×


«Այդ տեսակն ինքս չեմ ընդունում». Գայանե Ավետիսյանը՝ «Երկուսով» սերիալում իր կերպարի եւ անձնականի մասին

Դերասանուհի Գայանե Ավետիսյանն այս շրջանում նկարահանվում է «Շանթ» հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Երկուսով» սերիալում: Նրա հետ զրուցել ենք նոր կերպարի, թատրոնում փոփոխությունների, հեղինակային գրքի եւ, իհարկե, անձնականի մասին:

«Նորություն էր»

Երկար ժամանակ չէի կարողանում համագործակցել «Շանթ»-ի հետ, քանի որ զբաղվածությունս այլ հեռուստաընկերությունում էր: Այս անգամ ստացա առաջարկն եւ համաձայնեցի: Սցենարն ու դերասանական կազմն ինձ շատ դուր եկան: Երկար տարիներ անց այս համագործակցությունը նորություն էր: Իմ բոլոր կերպարները ասելիք ունեն, հակառակ դեպքում չեմ խաղա: Չեմ սիրում առանց ասելիքի երեւալ էկրաններին:

Գայանե Ավետիսյանը


«Դժվարանում եմ այդքան չարություն արտահայտել»

Աննայի կերպարը շատ արդիական է: Մեր հասարակության մեջ նման կերպարներ շատ կան: Նա իր տղային չափից շատ է սիրում, խանդում է: Ուզում եմ ցույց տալ նաեւ նրա քաղքենիությունը. տարբերություն է դնում հարուստ ու աղքատ, գյուղի ու քաղաքի աղջիկների միջեւ: Մանեն ամենեւին Աննայի երազելի հարսը չէ: Շատ կերպարներ եմ կերտել, բայց Աննայի կերպարն ինձ հետ ընդհանրապես կապ չունի: Այդ տեսակն ինքս չեմ ընդունում: Երբեմն դժվարանում եմ այդքան չարություն արտահայտել: Բայց արձագանքներից տեսնում եմ, որ ստացվում է: Եթե հեռուստադիտողը սկսում է չսիրել բացասական կերպարը, ուրեմն այն հաջողված է:

Որակի համար

Ուրախ եմ, որ վերջին տարիներին Հայաստանում ֆիլմարտադրությունն ավելի որակյալ է դառնում: Ընդհանրապես սերիալները պետք է ոչ միայն ժամանց ապահովեն, այլեւ ունենան ուսուցողական բնույթ: Դերասանները, ռեժիսորները պետք է կարողանան որակ ապահովել: Մենք առավոտից մինչ ուշ գիշեր ամեն ինչ անում ենք այդ որակն ապահովելու համար:

«Երկուսով» սերիալի նկարահանումներին


Թատրոնի մասին

Թատրոնն առաջ ավելի պահանջված էր: Մարդիկ դասական դրամատուրգիայի փոխարեն ուզում են ավելի անհոգ, ժամանցային ներկայացումներ դիտել: Բոլորն ուզում են գնել տոմս, նստել ու երկու ժամ կտրվել իրենց գործերից: Ես կողմ եմ, որ թատրոններում բեմադրվեն այսօրվա իրականությանը մոտ ներկայացումներ: Այս պահին թատրոնում զբաղվածություն չունեմ, բայց 2020 թվականին սպասվում է նոր ներկայացում, որում ընդգրկված կլինեմ նաեւ ես: Սերիալներից սիրված դերասանները թատրոն հանդիսատես են բերում: Ճիշտ է՝ ավագ սերունդը դա չի ընդունում, բայց կարծում եմ՝ վատ չէ, երբ դերասանին սիրելով մարդիկ գնում են թատրոն:

Հեղինակային գրքի մասին

Ամեն ինչ գրեթե պատրաստ է իմ հեղինակային բանաստեղծությունների գրքի թողարկման համար, բայց երեւի դեռ ժամանակը չի եկել: Դեռ ստեղծագործական հետաքրքիր փուլում եմ: Ուզում եմ էլի բանաստեղծություններ ավելացնել:

Գայանե Ավետիսյանը


Անձնականի մասին

Կարծում եմ՝ երջանկությունը գալիս է այն պահին, երբ պատրաստ ես լինում ընդունել այն: Պետք է կարողանաս սիրել կողակցիդ թե՛ առավելությունները, թե՛ թերությունները: Չունեմ կոնկրետ պատկերացումներ, թե ինչպիսին պետք է լինի կողակիցս: Հենց հանդիպեմ նրան, կարծում եմ՝ կզգամ:

Զրուցեց՝ Մարիամ Խաչատրյանը/Bravo.am/
Լուսանկարները` Գայանե Ավետիսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport