×


Սեւակ Խանաղյանը

«Դեպի եվրատեսիլյան» կրքերն ու Սեւակ Խանաղյանի խոսքը հաղթանակի առթիվ

«Քամի»՝ հենց այս երգով Հայաստանը կներկայանա մայիսին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում կայանալիք «Եվրատեսիլ 2018» միջազգային մրցույթին. մեր պատվիրակն է երգիչ Սեւակ Խանաղյանը:

Փետրվարի 25-ին տեղի ունեցավ «Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ փուլը, որտեղ միջազգային ժյուրիի եւ հեռուստադիտողների քվեարկության արդյունքում՝ ձայների 50/50 հարաբերակցությամբ, ընտրվեց հաղթողը: «Եվրատեսիլ»-ի ուղեգրի համար մրցում էր տասը մասնակից՝ Մհեր Արմենիան, Ռոբերտ Քոլոյանը, Գեւորգ Հարությունյանը, Լուսինե Մարդանյանը, «Նեմրա»-ն, Սեւակ Խանաղյանը, Ամալյա Մարգարյանը, «Կամիլ շոուն», Մարիամը եւ Հասմիկ Շիրոյանը: Իհարկե, մինչ մրցույթի ավարտը տարբեր վարկածներ էին շրջանառվում, թե ովքեր են ստանալու ամենաբարձր միավորները, բայց քվեարկության արդյունքն այնքան էլ չհամընկավ այդ կարծիքների հետ:

Սեւակ Խանաղյանը


Մհեր Արմենիան, օրինակ, ժյուրիի կողմից ստացավ ընդամենը 1 միավոր, իսկ Կամիլ շոուն` 2: Ամենաբարձր միավորները միջազգային ժյուրին հատկացրեց «Նեմրա» ռոք խմբին (10) եւ Սեւակ Խանաղյանին (12): Հեռուստադիտողի քվեարկության արդյունքները փոքր-ինչ տարբերվում էին. Մհերը ստացավ 6 միավոր, Նեմրան՝ 8, Կամիլ շոուն՝ 10, իսկ Սեւակը՝ 12: Այսինքն՝ «Դեպի Եվրատեսիլ»-ի բացարձակ առաջատարը՝ ժյուրիի եւ հեռուստադիտողների գնահատականներով, Սեւակ Խանաղյանն էր: Նա, ի դեպ, Հայաստանը ներկայացնող առաջին մասնակիցն է, որը «Եվրատեսիլ»-ի բեմում ողջ ընթացքում երգելու է հայերեն: Թե որքանով հասկանալի կամ հետաքրքիր կլինի եվրոպական լսարանին նրա կատարումը, ցույց կտան մայիսին կայանալիք մրցույթի արդյունքները:

«Դժվարանում եմ խոսել, որովհետեւ շատ հուզված եմ: Ուզում եմ մեծ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր եղել են իմ կողքին ու քվեարկել են իմ օգտին: Ազնվությունը միշտ հաղթում է: Շնորհակալություն»,- իր խոսքում ասաց Սեւակը՝ վերջին հաղթական ելույթից առաջ:

Նշենք, որ երեկ հայտարարվեց նաեւ մանկական «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի մասին: Առաջին ալիքը որոշում է կայացրել, որ փոքրերը եւս պետք է հնարավորություն ունենան մասնակցել ազգային ընտրությանը.«Հայաստանը փնտրում է իր 12-րդ մասնակցին, եւ ես մեծ ուրախությամբ ուզում եմ հայտարարել, որ մենք սկսում ենք մանկական «Դեպի Եվրատեսիլ» նախագիծը: Դրան կարող են մասնակցել 9-14 տարեկան ազգությամբ հայ բոլոր երեխաները՝ անկախ բնակության վայրից: Մասնակիցը պետք է ներկայանա իր ընտրած սեփական երգով, որը չպետք է գերազանցի 3 րոպեն: Հայտերն ընդունվում են մարտի 15-ից սկսած: Նկատենք, որ մենք մանկական Եվրատեսիլի ամենահաջողակ երկրներից ենք»,- ընդգծեց «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:

Հասմիկ Շիրոյանը


Ստորեւ ներկայացնում ենք նաեւ «Դեպի Եվրատեսիլ» նախագծի միջազգային ժյուրիի եւ հեռուստադիտողների քվեարկության արդյունքները.

Սեւակ Խանաղյան՝ 12 + 12
Նեմրա՝ 10 + 8
Ամալյա Մարգարյան՝ 8 + 7
Կամիլ շոու՝ 2 + 10
Հասմիկ Շիրոյան՝ 6 + 3
Մարիամ՝ 5 + 4
Լուսինե Մարդանյան՝ 7 + 1
Գևորգ Հարությունյան՝ 3 + 5
Մհեր Արմենիա՝ 1 + 6
Ռոբերտ Քոլոյան՝ 4 + 2

Հիշեցնենք, որ 63-րդ «Եվրատեսիլը» կանցկացվի Լիսաբոնում ՝ մայիսի 8-ին, 10-ին եւ 12-ին։ Մրցույթին կմասնակցի 43 երկրի ներկայացուցիչ։ Հայաստանը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչ փուլում:

Պատրաստեց Աստղիկ Իսկանդարյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Առաջին ալիքի




Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW