×


«Արփին իսկապես չգիտեր». Միհրան Ծառուկյանի մենահամերգի հետաքրքիր դրվագներն ու նշանդրեքի մասին խոստովանությունը

«Սիրո կինո» խորագիրը կրող երեւանյան առաջին մեծ մենահամերգով երգիչ Միհրան Ծառուկյանը երեկ հանդես եկավ Կարեն Դիմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Դահլիճում տիրում էր աշխույժ մթնոլորտ եւ ուրախ տրամադրություն, եւ մինչ երգիչն ու իր թիմը հետնաբեմում պատրաստվում էին ելույթին, աստիճանաբար վերջանում էին ազատ աթոռները: Չչարաշահելով հանդիսատեսի համբերությունը՝ լուսային ու գունային հետաքրքիր ձեւավորմամբ եւ երգչի ամենատարածված ու սիրելի երգերից մեկով էլ մեկնարկեց համերգը, որի հետաքրքիր դրվագները լուսանկարել է BRAVO.am-ը:

Միհրան Ծառուկյանի մենահամերգին


Երեկոյի ընթացքում հնչեցին երգչի հիթերը: Համերգային ծրագրում գերակշռում էին սիրային թեմատիկայով ստեղծագործությունները, սակայն Միհրանը կատարեց նաեւ մայրերին նվիրված երգ՝ շնորհակալություն հայտնելով դահլիճում գտնվող մորը՝ միշտ իր կողքին լինելու եւ քաջալերելու համար:

Վերջին շրջանում Միհրանն իր ֆեյսբուքյան եւ ինստագրամյան էջերում երգի մրցույթ էր հայտարարել եւ հաղթողի հետ ներկայացավ զուգերով: Հնչեց նաեւ «Յարս Վայքում ա» զուգերգը՝ Ռաֆայել Երանոսյանի, Անդրանիկ Հարությունյանի եւ Ռիչարդ Մադլենյանի հետ:

Միհրան Ծառուկյանի մենահամերգին


Երբ կարծես թե ծրագրի բոլոր երգերը երգիչը կատարել էր, հանկարծ նա անհետացավ բեմից եւ սկսեց հանդիսատեսի հետ զրուցել հետնաբեմից: Իր եւ Արփի Գաբրիելյանի զուգերգի նոտաները հանդիսատեսին արդեն հուշում էին, թե շուտով ով կհայտնվի բեմում, սակայն Միհրանը փոքր-ինչ ձգձգեց պահը՝ ավելի շատ հետաքրքրություն առաջացնելու համար: Ի վերջո, երգիչը սկսեց երգել հենց հանդիսատեսի կողքին կանգնած, իսկ Արփին հայտնվեց բեմում: Զուգերգի վերջում կատարվեց անսպասելին.«Վաղն Արփիի ծննդյան օրն է, եկեք մի քիչ առաջ ընկնենք ու շնորհավորենք»՝ ասաց Միհրանը, իսկ բեմ բերեցին ծաղկեփնջեր՝ նվիրելով երգչուհուն: Սակայն այսքանով չավարտվեց անակնկալը. Միհրանը մատանի դրեց սիրելիի մատնեմատին՝ այդ կերպ ամուսնության առաջարկություն անելով նրան: Արփին անչափ հուզվեց եւ չէր կարողանում խոսել, միայն ասաց, որ անչափ շնորհակալ է, դե, իսկ դահլիճը թնդում էր բարձր գոռում-գոչյուններից ու ծափերից:

Համերգի ավարտին հետնաբեմում Միհրանն ու Արփին պատասխանեցին լրագրողների մի քանի հարցին:

Արփի Գաբրիելյանը


«Մենք նշանված չենք եղել». Արփի Գաբրիելյան

Եթե անկեղծ՝ ինձ թվում է՝ այս ամենն ինձ հետ չի կատարվում, բացարձակ չէի սպասում. Շատ տարօրինակ էր, որ մի քանի ժամ շուտ ծնունդս պետք է շնորհավորեին, որովհետեւ կա նման մի միտք, որ չի կարելի նախապես շնորհավորել: Հետո արդեն տեսա մատանին:

Եթե այսքան շատ վկաներով չլիներ, չէի հանրայնացնի իմ ամուսնությունը: Տեսակով ավելի ուշադրություն չսիրող մարդ եմ, որքան էլ տարօրինակ է ու չի համապատասխանում այն մասնագիտությանը, որն ընտրել եմ: Երբեւէ չեմ մտածել, որ նման ասպարեզի մարդու հետ պետք է կյանքս կապեմ, ու որ այդպես ստացվեց, էլ ավելի շատ առաջացավ այդ բարդույթը: Մենք նշանված չենք եղել, սա առաջին պաշտոնական նշանդրեքն է, եթե կարելի է այդպես ասել: Եթե անկեղծ՝ նույնիսկ այս մասին նոր բեմում իմացա:

Միհրան Ծառուկյանը եւ Արփի Գաբրիելյանը


«Հասկացա՝ ավելի լավ պահ չեմ գտնի». Միհրան Ծառուկյան

Անակնկալին երկար ժամանակ է, ինչ պատրաստվում էի: Հասկացա՝ մենահամերգից լավ պահ չեմ գտնի: Իսկապես անակնկալ էր. ոչ մեկը չգիտեր:

Միհրան Ծառուկյանը եւ Արփի Գաբրիելյանը


Շատ ջերմ հանդիսատես էր, անչափ շնորհակալ եմ: Սկզբում շատ հուզված էի, հետո այդ ջերմությունից ուժ ստացա եւ սկսեցի ավելի ազատ զգալ ինձ բեմում: Ուզում եմ շնորհակալություն հայտնեկ այն մարդկանց, ովքեր եկան եւ իմ օրը տոն դարձրին:

Ստացվեց այնպես, որ հենց այս տարվա այս օրը պլանավորեցի մենահամերգը, իսկ այսօր նաեւ Երիտասարդների միջազգային օրն է, ավելի լավ ընտրություն, կարծում եմ, չէի կարող անել: Որոշեցի մեր երիտաարդությանը լավ երեկո պարգեւել եւ հուսով եմ՝ ստացվել է:

Միհրան Ծառուկյանի մենահամերգին


Ամեն ինչ ստացվեց այնպես, ինչպես պատկերացրել էի: Շնորհակալ եմ Աստծուն, որ այսքան լավ անցավ համերգը: Եվ բոլոր այն մարդկանց, ովքեր չարչարվել եւ աշխատել են նախագծի շուրջ. եթե նրանք չլինեին, համերգը չէր կայանա:
Տեքստը՝ Կիմա Միրզոյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport