×


«Արարատ. Սրբազան լեռը». նոր ցուցահանդես Ազգային պատկերասրահում

Հայաստանի ազգային պատկերասրահում հոկտեմբերի 15-ին բացվել է «Արարատ. Սրբազան լեռը» խորագրով ցուցահանդես, որը ներկայացնում է Արարատի թեմայով հայ դասական եւ ժամանակակից նկարիչների աշխատանքներ: Ցուցահանդեսի անցկացման գաղափարի ոգեշնչման աղբյուր է հանդիսացել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության #AraratChallenge համաշխարհային շարժումը։


Ողջույնի խոսքով ելույթ է ունեցել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը: Նա ընդգծել է ցուցահանդեսի կարեւորությունը հատկապես նախորդ տարի «Ավրորայի» շրջանակում մեկնարկած #AraratChallenge համաշխարհային շարժման համատեքստում:

«Մեզ համար ամենից առաջ Արարատը մարդկության կյանքի երկրորդ հնարավորության խորհրդանիշ է: Աստվածաշնչյան այն դրվագը, երբ Նոյի տապանը հանգրվանում է Արարատի գագաթին, վերապրելու եւ Աստծո կողմից մարդկությանը տրված երկրորդ հնարավորության ուղերձ է: Մենք ցանկանում ենք, որ այս շարժման միջոցով ոչ միայն Հայաստանի, այլեւ ամբողջ աշխարհի մարդիկ ներկայացնեն Արարատը որպես երկրորդ հնարավորության խորհրդանիշ, հատկապես նրանք, որ փրկվել են պատերազմից, ցեղասպանությունից, համաճարակից»,- ասել է Նուբար Աֆեյանը:

Նուբար Աֆեյանը


Ցուցահանդեսի համադրող, Ազգային պատկերասրահի ավագ գիտաշխատող Քնարիկ Ավետիսյանը նշել է, որ ներկայացված են 45 աշխատանք՝ 10 գրաֆիկական ստեղծագործություններ, մնացածը՝ գեղանկարչական աշխատանքներ:

«Թեմայի ընտրության միեւնույն մոտիվի ընդհանրությամբ հանդերձ՝ բոլոր նկարիչների աշխատանքներն իրարից զանազանվում են ոչ միայն ստեղծագործական անհատականությամբ, այլ նաեւ նրանով, թե Արարատ լեռան պատկերում ինչն են շեշտադրում եւ կարեւորում նկարիչները. շենացող հայրենիքը, հայրենիքի հավաքական կերպարը, Արարատ լեռ, որի փեշերին դարեր շարունակ ապրել եւ ստեղծագործել է հայ ժողովուրդը, սովորական աշխատանքային առօրյա տեսարաններ եւ այլն»,- մանրամասնել է նա:

Նկարիչ Տիգրան Մատուլյանը և Ռուբեն Վարդանյան


Գեւորգ Բաշինջաղյանի, Մարտիրոս Սարյանի, Հակոբ Կոջոյանի, Գեորգի Յակուլովի, Եղիշե Թադեւոսյանի, Ստեփան Աղաջանյանի, Սեդրակ Առաքելյանի, Փանոս Թերլեմեզյանի եւ այլոց աշխատանքների կողքին է նաեւ ժամանակակից նկարիչ Ռուբեն Գրիգորյանի 1987 թվականի կտավը:

«Արարատ կյանքումս մեկ անգամ եմ նկարել, այս կտավն է: Պատկերել եմ ապագայի Արարատը, երբ բոլոր պատերազմները վերջացել են եւ մարդիկ պարզապես հանգստանում են»,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է նկարիչը:

Ռուբեն Գրիգորյանի հեղինակած կտավը, 1987թ.


Սրահի մուտքի դիմաց այցելուները կարող են գտնել նաեւ #AraratChallenge մակագրմամբ պաստառներ եւ լուսանկարվել դրանցով:

Ցուցահանդեսը կգործի մինչեւ նոյեմբերի 14-ը:

Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին