×


«Ես եւ Հովհաննեսը շատ լավ հարաբերություններ ունենք». Մերի Մարտիրոսյան

Մերի Մարտիրոսյանն իր պորտֆոլիոն հարստացրել է գեղեցիկ նոր լուսանկարներով: Նա լուսանկարներն առաջինը տրամադրել է BRAVO.am-ին: Առիթն օգտագործելով՝ նաեւ զրուցել ենք նրա հետ տարբեր թեմաների շուրջ:

«Ֆոտոշարքի վայրն ընտրել է լուսանկարիչը, իսկ ոճն ու դիմահարդարումն իմն են: Լուսանկարներն արվել են «սթրիթ սթայլ» ոճում, նաեւ երեկոյան ոճի մեջ՝ արդեն ստուդիայում: Կարծում եմ՝ գեղեցիկ է ստացվել»,-նշել է նա:


Մերին աշխատում է իր մասնագիտությամբ՝ դիմահարդար է, իսկ ազատ ժամանակը նախընտրում է անցկացնել դուստրերի հետ.«Տեսակով հանգիստ չեմ, աշխույժ եմ, ներողամիտ եմ, բարի եմ, ջերմ եմ: Շատ նախասիրություններ ունեմ, բայց բուն աշխատանքս թույլ չի տալիս դրանցով զբաղվելու ժամանակ գտնել»:

Խոսելով իր եւ նախկին ամուսնու՝ դերասան Հովհաննես Ազոյանի հարաբերությունների մասին՝ Մերին ասել է, որ դրանք բավական ջերմ են.«Ես եւ Հովհաննեսը շատ լավ հարաբերություններ ունենք: Իմ կյանքում բաժանումից հետո առանձնապես ոչինչ չի փոխվել, միայն փաստաթղթային կարգավիճակն է փոխվել: Երեխաների դաստիարակման գործում ինձ երբեք մենակ չեմ զգացել: Մեր հայրիկը մեր կյանքում միշտ կա, եւ երկուսով ենք դաստիարակում երեխաներին: Տատիկներն ու պապիկներն էլ են օգնում»:

Մերի Մարտիրոսյանը


Մերին նաեւ նշել է, որ բաժանվելու որոշում կայացնելը հեշտ չէր.«Իհարկե, դժվար էր: Կյանքում սովորական, առօրյա որոշումներն ենք դժվար կայացնում, էլ ուր մնաց նման որոշումը: Բարդ ժամանակահատված էր: Յուրաքանչյուրի կյանքում դժվարություններ կարող են լինել, բայց եթե կինը կայացած է, ունի իր աշխատանքը եւ որպես մարդ էլ է կայացած, կարծում եմ՝ այդ դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում, ինչպես իմ դեպքում եղավ: Դա մարդն է ստեղծում: Դժվարություններ կարող են լինել, բայց դու չպետք է կորցնես քո ներքին խաղաղությունը: Միշտ ներդաշնակ եմ եղել ինքս ինձ հետ»:

Անդրադառնալով հանրային կարծիքին՝ նա ասել է, որ շատ անգամ անտեսում է այն. «Կապ չունի՝ դու մենակ ես ապրում, թե ամուսնացած ես, հասարակությունը միշտ ունի իր կարծիքը: Դրա համար աշխատում եմ ոչ թե արհամարհել, այլ ուղղակի անտեսել: Մարդիկ ապրում են իրենց կյանքով, ես էլ՝ իմ: Ինքս եմ կայացնում իմ որոշումները, ոչ թե հասարակությունը»:

Տեքստը՝ Մարիամ Խաչատրյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Տիգրան Մարտիրոսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին