վերածնունդ է ապրում

Վերջերս վերամիավորված “The Rock@Roll Band”-ի հերթական համերգը երեկ էր` “Stop” ակումբում: Ռոքնռոլի սիրահարները խումբը կհիշեն դեռ 90-ականների վերջերից, երբ այն առաջին փորձերն էր կատարում երաժշտության ասպարեզում:

“The Rock@Roll” բենդը


Հայկական ռոքնռոլ խմբի վերամիավորումը նախաձեռնել է դերասան Ռուբեն Փաշինյանը, որն այսօր ինչպես բենդի մենակատարն է, այնպես էլ պրոդյուսերը. “Վերամիավորվելու ցանկությունը վաղուց է եղել եւ միայն վերջերս իրականացել: Մենք ցանկություն ունեինք այնպիսի երաժշտություն ներկայացնել, որը հասանելի կլիներ բոլորին, իսկ ռոքնռոլ գրեթե բոլորն են սիրում` ցանկացած տարիքի, սեռի ու նույնիսկ ազգության մարդիկ”,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է նա:

“The Rock@Roll Band”-ի մենակատար Ռուբեն Փաշինյանը


“The Rock@Roll Band”-ի կազմում են մենակատար Ռուբեն Փաշինյանը, ստեղնաշարային գործիքներ նվագող Կարեն Գրիգորյանը, հարվածային գործիքներ նվագող Նարեկ Թովմասյանը, մենակատար, կիթառահար Լեւոն Խաչատրյանն ու բաս կիթառահար Սերգեյ Միսակյանը: Ի դեպ, խմբի կիթառահարն ու բաս կիթառահարը խմբի կազմում եղել են դեռ 90-ականներին:“Stop” ակումբում առաջին անգամ խմբին միացել էր նաեւ կիթառահար Վահագն Ամիրխանյանը, որն այսուհետ նույնպես հանդես կգա “The Rock@Roll Band”-ի կազմում:

“The Rock@Roll” բենդի համերգին


Խմբի երգացանկում ներառված են Չակ Բերրիի, Էլվիս Փրեսլիի, Ջերի Լի Լյուիսի եւ ռոքնռոլի հանրաճանաչ այլ դեմքերի հանրահայտ երգերը: Ռուբեն Փաշինյանի փոխանցմամբ` շուտով խմբի երգացանկը կհամալրվի ռուսական “Браво” խմբի երգերով. “Մեր կատարմամբ կլսեք նաեւ Առնո Բաբաջանյանի “Лучший город Земли” ստեղծագործությունը”:
“The Rock@Roll Band”-ի առաջին համերգը կայացել է հոկտեմբերի 26-ին: Մինչ օրս խումբն արդեն իսկ 5 համերգ է ունեցել: BRAVO.am-ի հետ զրույցում Ռուբեն Փաշինյանը տեղեկացրել է, որ շատ արագ տեմպերով են առաջ ընթանում. “Մենք փորձում ենք ամեն շաբաթ հանդես գալ համերգով”: Ի դեպ, խմբի առաջիկա համերգը տեղի կունենա նոյեմբերի 30-ին` “Irish Pub”-ում:

“The Rock@Roll Band”-ի մենակատար, կիթառահար Լեւոն Խաչատրյանը


Երեւանում հանդես գալուց բացի, մոտ ապագայում “The Rock@Roll Band”-ը պատրաստվում է ներկայանալ նաեւ Հայաստանի մարզերում: “Մարզերում երեկոյան կյանքը մեռած է: Նպատակ ունենք այնտեղի կյանքն էլ ինչ-որ չափով աշխուժացնել”,-ասել է Ռուբեն Փաշինյանը:

Երեւանից դուրս առաջին անգամ խումբը հանդես կգա Ծաղկաձորում` դեկտեմբերին կայանալիք գրական փառատոնի շրջանակներում:

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արգինե Մինասյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW