×


«Ես այդ քայլը ոչ մի պարագայում չէի անի». Ով է «Վերջին ուսուցիչը» սերիալում Աշոտի դերակատարը

Հանրային հեռուստաընկերության եթերում մեկնարկել է Վարդգես Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը» վիպակի հիման վրա նկարահանված համանուն հեռուստադրաման: Դպրոցականներից Աշոտին մարմնավորող Տիգրան Դոդորյանը BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է կերպարի հետ նմանությունների, իր երեք մասնագիտությունների եւ սիրելի դերասանների մասին: Նա նաեւ անկեղծացել է, թե ով է եղել իր «վերջին ուսուցիչը»:

Առաջին անգամ

«Վերջին ուսուցիչը» նկարահանվելու իմ առաջին փորձն է: Ընկերներիցս տեղեկացա, որ քասթինգ է լինելու եւ նրանց հետ գնացի: Առաջին անգամ փորձեցի այլ կերպար, որն այդքան էլ ինձ դուր չեկավ: Հետո, երբ ընկերոջս հետ գնացի, որ նա էլ մասնակցի քասթինգին, պետք էր մեկը, ով տեքստ կկարդար: Հենց այդ ժամանակ փորձեցի Աշոտի կերպարը, որը միանգամից ինձ գրավեց: Հենց առաջին օրվանից վստահ էի, որ անցել եմ, քանի որ այդ օրը շատ ակտիվ էի, բարձր տրամադրություն ունեի: Ամբողջ էներգիաս փոխանցեցի իրենց, հատկապես` ռեժիսոր Հայկ Կբեյանին: Նրանց զանգը սպասելի էր, միայն թե անհանգստանում էի՝ արդյոք Աշոտի դերն եմ խաղալու, թե՝ ոչ: Շատ ուրախ էի, երբ հասկացա, որ առաջին դերս իմ սրտով է:

Տիգրան Դոդորյանը


Զարմանալի նմանությունը

Մինչ քասթինգը Վարդգես Պետրոսյանի վեպը չէի կարդացել: Սկսեցի կարդալ դրանից հետո: Աշոտի կերպարը բնավորությամբ ինձ շատ նման է: Ունի խառը բնավորություն, չկողմնորոշվող է: Ֆիլմում կային այնպիսի դրվագներ, որոնք ինձ հետ նույնպես պատահել էին: Դա ինձ շատ օգնեց նկարահանումների ժամանակ: Ռեժիսորի կողմից դրված խնդիրները ավելի արագ ու հեշտ էի լուծում: Կարծում եմ՝ Աշոտը նամակ գրեց ոչ թե այն բանի համար, որ վատն է, այլ որովհետեւ տանը խնդիրներ ուներ՝ կապված հոր հետ: Ինչքան էլ բնավորությամբ նույնն ենք, ես այդ քայլը ոչ մի պարագայում չէի անի: Կգտնեի մեկ այլ տարբերակ` խնդրին լուծում տալու համար:

Վախ կա

Հեռուստադիտողի կողմից չընկալվելու վախ ունեի, քանի որ առաջին անգամ էի հայտնվելու էկրանին: Բայց հիմա այնքան լավ արձագանքներ եմ ստանում, նույնիսկ բացասական բնույթի մեկնաբանություն դեռ չեմ հանդիպել, գուցե կա, ես չեմ տեսել: Շնորհակալ եմ մեր հեռուստադիտողներին, որ սիրեցին մեզ: Հավատացեք, դեռ վախ կա, որ հեռուստադիտողը կարող է ինձ չսիրել:

«Վերջին ուսուցիչ չկա»

Դպրոցի վերջին տարիներին սովորել եմ քիմիակենսաբանական հոսքում, եւ իմ վերջին ուսուցիչը եղել է իմ շատ սիրելի Հասմիկ Ղազարյանը: Սակայն դպրոցն ավարտելով՝ մեր սովորելը չի վերջանում: Կյանքն ինքնին մի մեծ դպրոց է՝ իր բազմազան ուսուցիչներով: Դու ես ընտրում մարդկանց եւ այն հատկանիշները, որ պետք է սովորել: Մարդ ամեն տարիքում էլ ունի ուսուցչի կարիք, ով կարող է ճիշտ պահին ճիշտ խորհուրդ տալ: Իմ սուբյեկտիվ կարծիքն է` վերջին ուսուցիչ չկա:

Տիգրան Դոդորյանը


«Խորենի հետ շատ հեշտ է»

Շատ ուրախացա, երբ իմացա՝ խաղընկերս Խորեն Լեւոնյանն է լինելու: Նրանից շատ վարպետության դասեր եմ քաղել, որոնք հետագայում կօգտագործեմ իմ խաղի ընթացքում: Իրականում Խորենի հետ շատ հեշտ էր նկարահանվում ամեն դրվագ: Նրանից այնպիսի էներգիա էր գալիս, որ ամեն ինչ հեշտ ու արագ էր ստացվում:

Սիրելի դերասան

Երբ փոքր էի, շատ էի սիրում Միսթր Բինին եւ գրեթե ամեն օր դիտում էի նրա մասնակցությամբ ֆիլմերը: Իսկ հիմա շատ եմ սիրում ու հավանում Էդի Ռեդմեյնի խաղը: Ֆիլմերում նրա խաղն ինձ համար շատ լավ օրինակ է:

Ճանապարհ հարթելու համար

Դերասանին պետք է լինել շատ ակտիվ, աշխատել ինքդ քեզ վրա, ունենալ շատ էներգիա եւ այդ ամենի հետ մեկտեղ շարժվել սրտիդ թելադրանքով: Մարդկանց կարծիքները, իհարկե, պետք է լսել, բայց դրանցով առաջնորդվել պետք չէ: Ճիշտ է՝ այդ երկար ճանապարհին կլինեն նաեւ սխալներ, բայց երբ քո սեփական սխալների վրա ես սովորում, այդ սխալը հաջորդ անգամ չես կրկնի:


Դերասան, պարող, մոդել

Պարային առաջին քայլերս սկսել եմ փոքր տարիքում՝ «Ամբերդ» պարային համույթից: Արդեն «Բերդ» պարային անսամբլում էի, երբ ընդունվեցի համալսարան: Ժամանակս չէր հերիքում, եւ մի պահ պարը դադարի փուլում էր: Ուրախ եմ, որ հիմա նորից պարում եմ. «Ամարաս» պարային խմբի կազմում եմ: Մոդելինգով զբաղվում եմ արդեն 6 տարի: Հիմնականում նկարահանվում եմ գովազդներում: Սա իմ սիրելի աշխատանքներից է: Հույս ունեմ, որ հետագայում արտերկրից առաջարկներ կունենամ: Մեծ հաճույքով կմեկնեմ, քանի որ արդեն մեկ անգամ զբաղվածության պատճառով մերժել եմ նման մի առաջարկ:

Նոր առաջարկներ

Արդեն նկարահանվել եմ նաեւ 16 մասանոց մեկ այլ ֆիլմում: Այն կցուցադրվի այս ամիս, կոչվում է «Անատոլիական պատմություն»: Կերպարիս անունը Հայկ է, ով ուսանող է: Կարելի է ասել՝ դպրոցն ավարտեցի ու գնացի համալսարան (Ծիծաղում է,-հեղ.): Խաղացել եմ նաեւ Մնջախաղի պետական թատրոնում, բայց հիմա ավելի շատ կենտրոնացած եմ դիպլոմային աշխատանքիս վրա, քանի որ Թատերական համալսարանի վերջին կուրսում եմ:

Զրուցեց Մարիամ Խաչատրյանը/Bravo.am/
Լուսանկարները` Տիգրանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport